կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 17:20
Քաղաքական

Պուտինի համար սա պատվի հարց է, եւ այդ հարցը լուծվելու է

Պուտինի համար սա պատվի հարց է, եւ այդ հարցը լուծվելու է

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթուղթ ոչ ոք չի տեսել, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին սեպտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ ոչ ոք ներսում չի եղել, բայց որոշ մարդիկ սկսում են խոսել ամեն ինչից: Այս մասին Yerkir.am-ին ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը' անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին ու դրա ընթացքում դրսեւորվող երեւույթներին:

 

ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետերի տեղադրման հարցի շրջանառման առնչությամբ էլ Շիրինյանը նշեց, թե այդ հարցում մի մեծ վտանգ է տեսնում. «Իհարկե, հասկանում եմ, որ Եվրոպան շատ լավ է, նորմալ մարդը ինչպե՞ս կարող է Եվրոպայի առավելությունները չհասկանալ, բայց ես կարծում եմ, որ այս վիճակում, երբ Ռուսաստանն ինքն էլ, հավանաբար, հետեւողական չէ Հայաստանի անդամակցության հարցում, այստեղ պետք է ռուս-հայկական հարաբերությունների ճիշտ ընթացքը հասկանանք ու չթողնենք, որ լրացուցիչ բարդություններ առաջանան այդ հարաբերություններում: Ես մի բանում վստահ եմ' Պուտինի համար սա պատվի հարց է, եւ այդ հարցը լուծվելու է: Ուրեմն ավելորդ աղմուկը ես չեմ ընդունում, չեմ ընդունում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հստակ հայտարարությունը, ինքն ի՞նչ գիտի, ո՞ր աղբյուրից գիտի, որ մաքսակետեր անպայման պիտի տեղադրվեն: Սա տեխնիկական հարց չէ, ինքը բլեֆ է անում, ինչպես շատերն են անում»,- ասաց քաղաքագետը:

 

Շիրինանաը համոզմունք հայտնեց, որ հատկապես ներկայիս լարված իրավիճակում, մենք պետք է մի քիչ ավելի խոհեմ լինենք, հասկանանք մանրուքներն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները սրացման չտանենք: Նա շեշտեց, թե ինքը վստահ է մի հարցում' լինելու է այնպես, ինչպես Ռուսաստանն է ուզում:

 

«Եթե ինձ չեք հավատում, Ուկրաինային նայեք' Ուկրաինայում լինում է ճիշտ այնպես, ինչպես Պուտինն ուզել է: Հիմա ենթադրենք' Հայաստանն այդ պայմաններին չէր համաձայնում, այս մարդիկ պատկերացնո՞ւմ են' այս երկրի վիճակն ինչ էր լինելու, թե՞ իրենք արտասահմանում տներ ու տեղեր ունեն... Հիմա հարցն ինչում է, ես հստակ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Պուտինի միջեւ եղել է խոսակցություն, եւ որոշակի երաշխիքներ են տրված: Ուրիշ կերպ հնարավոր չէ, որ լիներ: Ուկրաինան չհամաձայնեց Պուտինի առաջարկություններին, հիմա ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, որ Ուկրաինա կա...»,- վերջում ընդգծեց Լեւոն Շիրինյանը: