Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է, որ նախագահական ընտրություններն սկսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, միս ու արյուն ստանում խորհրդարանական ընտրություններում և վերջապես` ամբողջանում բուն նախագահական ընտրություններում: «...Այսօր ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների 70 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցության անդամներ են, եւ որքան էլ փորձենք ասել, որ դա իշխանական ռեսուրսի օգտագործում է, ես դրա հետ չեմ կարող համաձայնել»,- հարցազրուցում ասում է Սերժ Սարգսյանը:
Դրանից բառացիորեն երկու օր անց Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը պաշտոնապես հայտարարում է, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Քաղաքապետի մամուլի քարտուղարն, իր հերթին, պարզաբանում է, որ սա ոչ թե կուսակցական կամ քաղաքացի, այլ քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքրոշումն է:
Դրանով Բալասանյանը, ոչ ավելի, ոչ պակաս, ջախջախեց Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության այն տրամաբանությունը, թե ՏԻՄ ղեկավարների կողմից իշխանության թեկնածուին սատարելը վարչական ռեսուրսի օգտագործում չի կարող նշանակել: Բալասանյանին ՀՀԿ-ի և նրա ղեկավարի հետ, ըստ նախագահի տրամաբանության, ոչինչ չպետք է կապեր: Նա հանրապետական չէ, համենայն դեպս, ճակատին նման գրառում, կարծես, դեռ չի արել, և բացի դրանից` կուսակցությունը, որ նա ներկայացնում է, գրեթե երկու ամիս առաջ է հայտարարել, որ որևէ թեկնածուի, այդ թվում` նաև գործող նախագահին, չի պաշտպանելու: Հետևաբար, անկախ մամլո քարտուղարի մեկնաբանություններից, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին Բալասանյանը կարող էր պաշտպանել միայն որպես քաղաքապետ, այսինքն` ի պաշտոնե, այսինքն` հենց իր կարգավիճակը և այդ կարգավիճակից բխող լծակներն այդ «սատարմանը» ծառայեցնելու ռեսուրսը հաշվի առնելով:
Բալասանյանն ուղղակիորեն ապացուցում է, որ ՏԻՄ-երի վարչական ռեսուրսը նաև այս ընտրություններում է լինելու իշխանության թեկնածուի վերընտրության հիմնական գործիքներից մեկը, որքան էլ Սերժ Սարգսյանն իր հրապարակային անհամաձայնությունը հայտնի դրան: Այստեղ, իհարկե, հանրության համար ոչ մի տարօրինակ բան չկա: Տարօրինակն այն է, որ ինչ մինչև հիմա արվում էր կուլիսային մակարդակում, հանրապետության նախագահի և երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի կողմից ասվում է հրապարակավ և մատուցվում իբրև շատ սովորական, շատ բնական, օրինաչափ մի երևույթ, ինչն այլ կերպ, քան դրա լեգիտիմացում, չի կարելի որակել:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ուզում է ասել, որ ՏԻՄ և խորհրդարանական ընտրությունները նախագահականի առաջին և երկրորդ փուլերն են: Այսինքն` իրականում մենք պառլամենտական ընտրություններով ոչ թե կամ ոչ անքան օրենսդիր մարմին, իշխանության ինքնաբավ թև ենք ձևավորում, ոչ թե համայնքների կենսագործունեությունը կառավարող և ղեկավարող մարմիններ ենք ընտրում, այլ ստեղծում ենք ինստիտուտներ, որոնք պետք է ապահովեն իշխանության միակ կրողի` նախագահի ընտրությունը կամ վերընտրությունը և ապահով պաշտոնավարումը հետագայում: Այլ կերպ ասած` նախագահը փորձում է զարգացնել այն միտքը, որ պետական իշխանության, պետական ու համայնքային կառավարման բացարձակ կուսակցականացումը, ավելի ճիշտ »պարտիականացումը» ոչ միայն նորմալ, այլև նույնիսկ խիստ անհրաժեշտ ու անխուսափելի պրոցես է, և որ դա պետք է արվի հրապարակավ ու շատ վարակիչ ձևով:
Ահա թե ինչու են հանրապետականացվում ոչ միայն խորհրդարանն ու ՏԻՄ ամբողջ համակարգը, այլեւ դպրոցների, մանկապարտեզների, պետական ու մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների, մի խոսքով` բոլոր այն հաստատությունների ղեկավար կազմերը, որոնք լծակներ ունեն` ազդելու հանրային շրջանակների քաղաքական կողմնորոշումների վրա: Դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք սկսեն ընտրությունների ժամանակ «իրենց հեղինակությունը» ծառայեցնել սեփական կուսակցության և նրա լիդերի մշտական հաղթանակին: Ընդ որում` գործող նախագահն անուղղակիորեն հորդորում է այդ լծակները գործադրել հրապարակայնորեն, ասինքն` այնպես, ինչպես Սամվել Բալասանյանը:
Ուստի պետք է սպասել, որ թե' նախագահի այս հարցազրույցի և թե' Բալասանյանի «խիստ պատասխանատու» հայտարարության ազդեցությամբ ԱԺ հանրապետական ու օրինացերկրական պատգամավորները, բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանիների անդամները, բոլոր այն դպրոցների տնօրենները, ԲՈՒհ-երի ռեկտորները, բուֆետի վարիչներն ու կանաչի ծախողները, ովքեր կուսակցական են, իրենց պարտքն են համարելու գործող նախագահին սատարելու մասին արտահայտվել ու այդ ուղղությամբ գործել հրապարակավ:
Ո'չ Սերժ Սարգսյանը, ո'չ էլ Սամվել Բալասանյանը, սակայն, այդպես էլ չբացահայտեցին, թե որքանով է բարոյական ու իրավաչափ, պետական կամ համայնքային պաշտոններ զբաղեցնելով հանդերձ, սեփական կուսակցությանը, նրա ղեկավարին կամ պարզապես հանրապետության նախագահին սատարելու մասին հայտարարելը: Եթե ոչ ունեցած վարչական լծակների գործադրմամբ, ապա էլ ի՞նչ ձևերով պետք է սատարեն: Մյուս կողմից` եթե բալասանյանների, լիսկաների և այլոց հեղինակությանն ընտրություններում այդպիսի նշանակություն է տրվում, ապա ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել նաև այս ընտրություններում ողջ քարոզարշավն անցկացնել միայնակ: Գուցե նրանց նկատմամբ հանրության մեծագույն ակնածանքի ու հեղինակության ավելցուկից վախենալո՞վ...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ