կարևոր
2719 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-08 10:58
Քաղաքական

Զախարովայի ապտակը․ «Հրապարակ»

Զախարովայի ապտակը․ «Հրապարակ»

Մոսկվայից երեկ թարս ապտակ են հասցրել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ հասկացնելով, որ նրան լուրջ չեն ընդունում։ Գաղտնիք չէ, որ գործող ԱԽՔ-ի առաքելությունը Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելն է, հակառուսական մթնոլորտ գեներացնելը։ Օրերս նա Հ1-ի եթերում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կարգավորումներից․

«Ապաշրջափակման հարցում կարեւոր սկզբունքներից է սուվերենությունն ու փոխադարձությունը․․․ Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում այսպիսին է` սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո: Սահմանային ամբողջ ծառայություններն իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից։ Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաեւ մյուս բոլոր գործընկերները»։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով սահմանվում է, որ ապաշրջափակված տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երեկ հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Գրիգորյանի հայտարարության մասին հարցին, ասել է․ «Ձեր կողմից հիշատակված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան պետք է կողմնորոշվի․ կա՛մ նորմալ երկխոսություն պիտի լինի հայկական կողմի հետ, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ դրա փորձը մենք ունենք, կա՛մ, այ, այսպիսի հայտարարություններ պետք է լինեն: Մենք ընտրում ենք առաջինը: Երկրորդ՝ ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, դա քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների ֆորմատով: Ճիշտ չեմ համարում կողքից հնչած գնահատականներին անդրադառնալ»: