կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 12:32
Սպորտ

Սերբիա-Հայաստան. պատվի հարց` 2 հավաքականների համար

Սերբիա-Հայաստան. պատվի հարց`  2 հավաքականների  համար

Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում Հայաստանի և Սերբիայի հավաքականները եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Սերբիայի հավաքականն այլևս հնարավորություն չունի պայքարելու Եվրո-2016-ի ուղեգրի համար, իսկ Հայաստանի ընտրանին տեսականորեն չնչին շանսեր ունի:  Անցկացրած 5 խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի 1 միավոր: Սերբերը նույնպես մեկ ոչ-ոքի են խաղացել և պարտվել մնացած 4 խաղերում, սակայն, ի տարբերություն մեր հավաքականի, Ալբանիայի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով Սերբիայի ընտրանուց հանվել է 3 միավոր, և հիմա սերբերը, իրենց ակտիվում ունենալով -2 միավոր, եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Ընտրական փուլի մեկնարկային 2 խաղերից հետո երկրպագուները շարունակում էին հավատալ Հայաստանի հավաքականի վերջնական հաջողությանը` ձեռք բերել Եվրոպայի առաջնության ուղեգիր, սակայն «շալանդյան» հայտնի մարտավարությունը ոչ մի դրական արդյունք չտվեց մեր հավաքականին: Առաջին խաղում պարտվելով Դանիայի հավաքականին` Հայաստանի ընտրանին Երևանում ոչ-ոքի խաղաց Սերբիայի հետ, այնուհետև հետևեցին պարտություններ Պորտուգալիայի (1:0, 2:3) և Ալբանիայի (2:1)  հավաքականներից:

Ընտրական փուլի մեկնարկից առաջ Սերբիայի հավաքականը գլխավորեց հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը: Ի սկզբանե Ադվոկատի առջև խնդիր էր դրված` հավաքականին դուրս բերել Եվրոպայի 2016 թվականի եզրափակիչ փուլ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի հավաքականի և Բեռնար Շալանդի պարագայում:

Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ` Սերբիայի ընտրանին Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց Հայաստանի հավաքականի հետ (սերբերը միայն վերջին րոպեներին խփեցին պատասխան գոլը), այնուհետև Ալբանիայի հետ սեփական հարկի տակ տեղի ունեցած խաղում հայտնի միջադեպի պատճառով 3:0 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց, որից հետո Ադվոկատը պաշտոնանկ արվեց: Սերբիայի հավաքականն այժմ գլխավորում է  Ռադովան Ցուրիցչը, որի գլխավորությամբ երկրի` մինչև 20 տարեկանների հավաքականն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն: Սակայն Ադվոկատի պաշտոնանկությունից հետո սերբերը դեռևս չեն վերագտել իրենց խաղը. նոր մարզչի գլխավորությամբ պարտվել են 2 խաղում (Սերբիա-Դանիա՝ 0:2,  Պորտուգալիա- Սերբիա ՝ 2:1):

Սերբիա-Հայաստան խաղը 2 թիմերի համար էլ պատվի հարց է, քանի որ 2 հավաքականներն էլ մրցաշարային աղյուսակում բարձր տեղերի համար այլևս չեն կարող պայքարել:  Երկու թիմերն էլ կփորձեն առաջին հաղթանակը տոնել ընտրական այս մրցաշարում: Հայաստանը տեսականորեն շանսեր ունի զբաղեցնելու 3-րդ հորիզոնականը, սակայն այդ շանսերը չնչին են: 

Հարկ է նշել, որ բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում տանտերերին, որոնց հաղթանակի համար սահմանվել է միջինը 1,4 գործակից, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 7 գործակցով:

Այնուամենայնիվ, չմոռանանք, որ Հայաստանի հավաքականն անհամեմատ լավ է հանդես գալիս արտագնա խաղերում, հատկապես` այն ժամանակ, երբ ավելորդ լարվածություն և ճնշում չի լինում թիմի ֆուտբոլիստների վրա: Հանդիպումը կանցնի առանց հանդիսականների, որը նույնպես իր բացասական հոգեբանական ազդեցությունը կարող է թողնել տանտերերի վրա:  

Ինչևէ, հաղթենք, թե պարտվենք, գրեթե կասկած չկա, որ 2016-ին չենք լինելու Ֆրանսիայում, իսկ թե ընտրական փուլի ավարտից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում Սարգիս Հովսեփյանին և հավաքականին, սա թերևս շարունակում է մնալ ամենաշատ քննարկվող հարցը:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ