կարևոր
2434 դիտում, 1 օր առաջ - 2025-04-11 18:45
Արցախ Հասարակություն

Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին և միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ շտաբ

Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին և միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։

Այդ նպատակով օգտագործվում են նաև Արցախում իրենց քայքայիչ և պառակտիչ գործողություններով աչքի ընկած այսպես կոչված որոշ գործիչներ։ Նպատակը մեկն է՝ պառակտել և թույլ չտալ, որ հանուն սեփական իրավունքների պաշտպանության արցախցիները հանդես գան միասնական ճակատով։

Այս համատեքստում հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ 2023 թվականի նոյեմբերին 8-ին, հաշվի առնելով հանրային պահանջը և համացանցում հայտնված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկությունները, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմել է համապատասխան գրությամբ՝ խնդրելով ձեռնարկել գործուն քայլեր ու դրանց տալ իրավական գնահատական։

Համաձայն այդ գրության՝ ՀՀ իրավապահ մարմիններում, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում հարուցվել են քրեական վարույթներ։ Դրանց շրջանակում առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային սերվերներն ու տրամադրվել պահանջվող տեղեկությունները։

Վերոնշյալ վարույթների շրջանակում նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է որպես վկա։

Եվս մեկ անգամ դիմում ենք ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ հատկապես իրավապահ համակարգին, ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հնարավոր հանցագործություններն ու դրանց կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին, պահպանել համերաշխություն, ցուցաբերել խոհեմություն և միասնական ճակատով ՀՀ օրենսդրության սահմաններում վերականգնել խախտված իրավունքները»: