Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Շարունակվում է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Փաշինյանին հարց ուղղելիս ասաց, որ համաժողովրդական շարժումը ոչ թե սկսվել է Գյումրիից, այլ ԱԺ ամբիոնից, երբ Փաշինյանն անընդհատ հիշեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ նա չի հավակնի վարչապետի պաշտոնին, և որ Սահմանադրությունը դրա համար չի փոխում:
«Թույլ տվեք` ես էլ օգվեմ նույն հնարավորությունից»,- ասաց նա, ապա կրկնեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ նա արել էր ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու մասին գործընթաց սկսելու ժամանակ: «Դուք բառացիորեն ասել եք` «ամբողջ օրն ասում ենք` ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է, որ ՀԱՊԿ պայմանագիրն այդ գյուղի համար չէ, Մովսես գյուղի համար չէ, մի հատ ուրիշ գյուղի համար չէ: Մի հատ հասկանանք` էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում լինի, թե ինչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը պառկի: Մի հատ հասկանանք` ՀԱՊԿ, ՀԱՊԿ-ն իսկականից դարձրիք Բրյուս Լի, բայց ի՞նչ է այդ ՀԱՊԿ-ը, մեզ համար օգո՞ւտ է, թե՞ վնաս»,- կրկնեց Փաշինյանի հարցը Ֆարմանյանը, ապա ավելացրեց, որ Փաշինյանը բացատրի հանրությանը` ինչ փաստարկների հիման վրա էր այդպես մտածում:
«Դուք`որպես վարչապետ, պատրաստվո՞ւմ եք այս հարցը բարձրաձայնել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում, սա շատ կարևոր է: Որո՞նք են լինելու Ձեր քայլերը, երբ Ադրբեջանը կրակի ՀՀ սահմանների վրա, օրինակ` Մովսեսի գյուղի, Ձեր քայլերը որո՞նք են լինելու ՀԱՊԿ-ի ուղղությամբ»,- հարցրեց Ֆարմանյանը:
Նա նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք Փաշինյանը ՌԴ-ն դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից, քանի որ շարժման ամբողջ ընթացքում խուսափել է այդ ձևակերպումից:
Փաշինյանը նախ նշեց, որ իրենց շարժման ընթացքում արտաքին քաղաքականությանը շատ մեծ ուշադրություն չեն դարձրել: «Մենք այդ ոլորտին չենք անդրադարձել, ընդհակառակը` ընդգծել ենք, որ այս գործընթացում աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, այն զուտ ներքաղաքական հարց է: Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, որի հետ մենք հաշվի ենք նստում, դա փաստ է: Եթե մենք չեն արձանագրում, որ այս սենյակը լցված է օդով, չի նշանակում, որ այս սենյակը լցված չէ օդով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Փաշինյանը նշեց, որ հստակ ասված է, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգության ոլորտում:
«Այսօր կան հարցեր, որոնք մեր հանրության համար բաց են, գուցե Ղազախստանի և Ռուսաստանի հանրության համար էլ բաց են: Ես կարծում եմ, որ ուղղակի պարտավորությունները շատ հստակ պետք է արձանագրենք, որպեսզի նաև ակնկալիքները ճիշտ ձևակերպենք»,- ասաց նա:
Ֆարմանյանը խնդրեց հստակեցնել` ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստ է սպասվում, նա` որպես վարչապետ, կկրկնի՞ խնդիրները Նազարբաևի, Լուկաշենկոյի, Վլադիմի Պուտինի առջև:
Փաշինյանը պատասխանեց, որ առաջիկա նիստն ունի իր օրակարգը և օրակարգի վերաբերյալ առաջարկություններ անելու փուլում կուսումնասիրեն հնարավորությունը: «Մենք ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու խնդիր չենք դնում, բայց մենք ասում ենք, թե չենք մտածում, որ այդտեղ ամեն ինչ իդեալական է: Մոտեցումը և փիլիսոփայությունն այն է, որ մենք այդ բոլոր հարցերը պետք է բարձրաձայնենք ոչ թե կոնֆլիկտներ ստեղծելու համար, այլ կազմակերպության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Եթե կա հարց, այդ հարցը պետք է բարձրացնել և քննարկել: Պետք է լինի պարտավորությունների փոխադարձ հստակեցում, ինչպես մեր նկատմամբ կան պարտավորություններ, այնպես էլ նրանց մասով կան պարտականություններ»,- շեշտեց նա:
Փաշինյանը նշեց, որ, այո, Մովսես գյուղի և մյուս գյուղերի ռմբակոծությունների հարցը ևս բարձրացվելու է: