կարևոր
1285 դիտում, 6 ժամ առաջ - 2025-04-12 14:52
Հասարակություն

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն»

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն»

«Ազատությունը» գրում է․

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով։

«Բերրիմաունթ»-ը հիմնվել է Դմիտրի Ալեկսեյենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության բաժնետոմսերի 69 տոկոսը պատկանում է Ալեկսեյենկոյին, մյուս 31 տոկոսի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան՝ չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20 տոկոս և ավելի ունեցած ցանկացած բաժնեմաս. «Բերրիմաունթ»-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31 տոկոսը պատկանում է ԱՆԻՖ-ին՝ որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։

2023-ի վերջին ԱՆԻՖ-ը հաղորդեց, որ «Բերրիմաունթ» ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք է տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։

Դմիտրի Ալեկսեյենկոն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են, Երևանի Ա. Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեկսեյենկոյի և Պուշկինի անվան դպրոցի կապն ավելի ամրապնդվեց 2022-ին. նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեկսեյենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ։

2023-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած դրամահավաքի ժամանակ Դմիտրի Ալեկսեյենկոն առատաձեռն էր գտնվել՝ 1 մլն դրամ նվիրելով իշխող կուսակցությանը, որի առաջին համարը Տիգրան Ավինյանն էր։

«Բերրիմաունթ»-ից բացի Ալեկսեյենկոյին է պատկանում «Քեյ էնդ ջի գրուպ» ընկերությունը, որ Նոր Գեղիում 3 հեկտար մակերեսով ջերմոց է շահագործում։ ԱՆԻՖ-ի կողմից ուղղված գումարները ներդրվել են այս ջերմոցն ընդլայնելու, «Բերրիմաունթ»-ի ստեղծման և 6 հեկտարի հասցնելու նպատակով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 1.2 միլիոն դրամով «Քեյ էնդ ջի գրուպ»-ին տուգանելու որոշում էր կայացրել. ըստ հանձնաժողովի՝ «Քեյ էնդ ջի գրուպ»-ի արտադրած ելակները վաճառվել են eco և էկոլոգիապես մաքուր բառերի ներկայացմամբ այն դեպքում, երբ ընկերության ելակները «չեն հանդիսացել հավաստված օրգանական գյուղատնտեսության արտադրանք»։ ՄՊՀ-ն սա որակել է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն ու տուգանել ընկերությանը։

«Քեյ էնդ ջի գրուպ»-ի դեմ նաև քաղաքացիական հայց էր ներկայացվել 2021-ին «Ագրոտրենդ» ընկերության կողմից։ «Ագրոտրենդ»-ը պահանջել էր Ալեկսեյենկոյի ընկերությունից բռնագանձել 11.7 միլիոն դրամ՝ մատակարարված գյուղատնտեսական ապրանքների, սակայն դրա դիմաց չստացված վճարումների համար։ 4 տարի անց այս գործի քննությունը դատարանում շարունակվում է։

Ի՞նչ անձնական և/կամ գործնական հարաբերություններ ունեք Դմիտրի Ալեքսեյենկոյի հետ, ի՞նչ գործառույթ եք ունեցել «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի կողմից ներդրումների կատարման գործում, արդյոք միջամտե՞լ եք այդ ՓԲԸ-ի կողմից «Բերրիմաունթ» ընկերության ֆինանսավորման գործընթացին, հետաքրքրվել էինք Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանից։ Ի պատասխան Երևանի քաղաքապետարանից մեկամսյա ժամկետ են խնդրել՝ հարցերը լրացուցիչ ուսումնասիրելու ու պատասխանելու համար։

Մեկ ամիս առաջ «Հետք»-ը գրել էր, որ ԱՆԻՖ-ի նույն դուստր ձեռնարկության կողմից 1.5 մլրդ դրամի ներդրում է կատարվել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում, որի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել էր հիմնադրվելուց 8 օր հետո։ ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քրեական վարույթ կա, սակայն այդ վարույթով մեղադրյալների մասին տեղեկություններ դեռ չկան։

ԱՆԻՖ-ի մի շարք ներդրումներ ձախողվել են. օրինակ՝ «Էյր Արաբիա» ընկերության հետ ստեղծած «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը սնանկացավ հիմնումից 1.5 տարի անց, սնանկության փուլում է նաև ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից ֆինանսավորված «Ապագա փրոջեքտս» ՓԲԸ-ն։ Մոտ 6 տարի առաջ մեկնարկած «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային գործընթացը, որ իրականացվում էր ԱՆԻՖ-ի հետ. 6 տարի անց նույնիսկ չի հասել շինարարության փուլին։ Մասնագիտական շրջանակները վիճահարույց էին համարում նաև ԱՆԻՖ-ի կողմից Երևանի կենտրոնում ռեստորանի հիմնման համաֆինանսավորումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2023-ի մայիսին ԱՆԻՖ-ի անորոշ մանդատի, թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրների մասին էր բարձրաձայնել։

Հետաքննությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։