Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում 40 ընտանիք է ապրում: Զովաշենն ուշագրավ է նրանով, որ այնտեղից արտագաղթ դեպի արտերկիր վերջին տարիներին չի գրանցվել. այստեղից «արտագաղթում» են հարևան Աբովյան քաղաքը:
Զովաշենի գյուղապետը Սեդրակ Սաֆարյանը yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ 1991-ին 44 տնտեսություն է եղել գյուղում. 4 տնտեսությունը միայն ծերեր էին վարում, մահացան: Գյուղի բնակիչներն այստեղ են գաղթել 1915-1918 թթ.-ին` Վանի, Մուշի և Սասունի գյուղերից, հիմա գյուղում մշեցիների, ալաշկերտցիների թոռներն են ապրում:
«Մեզ մոտ զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ՝ հաճար, ցորեն, գարի։ Ցավն այն է, որ ոռոգման ջուր չկա, բայց ցանցը կա: Մենք էլ 180 հա ոռոգվող տարածք ունենք: Խնդիրը բնակլիմայական պայմաններն են` ջրամբարում ջուր չի հավաքվում»,- ասում է գյուղապետը` հավելելով` եթե բնությունը տա, մեր վիճակը լավ կլինի։
Խորհրդային տարիներին Զովաշենը դասվել է «ծերացող գյուղերի» շարքը. այսօր Զովաշենի միակ դպրոցում ընդամենը 6 աշակերտ է սովորում: Դպրոցի տնօրենը՝ Ռիմա Եփրեմյանը, հիշում է` 2001-ին, երբ նոր էր նշանակվել դպրոցի տնօրեն, աշակերտների թիվը 35-ն էր։
«1991-ին, երբ դպրոցը վերաբացվեց, ավելի շատ էր աշակերտների թիվը` 40 աշակերտ ունեինք, հետո կամաց-կամաց քչացան: Մոտակա տարիներին սպասում ենք, որ դպրոցականների թիվը կավելանա, քանի որ գյուղում փոքրիկները շատ են»,- ասում է Եփրեմյանը` հավելելով, որ աշակերտների թվաքանակն ամենևին էլ չի խանգարում, որպեսզի դասերն անցնեն հավուր պատշաճի: «Յուրաքանչյուր ուսուցիչ դասարան է մտնում պատրաստ, և դասերն անցնում են, ինչպես 30 հոգանոց դասարանում»,- նշում է դպրոցի տնօրենը:
7-ամյա Սմբատը երեք առաջին դասարանցիներից մեկն է: Ուրախությամբ է գնում դպրոց, ափսոս` ընկերները քիչ են: «Մտածում էի` նոր ընկերներ կունենամ, էն էլ բոլորին ճանաչում եմ` հա\'մ լավ է, հա\'մ` վատ: Կուզեի` լիքը դասարանցիներ ունենայի, հետները խաղայի, կռվեի»,- ասում է նա:
Սմբատն արդեն կողմնորոշվել է` ուզում է բանկի «նախագահ» դառնալ, որ իր ընտանիքին, հարևաններին օգնի: Ասում է` տեսնում է, որ գյուղում դժվարությամբ են ծնողներն աշխատում ու իրենց պահում, դրա համար էլ ինքը փող կաշխատի ու երկու «կվարտիրա» կգնի` գյուղում և քաղաքում: «Շաբաթ-կիրակի քաղաք կգամ, կհանգստանամ, մամայենց էլ հետս կբերեմ քաղաք, որ հանգստանան, թե չէ` ամբողջ օրն աշխատում են: Գյուղում հեշտ չի ապրել, բայց որ սիրում ես, լավ էլ կարողանում ես»,- ասում է Մեսրոպիկը ու մորից թաքուն հավելում. «Գիտե՞ս` ես սիրած ունեմ, բայց դեռ չեմ որոշել` ով ա»:
Ռուզաննա Թամրազյանը մեկն է այն երջանիկներից, ով աշխատանք ունի` պատմություն է դասավանդում գյուղի դպրոցում: Ասում է` սիրով է գալիս աշխատանքի, թեև միայն մեկ աշակերտ ունի` 7-րդ դասարանում: «Լինում են դեպքեր, երբ երեխային հարց ես տալիս, հետո տեսնում` չի կարողանում պատասխանել, բայց գիտես նաև, որ նա պատասխանը գիտի, ու եթե կողքին մեկը լիներ ու մի քիչ հուշեր, կստացվեր: Ստիպված մենք ենք հուշում, հանում երեխային դժվար իրավիճակից: Հավատացեք` մեզ մոտ ավելի ուրախ են դասերն անցնում»,- ասում է ուսուցչուհին:
Զովաշենում բոլորը ճանաչում են իրար, տխրության պահերին դառնում մեկ ընտանիք, ուրախությունը` միասին վայելում: Զովաշենցիները հպարտ են` համատարած արտագաղթին իրենք չեն «մասնակցում», մնում է` գյուղում մեկ-երկու աշխատատեղ լինի, որ մարդիկ երեխա ունենալիս հույսներն Աստծու վրա չդնեն:
Կարինե Հարությունյան