կարևոր
2581 դիտում, 1 օր առաջ - 2025-04-11 19:36
Հասարակություն

Մեսրոպավան. Նախիջևանի ադրբեջանականացված հայկական գյուղեր

Մեսրոպավան. Նախիջևանի ադրբեջանականացված հայկական գյուղեր

«Գեղարդ» հիմնադրամը գրում է. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Նասրվազ գյուղը պատմական հայկական Մեսրոպավանն[1] է։ Բնակավայրը գտնվում է լեռների փեշին, ունի հարուստ բուսականություն, հնամենի այգիներ: Գյուղի հայկական անունը՝ կապված Մեսրոպ Մաշտոցի անվան հետ, ենթարկվել է արտասանական աղավաղումների և փոփոխությունների։ Ըստ ավանդության՝ գյուղը շրջապատող լեռներից՝ Կռնակոչի ստորոտում գտնվող բնական անձավներից մեկում է Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ բնակվել 17 տարի՝ մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի կառուցումը։ Այս պատումն էլ ընկած է անվանադրման հիմքում: Հայ ժողովրդի պատմության անքակտելի մաս կազմող Մեսրոպավանում արձանագրվել են նաև 9-15-րդ դարերին վերաբերող տապանաքարեր, խաչքարեր: Ադրբեջանցիները ոչ միայն փոխել ու աղավաղել են գյուղանունը, այլև գյուղը շրջապատող լեռներից Տապանասարի կամ Նավասարի անունն են թարգմանել՝ շարունակելով այն գործածել «Նավի լեռ» (Gəmiqaya dağı) ձևով։

Գյուղում նշանավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքը հայտնի է նաև Մեսրոպ Մաշտոց վանք անունով։ Ըստ ավանդության՝ այն կառուցել է Գողթնի Շաբիթ իշխանը՝ 456 թվականին։ 13-րդ դարով թվագրվող հին հարկացուցակի համաձայն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հարկատու է եղել Տաթևի վանքին։

Նշանավոր հայագետ, մշակութաբան Արգամ Այվազյանն իր՝ 1978 թվականին հրատարակած «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» ուսումնասիրության մեջ նշում է, որ Մեսրոպավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգվել է 15-րդ, 17-րդ դարերում, իսկ վերջին անգամ՝ 19-րդ դարի վերջերին․ «այժմ վանական համալիրի միակ հուշարձանը նրա եկեղեցին է, որը կիսախարխուլ վիճակում է գտնվում»:

Ադրբեջանցիները վանքն ամբողջությամբ ավերել են 1997-2005 թվականների ընթացքում՝ չթողնելով որևէ հետք:

Մեսրոպավանը նաև հնամենի մի լեզվի՝ զոկերենի տարածման արեալներից է։ Այս լեզվի մասին հյուսվել են նույնիսկ առասպելներ, քանի որ լեզուն հասկանալի չի եղել տարածքի մյուս հայերին։ Տարածված տեսակետներից է, որ զոկերը կիսով չափ հայ և կիսով չափ հրեա վաճառականներ են, ովքեր ստեղծել են գաղտնի լեզու, որպեսզի կողմնակի մարդիկ չկարողանան հասկանալ իրենց առևտրական գաղտնալեզուն։ Լեզվաբան Բերտ Վյոն իր ուսումնասիրություններում հանգել է այն եզրակացության, որ զոկերենը Նախիջևանի բնիկ հայկական բնակչության բարբառներից էր, որը սերտ փոխազդեցության մեջ է եղել Ղարաբաղի և Ջուղայի բարբառների հետ։ 

Մեսրոպավանի հնամենի պատմությունն ու մշակույթը վկայող հայկական բոլոր հուրշարձանների ոչնչացմամբ ադրբեջանցիները տարածքը զրկել են ոչ միայն հայկականությունից, այլև՝ պատմական անցյալից»։