կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 18:27
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրի Կոտենոկ․ Արցախի պաշտպանությանն աջակցելն ինձ համար պատվի հարց է

Հենց խաչը բերեց ինձ Արցախ՝ Yerkir.am-ին պատմեց ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը, որը հրաշքով մահից է փրկվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու՝ Ադրբեջանի զինուժի կողմից հրթիռակոծության ժամանակ և այժմ բուժում է ստանում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Ռազմական լրագրողի կրծքի կենտրոնում խաչ է դաջված։ Նա ասաց, որ դա ոչ թե դաջվածք է, այլ ամենաիսկական խաչ է, նույնիսկ օծված։ Այդ խաչի հետ կապված պատմություն կա և նա դա միանգամայն գիտակցաբար է դաջել իր կրծքին դեռ Չեչնիայում առաջին պատերազմը լուսաբանելիս։ Այնտեղ նա լսել է Ժենյա Ռոդիոնովի պատմությունը, որի գլուխը կտրել էին այն բանի համար, որ հրաժարվել էր հանել խաչը։ Եվ երբ ինքը խոսում էր նրա մոր հետ Գրոզնիում, որդու մարմինը նրան դեռ չէին տվել։

«Ես հիշում եմ նրան, ես նրան լուսանկարել եմ։ Այսպիսի փոքրիկ, վախեցած կին էր, գիտեք, մկնիկի նման։ Նա փնտրում էր որդու մարմինը։ Նա ընկել էր այդ դաշտային հրամանատարների ոտքերը, խնդրում էր։ Ի վերջո, նրան տվեցին որդու մարմինը․․․ առանց գլխի։ Գլուխն առանձին տվեցին։ Նա տուն էր տանում այդ որդու գլուխը գնացքով։ Նրան քիչ էր մնացել իջեցնեին գնացքից, քանի որ հոտ էր տարածվել։ Դա սարսափելի պատմություն է։ Եվ գիտեք, որպեսզի իմ վրայից ոչ ոք երբեք չփորձի հանել խաչը, ես ուղղակի այն իմ մարմնին եմ կպցրել»,-ասաց Յուրի Կոտենոկը։

Այժմ խաչը միշտ նրա հետ է և հենց դա էլ ամենագլխավոր ու առաջնային դերն է խաղացել ռազմական լրագրողի՝ Արցախ գնալու հարցում։ Նա ասաց, որ, երբեք չլինելով Հայաստանում կամ Արցախում, հստակ գիտակցում էր՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ է պաշտպանությունը, որտեղ է իրականությունն ու որտեղ է սուտը։ Իսկ այն, ինչ իրենց հետ պատահեց, միայն հաստատել է նրա մտավախությունը, թե ինչպիսի թշնամի է հակառակ կողմում։ Իր համոզումն է, որ վերջին օրերն են մոտենում և Քրիստոսի թշնամիները միավորվում են տարբեր դրոշների ներքո։ Եվ հայ ժողովուրդը՝ հնագույն քրիստոնեական ժողովուրդը, առաջին զոհն է դառնում այդ ճանապարհին։

«Մենք գիտենք, որ նրանց հիմնական թիրախը Ռուսաստանն է՝ իր հսկայական հարստություններով, իր տարածքով, և թող ոչ մեկին չխաբեն, թե՝ Ռուսատանն այնտեղ, հեռվում է, որ դա մեր պատերազմը չէ։ Ռուսաստանում շատերն ասում են, որ մենք պետք է չխառնվենք, չեզոքություն պահենք։ Քաղաքական տեսանկյունից՝ միգուցե այդտեղ տրամաբանություն կա՝ չխառնվել, քանի որ արյուն է հեղվում, գլխավորը պատերազմը դադարեցնելն է։ Բայց խղճի տեսանկյունից, բարոյականության տեսանկյունից, հոգու տեսանկյունից մենք չենք կարող պարզապես անցնել կողքով, մենք չենք կարող աչք փակել, երբ սպանում են խաղաղ բնակիչներին»,-ասաց նա։

Յուրի Կոտենոկը համարում է, որ Ռուսատանը պետք է արձագանքի, եթե ոչ ուղիղ միջամտության տեսքով, այլև հազար ու մի միջոց կա ագրեսորի վրա ազդելու համար։ Ագրեսորը, Կոտենոկի համոզմամբ, կոլեկտիվ է, դա պարզապես Բաքվի խելահեղ ռեժիմը չէ, դա Էրդողանի՝ ոչ պակաս սանձարձակված ռեժիմն է, դա նրա ամբիցիներն են որպես նոր սուլթան, որպես նոր խալիֆ, դա նոր Թուրան կառուցելու ամբիցիաներն են և, առավել ևս, պատմական Ռուսաստանի տարածքում։ Ռազմական լրագրողը վստահ է, որ սա շատ մեծ վտանգ է, այն չպետք է արհամարհել։

Թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին սիրաշահելու և երկուսի հետ էլ հավասարապես ռազմատեխնիկական համագործակցություն ունենալու՝ Ռուսաստանի քաղաքականությունը, Յուրի Պետրովիչի անձնական կարծիքով, պետք է դադարեցվի։ Քանի որ, նրա համոզմամբ, զինելով այն կողմին, որն ակնհայտորեն ագրեսիվ հարձակողական գործողություններ է իրականացնում, Ռուսաստանը հրահրում է սպանություններ։ Թեև լրագրողն ասում է՝ ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ ռուսներն են մեղավոր այս կոտորածում։  

«Իմ կարծիքով, հնարավոր չէ համագործակցել բոլորի հետ ու լավը լինել բոլորի համար։ Որովհետև մեր մահկանացու աշխարհում գոյություն ունեն բարի և չար, այդ պատճառով էլ, համագործակցելով բոլորի հետ, մենք կանգնում ենք «դեմքը կորցնելու» մեծ վտանգի առջև։ Այս պատճառով էլ ես համարում եմ, որ պետք է ուշադիր լինել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցում, պետք է հետևել ադրբեջանցի քաղաքական, հասարակական գործիչների,  լրագրողների առանձին հայտարարություններին հայ և ռուս ժողովուրդների մասին։ Համենայն դեպս, Ալիևի հայտարարությունները, նրա Հռչակագիրը դա մարդկային ցեղի ամոթն են»,-ասաց Կոտենոկը։

Յուրի Պետրովիչի տեսանկյունից, Ադրբեջանն այսօր հակառուսական քաղաքականություն է վարում, նա վերածվում է Թուրքիայի առանձին նահանգի։ Ադրբեջանում գտնվում են թուրք զինվորականներ, նրանք մեծ հավակնություններ ունեն Կասպից ծովի նկատմամբ, դա ուղիղ սպառնալիք է ռուսական տարածքների հանդեպ։

«Եվ հենց այդ թուրքադրբեջանական միավորումն էլ Մեծ Թուրան ստեղծելու շրջանակում է։ Նրանք դա չեն էլ թաքցնում։ Այդ պատճառով էլ մենք, իհարկե, չպետք է արձագանքենք այնպես, ինչպես արձագանքում ենք։ Պետք է լինի հստակ, պարզ, գործուն դիրքորոշում»,-ասաց ռազմական լրագրողը։

Նրա տեսանկյունից, Ռուսաստանի ազդեցության տարածքը նեղանում է «շագրենի կաշվի» նման, Ռուսաստանին չի բավարարում կայսերականությունը, անում է հայտարարություններ, բայց դրանք իրական գործի վերածելու հարցում խնդիրներ ունի։

Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքական էլիտաների միջև անհասկացվածություն կա՝ արձանագրում է ռուս լրագրողը, հատկապես Հայաստանում իշխանափոխությունից հետո․ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, չեն կարողանում պայմանավորվել,  չեն կարողանում հասկանալ միմյանց գործողությունների տրամաբանությունը և դրանից տուժում են հասարակ ժողովուրդները՝ ռուս և հայ, քաղաքական գործիչների գործողություններից կամ անգործությունից։

Յուրի Կոտենոկի համար ակնհայտ է, որ ադրբեջանցիներից թուրք սարքելու ուղղորդված քաղաքականություն է գնում․ «Հիմա շատ մոդայիկ է, Ռուսաստանի ադրբեջանական համայնքներում էլ ասում են՝ մենք թուրք ենք, մենք ադրբեջանցի չենք, նրանց մոտ ինքնության փոփոխություն է տեղի ունենում»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ արցախցիները ադրբեջանցիներին միշտ են կոչել «թուրքեր», Յուրի Պետրովիչը արձագանքեց՝ դե գիտեք, ղարաբաղցիները միշտ մի քանի քայլ առաջ են նայում։ Նա վստահեցրեց, որ այն մի քանի ժամում, որն անց է կացրել Արցախում և շփվել տեղի բնակիչների հետ, հասցրել է նկատել, որ նրանք ուրիշ են, արցախցիները կռվող են, նրանք այսպես աննկատ են, համեստ են, հետաքրքիր տիպաժներ են։ Կոտենոկը համարում է, որ Արցախն այսօր շատ բանով Հայաստանի սիրտն է, քանի որ Արցախի ճակատագրից կախված է Հայաստանի հետագա ճակատագիրը։ Ռազմական լրագրողի դիտարկմամբ՝ եթե այդ սահմանը տանուլ տանք, տեղի կունենա 21-րդ դարի ամենաահավոր անարդարություններից մեկը՝ փաստացի կկրկնվի Ցեղասպանությունը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր սահմաններին իջեցվեն հարյուր-հազարավոր մարդիկ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանի տարածք, դա հսկայական վտանգ է և այդ ուժը կկիրառվի ոչ միայն հայ ժողովրդի դեմ»,-ասաց նա։

Յուրի Կոտենոկը Արցախում վիրավորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա ուղղված երկրորդ արկից։ Պատմում է, որ Ստեփանակերտ էին գնում, շտապում էին, որ այնտեղ և՛ զրահաբաճկոն, և՛ սաղավարտ ստանան։ Բայց լսեցին, որ հարվածել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն և ուղղակի չէին կարող այնտեղ չմտնել։ Երբ մոտեցան, քաղաքը, վերևից հարվածներից հետո, փաստացի դատարկ էր, քանի որ մարդիկ նկուղներում թաքնված էին։ Բայց տաճարի քահանան՝ Տեր Անդրեասը, զգուշացրեց, ասաց՝ այստեղ մշտապես անօդաչու սարք է կախված։ Այսինքն, գիտեին, որ հենց տաճարը, հենց տաճարի դիմացի հրապարակը փաստացի թիրախավորված են։

Ռազմական լրագրողը վստահեցնում է՝ դա գիտակցված հարված է եղել, այսինքն, նրանք հարվածներ են հասցնում քրիստոնեական տաճարներին։ Նա չի բացառում, որ թուրք օպերատոր է նստած եղել, ուղղակի թուրք և ԱԹՍ-ն էլ թուրքական է եղել, իսկ նրանք թքած ունեն՝ խա՞չ է, թե՞ ոչ։ Նրանք տեսել են, որ այնտեղ մարդիկ են հավաքվում և հարված են հասցրել։ Եվ օպերատորը, խնամքով, այդ կառավարվող զենքը մտցրել է եկեղեցու գմբեթին առաջին հարվածից բացված անցքի մեջ։ Եվ այդ արկը պայթել է այնտեղ, իրենցից մի քանի մետր հեռավորությամբ։

«Դա շատ ծանր բան էր և, կարծում եմ, միայն Աստծո օգնությամբ ես ողջ մնացի։ Քանի որ հարվածի ալիքն ինձ չորս մետր հեռու նետեց։ Մեծ վերք էր, ես գիտակցությունս չէի կորցրել։ Երբ բացեցի աչքերս, ընկած էի։ Փորձեցի վեր կենալ, անհնար էր։ Բարձրացրի ձեռքերս՝ սարսափելի վերքեր էին, ես տեսնում էի իմ ոսկորները, արյուն էր կաթում։ Ծուխ էր։ Իմ ընկեր Լևոն Արզանովը պառկած էր կողքիս։  Գիտեք, սարսափելի ցավ էր, ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել, անտանելի էր այնքան, որ թվում էր, թե միսդ ու ոսկորդ առանձնացնում են ինչ-որ աքցաններով։ Բազմաթիվ վերքեր էին, խոցվել էր ամեն ինչ՝ թոքս, մեջքս, ոտքերս․․․ և միայն գլուխս, փառք Աստծո, անվնաս էր մնացել»,-պատմեց Յուրի Կոտենոկը։

Նա ասաց, որ այդպիսի պահերին վախն արդեն էական չէ, էական է այդ վախը հաղթահարելը, կարևոր է մարդ մնալը պատերազմի մեջ, և կարևոր է՝ ուղղակի անցնելը այդ ամենի միջով ու չկոտրվելը և, իհարկե, քո խնդիրը կատարելը։ Երբ մնում է դուխը, երբ մնում են կռվողները, մենք բոլորս դրանից միայն շահում ենք և մենք մի աստիճան ավելի բարձր ենք կանգնում, քան մեր հակառակորդն է։ Սա, ռազմական լրագրող Կոտենոկի համար, ազարտ չէ, սա խաղ չէ մահվան հետ, առնվազն այն պատճառով, որ դրանից հետո չի լինում էյֆորիա։

Արցախի պաշտպանությանն աջակցելն ինձ համար պատվի հարց է՝ ասում է Յուրի Կոտենոկը։ Վստահ է, որ անպայման վերադառնալու է Արցախ՝ պարտք է մնացել ադրբեջանցիներին։

Աննա Բալյան