Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես է եկել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ: «Ես անթույլատրելի եմ համարում, երբ գնդակոծվում է Հայաստանի տարածքը, երբ խաղաղ բնակավայրերը գնդակոծվում են ծանր զինատեսակով: Սա բացարձակապես ընդունելի չէ: Անհանգստացնում է, որ ՀԱՊԿ խորհրդի, անդամ-պետությունների ղեկավարների, արտգործնախարարների կողմից վերջին շրջանում արված հայտարարություններին ձեր հարևանները, փաստորեն, չարձագանքեցին»,-ասել է նա:
Թվում է` Բորդյուժան վերջապես ասաց այն, ինչ ՀԱՊԿ-ից սպասում էր հայաստանյան հասարակությունն ու իշխանությունը: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը օրերս սրտնեղել էր, թե կազմակերպությունը նույնիսկ մարդկայնորեն աջակցություն չի հայտնում Հայաստանին: Բորդյուժան այս հայտարարությունն արեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Վերջինս, հավանաբար, բարձրացրել է ՀԱՊԿ-ից ինչ-որ արձագանք հնչեցնելու անհրաժեշտության հարցը: Եվ ըստ էության` Բորդյուժան սրանով ֆորմալ առումով կատարեց ՀՀ նախագահի և ԶՈՒ ԳՇ պետի հորդորները: Սակայն եթե վերլուծենք այն կոնտեքստը, որի շրջանակներում արվեց այս հայտարարությունը, ավելի ճիշտ կլիներ` չկատարեր ընդհանրապես: Որովհետև, Բորդյուժան փաստացի եկել էր մեզ հասկացնելու, որ ՀԱՊԿ-ի վրա Հայաստանում հանկարծ հույս չդնեն:
Նախ` տարօրինակ է, թե «ՀԱՊԿ խորհրդի, կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների, արտգործնախարարների կողմից վերջին շրջանում արված» այդ ո՞ր հայտարարություններին է, որ մեր հարևանները, այսինքն Ադրբեջանը, չի արձագանքել: Եթե «հայտարարություն» ասելով Բորդյուժան ի նկատի ունի անդամ երկրների անխտիր բոլոր նախագահների, արտգործնախարարների դրսևորած լռությունը, որն, ինչ խոսք, ևս դիրքորոշում է, ընդ որում` այս դեպքում ավելի քան խոսուն, ապա Ադրբեջանը դրան արձագանքել է լիարժեքորեն` ծանր հրետանու, հաուբիցների լեզվով` հրետակոծության թիրախ դարձնելով թե հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը, թե սահմանից կիլոմետրերով հեռու քաղաքաներն ու ռազմական օբյեկտները: Բայց խնդիրն անգամ դա չէ: Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգության ապահովման ՀԱՊԿ պարտավորությունների կատարմանը, Բորդյուժան ասում է. «ՀԱՊԿ ուժային, քաղաքական ներուժը գործի է դրվում այն դեպքում, երբ անդամ-պետությունը այլևս ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը և կայունությունը: Այդ ժամանակ այն դիմում է իր դաշնակիցներին, ու ելնելով նորմատիվային փաստաթղթերից՝ դաշնակիցները որոշում են կայացնում օժանդակության բնույթի մասին՝ դա կա՛մ քաղաքական, կա՛մ նյութական, տեխնիկական-ֆինանսական, կա՛մ ռազմական աջակցություն է: Աջակցության բնույթը կախված է ՀԱՊԿ խորհրդի որոշումից»:
Ավելի պարզ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, փաստորեն, նշում է, որ այն օրը, երբ Հայաստանը օգնության համար պաշտոնապես կդիմի ՀԱՊԿ-ին, կնշանակի, որ այն այլևս ի վիճակի չէ ապահովելու իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Այսինքն եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն, այսինքն Հայաստանը, ենթադրենք, կանգնած չէ վերջնական կապիտուլյացիայի շեմին և Երևանը հակառակորդի հրետակոծությունից փլատակների չի վերածվել, ՀԱՊԿ-ն մատը մատիչն չի խփելու: Իսկ խփելու դեպքում էլ դեռ պետք է որոշվի` օգնությունն ինչպիսին կլինի, կամ կլինի՞ արդյոք ընդհանրապես, թե՞ ոչ: Որովհետև փաստորեն, չի բացառվում, որ Նազարբաևը և Լուկաշենկոն, (համարենք, որ Վլադիմիր Պուտինը մեր ջերմ բարեկամն է) անգամ այդ կրիտիկական պահին որոշեն, որ օգնելու կարիք Հայաստանը չունի կամ էլ Ադրբեջանին սաստող մի հերթապահ հայտարարություն անելով կբավարարվեն` համարելով, թե քաղաքական աջակցություն ցուցաբերելով կատարել են իրենց դաշնակցային պարտավորությունները: Մինչդեռ մինչև հիմա միամիտներիս թվում էր, թե երբ ՀԱՊԿ-ի որևէ անդամ երկիր ռազմական ագրեսիայի է ենթարկվում, դա համարվում է ոտնձգություն բոլոր անդամ պետությունների նկատմամբ, ինչին մեխանիկորեն հետևում են իրավիճակից բխող հակազդման կոնկրետ և միարժեք գործողություններ` համաձայն ՀԱՊԿ-ի հիմքը հանդիսացող 1992թ. ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների:
Ըստ էության, Հայաստանի նկատմամբ ագրեսիան ՀԱՊԿ-ն համարում է իր կոմպետենցիայից դուրս: Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որպեսզի իրավիճակի հետագա սրումը կանխվի, միջազգային հանրությունն է պարտավոր ձեռնարկել արտակարգ միջոցներ: ՀԱՊԿ-ն, փաստորեն, միջազգային հանրության մաս չի կազմում և արտակարգ միջոցներ ձեռնարկելու ոչ պատասխանատվություն ունի, ոչ էլ ցանկություն: Նման իրավիճակում փառք Աստծո, որ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք Հայաստանն իսկապես չունի: Նախ` որովհետև քանի դեռ ՀԱՊԿ-ն ներգրավված չէ կոնֆլիկտում, իրական քաղաքական գործոնի, ընդ որում` թելադրող գործոնի դերում հանդես է գալու հայկական բանակը: Հենց նա է հայկական կողմի հետաքրքրությունները գոնե փոքրիշատե պաշտպանելու միակ արդյունավետ միջոցը: Երկրորդ` հարց է առաջանում, իսկ եթե ինչ-որ պահի հայկական կողմը դիմի և փաստացի մերժում ստանա կամ ՀԱՊԿ-ի օժանդակությունը լինի խիստ սիմվոլիկ, ի՛նչ է անելու Հայաստանը: Ընդամենը խայտառակ ձևով մերկացնելու է այն իրողությունը, որ փաստացի դաշնակից չունի և սխալ հենքի վրա է կառուցել իր անվտանգության համակարգը: Այս խայտառակությունից խուսափելու միակ ճանապարհը աստիճանաբար նվազող ժամանակը անվտանգության ավելի ռացիոնալ համակարգ ստեղծելու վրա օգտագործելն է: Բորդյուժան ինքն է հասկացնում, որ Հայաստանը պետք է շտապի այս հարցում: Որովհետև ՀԱՊԿ-ն իր ողջ կեցվածքով հիմա հասկացնում է, որ ավելի շատ Ադրբեջանի դաշնակիցն է: Թեկուզև նրանով, որ վերջինս անուղղակի հասկացնում է. որքան էլ Հայաստանի (դեռ չասած ԼՂ-ի) տարածքի նկատմամբ ագրեսիայի ծավալները մեծացվեն, միևնույն է, ՀԱՊԿ-ը չի միջամտելու:
Գևորգ Աղաբաբյան