Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-10 19:01
Սպորտ

Եթե մեկը պարտվում է, չի նշանակում որ պատվի հարց է. Սարգիս Հովսեփյան

Եթե մեկը պարտվում է, չի նշանակում որ պատվի հարց է. Սարգիս Հովսեփյան

Վաղը՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Ալբանիայի հետ։ Այսօր տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի ասուլիսը։

-Նշել էիք, որ Ձեզ համար հիմա կարևորը լավ խաղն է։ Գոհ կլինե՞ք, եթե վաղը լավ խաղ ցուցադրենք, բայց պարտվենք։

 -Հնարավոր է` այո, քանի որ մենք խնդիրներ չունենք լուծելու մրցաշարային աղյուսակում։ Եթե լավ խաղանք, կարող ենք նաև պարտվել։ Չկա հավաքական, որը չի պարտվում։ Ոչ ոք չի կարող ասել, որ իր թիմն անպայման հաթելու է։ Մեր վերջին խաղն է, և շատ ենք ցանկանում հաղթել սեփական հարկի տակ։

-Ինչո՞վ էր պայմանավորված Վարդան Պողոսյանի` խաղադաշտ դուրս գալը։

 - Ինձ պետք էր տեսնել, թե ինչպես կդրսևորեն նորեկներն իրենց այդպիսի հավաքականի հետ խաղում։ Ընկերական խաղերը դրանով են լավ, որ մարզիչը տեսնի, թե ինչ ապագա ունի այդ ֆուտբոլիստը։ Ֆուտբոլիստներ կային, որ իրենց ընդհանրապես կորցրեցին խաղադաշտում։ Մեզ մոտ կան ֆուտբոլիստներ, որ տարվա ընթացքում 2 այդպիսի մակարդակի խաղ են խաղում։ Հնարավոր է` նրանց խաղը լավ չստացվեց, բայց դա փորձ է։ Շտապել պետք չէ, որ ասենք նրա խաղը չստացվեց և այլևս չհրավիրել։

 -Ալբանացիներին անպայման հաղթանակ է պետք Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար, իսկ Ձեզ`միայն պատիվը փրկելու համար։

-Եկեք այդպիսի խոսքեր չասենք։ Եթե մեկը պարտվում է, չի նշանակում, որ պատվի հարց է։ Իհարկե շատ ենք ուզում հաղթել և ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք։ Պետք չէ ամպագոռգոռ խոսքեր ասել, քանի որ սա սպորտ է։ Ցանկացած մարզիկ կարող է պարտվել, բայց դա չի նշանակում որ կորցրել են պատիվը։

 - Ձեր ասուլիսներից մեկում նշել էիք, որ Դուք միշտ լավն եք տեսնում։ Ո՞րն էր այդ լավը Ֆրանսիայի հետ խաղում։

 -Եթե նայել եք առաջին խաղակեսը, ապա պետք է տեսնեիք լավը։ Առաջին խաղակեսում մենք ավելի ռեալ պահեր ունեինք։ Փոփոխություններից հետո մեր խաղի տեմպն ընկավ։ Քանի որ մեր ֆուտբոլիստները չկարողացան դիմակայել ֆրանսիացիներին։ Այդ պատճառով երկրորդ խաղակեսում մեր խաղը չստացվեց, և պարտվեցինք 4։0 հաշվով։ Եթե մեր բախտը ժպտար, և առաջինը մենք գոլ խփեինք, ապա ամեն ինչ լավ կդասավորվեր։