կարևոր
667 դիտում, 12 ժամ առաջ - 2025-04-12 09:34
Հասարակություն

Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը. «Փաստ»

Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։

Հուշագրի նախագիծը 4 երկրների միջև համաձայնեցվել է 2025 թվականի փետրվարի 7-ին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեք տարի ժամկետով՝ հետագայում երեք տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի այն դադարեցնելու մասին։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել սեփական բյուջեի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսներից և վերածվել տարանցիկ երկրի՝ Կենտրոնական Ասիա-Եվրոպա ուղղության վրա. «Ադրբեջանն իր խողովակաշարերը, ավտոմայրուղիները, Բաքվի նավահանգիստն ու երկաթգիծը տրամադրում է Ղազախստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին՝ դեպի Թուրքիա և Եվրոպա տարանցման համար։

Ադրբեջանը էներգակիրներ արտահանող երկրից աստիճանաբար անցում է կատարում դեպի տարանցիկ երկիր՝ դառնալով լոգիստիկ հաբ՝ Արևելք-Արևմուտք և ՀյուսիսՀարավ՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան ուղղության վրա։ Նոր կարգավիճակի շնորհիվ Ադրբեջանը ստանալու է տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ»։

Այս ֆոնին, ըստ հեղինակների, էլ ավելի է կարևորվում այն հանգամանքը, որ Հայաստանը վերածվի Հյուսիս-Հարավ ուղղությամբ կարևոր էներգետիկ-տրասպորտային միջանցքի՝ սեփական տնտեսական և քաղաքական դերը բարձրացնելու և Ադրբեջանի հետ լոգիստիկ մրցակցությանը դիմանալու համար. «Նշենք, որ ՀՀ-ն և Իրանը ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-Հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Այս լոգիստիկան ունի նաև ռազմավարական, տնտեսական մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։ Հիշեցնենք, որ երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։ Կարևոր են նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»։

Այսպիսով, ալիքի դիտարկմամբ, Հայաստանը պետք է մաս կազմի տարածաշրջանային մեգանախագծերի, որոնք լրացուցիչ ֆինանսական դիվիդենտներ կբերեն բյուջե, ինչպես նաև կբարձրացնեն Հայաստանի գեոպոլիտիկ դերն ու նշանակությունը տարբեր ուժային կենտրոնների համար։

«Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է լոգիստիկ մրցակցություն։ Բաքուն տասնամյակներ շարունակ փորձել է ՀՀ-ն դուրս թողնել տարածաշրջանային նախագծերից՝ խորացնելով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ տնտեսական և տրանսպորտային կապերը,գրում են հեղինակները և հավելում, որ հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները դեռ փակ են, ու ՀՀ-ն պետք է խորացնի լոգիստիկ կապերը Իրանի և Հնդկաստանի հետ՝ հարավային ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ-ի հետ՝ հյուսիսային ուղղությամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12․ 04․ 25 թ համարում։