Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հայտնի դարձավ, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ Ըստ բանկի` այս տարի Հայաստանի տնտեսությունը աճ կարձանագրի ընդամենը 2.5 տոկոսի չափով: Նկատի ունենանք, որ տարեսկզբին ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության համար 5 տոկոսանոց աճի հնարավորություն էր տեսնում: Այսինքն` կանխատեսումը նվազեցվել է ուղիղ 50 տոկոսով: Ավելի վաղ` հոկտեմբերի սկզբներին, նաև Արժույթի միջազգային հիմնադրամն էր նվազեցրել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 4.6 տոկոսային կետի, այն դեպքում, երբ տարեսկզբին նույն ԱՄՀ-ի վերլուծությամբ` տնտեսության աճը պետք է կազմեր ավելի քան 5 տոկոս: Այլ կերպ ասած` միջազգային ֆինանսական կազմակերպությունները շատ ավելի հոռետես են` Հայաստանի տնտեսության հեռանկարի հետ կապված, քան թվում է առաջին հայացքից:
Դրա վառ արտահայտությունն էր նաև օրերս հեղինակավոր Forbes պարբերականի հրապարակած ուսումնասիրությունը, ըստ որի` Հայաստանը գտնվում է աշխարհի 10 վատագույն տնտեսություններ ունեցող երկրների` Գվինեայի, Մադագասկարի, Ուկրաինայի, Վենեսուելայի, Ղրղզստանի, Ջամայկայի, Սվազիլենդի, Նիկարագուայի, Իրանի, շարքում: Սա թերևս Հայաստանի տնտեսության իրական խայտառակ վիճակը նկարագրող ամենապատկերավոր գնահատականն է:
Ասել, թե նման գնահատականները, հոռետեսական կանխատեսումները ուժեղ ապտակ են Տիգրան Սարգսյանի կառավարության երեսին, նշանակում է ոչինչ չասել: Սակայն խնդիրն ապտակը չէ, այլ ապտակ ստացողի վերաբերմունքը: Ճիշտ այն ժամանակ, երբ միջազգային այս հեղինակավոր շրջանակները մերկացնում են Հայաստանում վարվող տնտեսական սնանկ քաղաքականությունը, Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունն անվրդով քննարկում է գալիք տարվա պետական բյուջեն, որում կոալիցիոն իշխանությունը բացարձակապես որևէ կերպ չի արձագանքում արտաքին այդ ազդակներին, չի արծարծում այն հիմնական ռիսկերի հարցը, որոնք վտանգի տակ են դնում 2014-ի` անգամ այս աստիճան զգուշավոր, հիրավի տխուր բյուջեի կատարողականը: Կառավարության և քաղաքական մեծամասնության այս անադեկվատությունն արդեն անբուժելի հիվանդության է վերածվում: Նման վարքագիծ ունենում են միայն ողջ մարմնով պարալիզացված անկողնային հիվանդները, որոնք ցավի, ջերմաստիճանի ոչ մի զգացողություն չեն ունենում, որոնց զգայարաններն ընդհանրապես բթացած են արտաքին բոլոր ազդակների նկատմամբ:
Բայց սա այն դեպքն է, երբ այդ հիվանդությունը հասարակության վզին է փաթաթվում մի առանձնահատուկ ցինիկ հանգստությամբ: Այնպիսի տպավորություն է, կարծես այն, ինչ տեղի է ունենում, այն հորը, որում գտնվում է տնտեսությունը, հասարակական կյանքը, լրիվ բնական է, ու միջազգային կառույցներն էլ այլ կերպ պարզապես չէին կարող գնահատել մեր վիճակը: Կառավարությանը, իշխանությանը բացարձակապես չի անհանգստացնում իր հասցեին հնչող ոչ մի ռացիոնալ կամ իռացիոնալ քննադատություն: Նրանք պարզապես թքած ունեն նման մանր-մունր բաների վրա և անում են այն ինչ անցնում է մտքներով, այնպես, ինչպես հարմար է իրենց: Չկա թույլ տրված ռազմավարական կամ տակտիկական սխալների համար ո'չ պատասխանատվության զգացում, ո'չ էլ դրանք շտկելու ցանկություն: Կառավարությունն իրեն վաղուց հաշվետու չի համարում հասարակությանը` ի դեմս Ազգային ժողովի, որը կոչված պետք է լիներ ինստիտուցիոնալ մակարդակով ներկայացնելու հասարակական շահերն ու պահանջները: Դրա վերջակետը դրվեց` Վերահսկիչ պալատը ինչ-որ ամորֆ, կատարելապես ձեռնասուն, անողնաշար մի մարմին դարձնելով և դրա «մշակված», նոմենկլատուրայի պատկերացումներին ու շահերին համապատասխան «հղկված» նախագահին վերանշանակելով:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում բոլոր հնարավոր ու անհնար իրադարձությունները պայմանավորվում են ընդամենը մեկ անձի` Սերժ Սարգսյանի ցանկություններով ու տրամադրությամբ: Եթե նա ոչ մի կերպ չի ցանկանում ազատվել կաթվածի ենթարկված կառավարությունից, դրանից ազատվելու որևէ մեխանիզմ ու շանս գոյություն ունենալ չի կարող: Ողջ խնդիրն այն է, որ որևէ մեկը չի կարողանում հասկանալ անգամ իր դրած պահանջները կատարելու անընդունակ կառավարությունը պահելու` այդ մեկ մարդու մոտիվացիան: Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ պատճառը ներիշխանական կայունությունը և հաստատված բալանսը չխաթարելն է: Եթե այդպես է, ուրեմն իրավիճակը շատ ավելի ողբալի է, քան կարելի է պատկերացնել, որովհետև այդ դեպքում Հայաստանի հասարակությունը ստիպված է լինելու մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտն իր ուսերին տանել մի կառավարություն, որն այս ամբողջ ընթացքում զբաղված է եղել միայն իր կաշին հաստացնելու և հանրային կարծիքի նկատմամբ իմունիտետ ձեռք բերելու գործով:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ