կարևոր
2827 դիտում, 1 օր առաջ - 2025-04-11 16:53
Հասարակություն

Արցախի թեմի Թեմական խորհուրդը դատապարտում է Վատիկանի հակահայկական գիտաժողովը. Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախի թեմի Թեմական խորհուրդը դատապարտում է Վատիկանի հակահայկական գիտաժողովը. Լեռնիկ Հովհաննիսյան

 Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթացել է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել  հայագետների, պատմագետների և, առհասարակ, մտահոգ հանրության շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղվանական են ներկայացվել հատկապես հայկական հուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թվում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Մեր զրուցակիցը նախ տարօրինակ է համարում գիտաժողովի խորագիրը՝ հարցադրելով,  թե՝  ի՞նչ կապ ունի Ադրբեջան պետությունը քրիստոնեության հետ միջնադարում։

«Դրանք այն կեղծ թեզերն են, որոնք շրջանառության մեջ են դրվել 1960-ական թվականներին, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական կոնցեպցիայով, երբ Կովկասյան Աղվանքի էթնիկ խմբերը համարվեցին ադրբեջանական ժողովրդի նախնիները, և այդ ամենը տարածվեց նաև Կուրի աջ ափի մշակութային ժառանգության վրա: Այսինքն, պատմական Հայաստանի Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Սյունիք և Վասպուրականի Նախիջևան գավառները համարվեցին աղվանական, արդյունքում՝ այնտեղ գտնվող ողջ մշակութային ժառանգությունը համարվեց աղվանական։ Սա այդ քաղաքականության շարունակությունն է, որն ավելի մեծ թափ է ստացել Արցախի հայաթափումից և ամբողջական զավթումից հետո»,- ասաց Լեռնիկ Հովհաննսիայնը։

Մեր զրուցակիցը ցավով է նկատում, որ այդ ամենը տեղի է ունենում հենց Վատիկանում։ Նրա խոսքով՝ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանն ուդիական համայնքին օգտագործում է հակահայկական իր քաղաքականության մեջ և նույնիսկ պետական մակարդակով ֆինանսավորում է ուդիական համայնքին։

«Ասեմ նաև, երբ նայում ենք գիտաժողովի մասնակիցների ցանկը,  Այսրկովկասի պատմության, մշակույթի, ազգագրության, հնագիտական խնդիրներով զբաղվող որևէ լուրջ գիտնականի անուն չկա, մասնակցություն չեն ունեցել, իսկ օտարերկրյա մասնագետների մեծ մասն էլ, որոնք ելույթ են ունեցել, խոսել են ընդհանուր դավանաբանական, միջմշակութային կապերի մասին։ Այսինքն, ադրբեջանական կեղծ այդ թեզը միայն ու միայն առաջ են տարել իրենք, ադրբեջանցի, այսպես կոչված, մասնագետները և մեկ էլ՝ ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլը՝ որդու հետ միասին։ Սա է իրականությունը և, բնականաբար, Ադրբեջանը փորձում է հերթական անգամ, նաև օգտագործելով օտարերկրյա մասնագետներին, ցույց տալ իր հավակնությունները Կուրի աջափնյա մշակութային ողջ ժառանգության նկատմամբ»,- փաստեց Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետը՝ հավելելով, որ Ադրբեջանում քրիստոնեության ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Արցախի Հանրապետության տարածքում այսօր ոչնչացվում են ոչ միայն նոր կառուցված եկեղեցիներ, այլ նաև հին՝ 19-րդ դարում կառուցվածը, երբ ամբողջ միջնադարյան մեր վիմագիր արձանագրությունները սպառնալիքի տակ են։

«Ի՞նչ ընդհանուր կրոնական հանդուրժողականության մասին է խոսքը, և այն ամենը,  ինչ տեղի է ունենում Վատիկանում, կարծում եմ,  համապատասխան կառույցները պետք է հետևություն անեն։ Փաստացի, այդ գիտաժողովը Ադրբեջանի հիբրիդային պատերազմի երևույթներից մեկն է, երբ ցանկանում են միջազգային գիտական հանրույթն օգտագործել իրենց հակահայկական քաղաքականության մեջ»,-նշեց  Լեռնիկ Հովհաննիսյանը։
 

«Նաև ՀԱԵ Արցախի թեմի Թեմական խորհրդի անունից դատապարտում ենք այս երևույթը: Դատապարտելի է նաև օտարերկրյա այն մասնագետների մասնակցությունը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի այն կեղծարար քաղաքականությունը, որն արվում է տարիներ շարունակ, և միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այս ամենին։

Մենք նաև հայտարարում ենք, որ այսօր Արցախում կատարվում է մշակութային ցեղասպանություն, և աշխարհը կրկին լուռ է: Այդ նույն քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգությունը, որը դարերով ստեղծվել է և պահպանվել է Արցախում, այսօր գտնվում է ոչնչացման, յուրացման վտանգի տակ: Այս ամենն ուղղակի զայրույթ է առաջացնում, և, կարծում եմ, որ ահա այսպիսի կեղծ օրակարգերով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն վանդալիզմի և մշակութային ցեղասպանության քաղաքականությունից, որն այսօր վարում է Արցախում»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։ 

 

Հերմինե Զեյնալյան