կարևոր
2272 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-16 11:43
Քաղաքական

Հակոբ Արշակյանը ծառայողական մեքենայի հույսին է. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

Հակոբ Արշակյանը ծառայողական մեքենայի հույսին է. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեկ բնակարան ունի Դավիթաշեն վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի համասեփականատերը: Նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Ազգային ժողովի փոխնախագահը տրանսպորտային միջոց չունի, պետական ծառայողական ավտոմեքենայի «հույսին է»:

Տեղեկացանք, որ Հակոբ Արշակյանն իր բանկային հաշիվներին տարեվերջին ունեցել է 398 հազար դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 10 հազար դոլար և 4 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում Արշակյանի դրամական միջոցները կազմել են 11 մլն 186 հազար դրամ։ Արշակյանը նաև 2 մլն դրամը գերազանցող ծախս ունի՝ 5 մլն 448 հազար դրամի չափով, սակայն նշված չէ, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը։ Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը հեղափոխությունից հետո ստանձնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի, ապա՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ 2019 թվականի հունիսի 1-ին ստանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Այսօր արդեն Արշակյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալն է:

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Արշակյանը աչքի էր ընկել իր ագրեսիվ վարքով լրագրողի նկատմամբ: Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում:

Դրան հաջորդել էր այն, որ Հակոբ Արշակյանը րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան: Դատախազությունն ընթացք էր տվել հրապարակմանը, հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել էր, նշանակվել էին փորձաքննություններ:

Գործը, սակայն, իրավական ընթացք չստացավ. Հատուկ քննչական ծառայությունը մերժեց քրեական գործի հարուցումը: Ինչո՞ւ. քանի որ մեղադրյալը պիտի ՔՊ-ական լիներ, ինչը «անթույլատրելի է» Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում