Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր վեց ամսով, սակայն ժամկետը երկարաձգվեց եւս կես տարով, որպեսզի հանձնաժողովականները հասցնեն ձեռք բերել արժեքավոր տեղեկություններ եւ ամփոփեն` ինչու, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմը, ով ինչպես թերացավ, եւ ինչու կորցրեցինք 800 հա հողատարածքը:
Հանձնաժողովը ԱԺ-ում աշխատում է հատուկ սենյակում, որտեղ չկան «ժուչոկներ», ապահովված է գաղտնիությունը: Պատգամավորների հետ հանդիպման են եկել ՊՆ տարբեր պաշտոնյաներ, սակայն մինչ օրս հանձնաժողովն իր առջեւ դրած գերնպատակին չի հասել. Սերժ Սարգսյանը չի եկել ու չի պատասխանել պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ չի ներկայանալու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, եւ երբ ստացել է հանձնաժողովի գրությունը` ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Հանձնաժողովը որեւէ լիազորություն չունի նրան պարտադրելու:
Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձեւակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական եւ քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, հետեւաբար չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։