կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 18:42
Սպորտ

Տղաները պատրաստ են․ վաղը խաղադաշտում կտեսնեք․ Սարգիս Հովսեփյան

Տղաները պատրաստ են․ վաղը խաղադաշտում կտեսնեք․ Սարգիս Հովսեփյան

Հայաստանի հավաքականի մարզումից առաջ լրագրողներին հանդիպեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանն ու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

«Առաջին խաղն է, մի փոքր հուզմունք կա, բայց ամեն ինչ անելու եմ, որ օգնեմ իմ թիմին։

Բոլորս էլ գիտենք, որ Պորտուգալիան շատ ուժեղ է, բայց մենք գիտենք մրցակցի թույլ և ուժեղ կողմերը և ամեն ինչ անելու ենք որ արդարացնենք մարզչի աշխատանքը»,- հայտարարեց Զավեն Բադոյանը։

Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին․

-Ինչու՞  հավաքական չի հրավիրվել Արթուր Եդիգարյանը:

-Ամեն մարզիչ ունի իր մտահաղացումը։ Ես իմ մտահաղացումներն ունեմ փորձում եմ այն ինչ օգուտ կտա մեր հավաքականին։ Ամեն մարզիչ տարբեր կերպ է մտածում։ Եթե ես չհրավիրեի այլ ֆուտբոլիստի, ապա  նույն հարցը տալու էիք տվյալ ֆուտբոլիստի համար։ Եկեք հավատանք մարզչին, տվյալ դեպքում ես եմ մարզիչը, և ես եմ որոշում ում հրավիրեմ հավաքական,  այլ կերպ լինել չի կարող։  

 -Ի՞նչ խնդիրներ կունենաք վաղվա խաղում:  

-Մենք կփորձենք բոլոր խնդիրները լուծել և չէի ուզենա այդ ամենը բացահայտել։ Հավատացնում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստի դեմ հնարավոր է խաղալ։ Պետք է գտնենք նրանց թույլ կողմերը։ Մենք առաջին անգամը չէ, որ խաղում ենք Պորտուգալիայի հետ։ Նախորդ խաղերում դրական արդյունքներ գրանցել ենք։

Թե Կառլեն Մկրտչյանը և  թե Լևոն Հայրապետյանը լավ մարզավիճակում են։  Տղաները մաքսիմալ պատրաստ են։ Վաղը խաղադաշտում կտեսնեք և  կհամոզվեք։

-Ի՞նչ սպասելիք ունեք վաղվա խաղից։

-Սպասելիքը մեկն է, գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, որ երկրպագուներին դուր գա, եթե գեղեցիկ ֆուտբոլ խաղանք ապա արդյունքը կտեսնենք։ Մրցակցի թիմից ոչ մեկին չեմ առանձնացնում։ Բոլորին էլ պետք է վերահսկել։

 -Ի՞նչ մարտավարությամբ է խաղալու Հայաստանի հավաքականը։

-Ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող պատասխանել ձեր հարցին։ Չեմ ցանկանում մրցակցի առաջ բացել մեր խաղաքարտերը։ Վաղը կտեսնեք, թե ինչպիսի ֆուտբոլ կխաղա Հայաստանի հավաքականը։