Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Ալիեւը Հայաստանի հետ փոխհարաբերությունների լավացման որոշ «փոքր քայլեր» է արձանագրել: Բաքվում կայացած «Նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ նա հայտարարել է, թե հայկական կողմի դիրքորոշմանն են սպասում, ու եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսվել։ Որպես օրինակ, նշել է` լրագրողների փոխայցելություններ, ինչպես նաեւ՝ «անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նստաշրջաններ»:
Հաշվի առնելով այս իշխանության պարտվողական կեցվածքը՝ տագնապով կարելի է մտածել, թե ալիեւյան «փոքր քայլերն» ինչ գին կարժենան Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային, պետական շահի եւ անվտանգության համար: Անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների թեման, որից խոսել է Ադրբեջանի նախագահը, նոր չէ: Որ այդ հարցով հայ եւ ադրբեջանցի մասնագետների միջեւ շփումներ են նախատեսվում, հայ հասարակությունն իմացավ դեռ 2024թ. նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից: «Հայ եւ ադրբեջանցի հիդրոլոգները Միացյալ Նահանգների միջնորդությամբ համագործակցում են՝ գետերի ջրի կառավարման մոդել մշակելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր նա: Լրատվամիջոցները պարզել էին, որ հայկական կողմի մասնագիտական թիմը համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Ինեսա Գաբայանը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր պաշտոնական մակարդակում Ադրբեջանի հետ նման շփումները՝ նշելով, որ դրանք եղել են միայն ՀԿ-ների մակարդակով:
Նախօրեին արդեն Ալիեւը խոսել է «համատեղ նստաշրջանների» մասին: Անդրսահմանային ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը մասնագետները ռազմավարական նշանակության խնդիր են համարում: «Հրապարակ»-ի հետ զրույցում անկախ փորձագետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանն ասաց՝ ընդունված միջազգային պրակտիկա է, աշխարհում շուրջ 120 անդրսահմանային գետերի ռազմավարության սխեմաներ կան մշակված, երկրները փորձում են համատեղ կառավարել դրանք: Օրինակ, Դանուբը մի քանի երկրով է անցնում, եւ այդ երկրները համագործակցում են: Հայաստանը, ըստ Գաբայանի, անդրսահմանային գետերի կառավարման խնդիրներ ունի Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հետ: Հայաստանից Աղստեւ գետը հոսում է դեպի Ադրբեջան: Թուրքիայի հետ Ախուրյանի ջրամբարի եւ Արաքս գետի խնդիրը կա, Վրաստանի հետ՝ Դեբեդ գետի: Ծրագիրը, որ մեկնարկել էր նախորդ տարի, ինչպես Գաբայանը փոխանցեց, այժմ դադարեցված է, այն ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպի կողմից եւ, ինչպես բազմաթիվ այլ ծրագրեր, Թրամփի որոշմամբ դադարեցվել է:
«Հիմնական գործողությունները պետք է սկսվեին գարնանը, բայց ծրագիրն ամբողջությամբ դադարեցված է: Այն մի կաթիլ էր ծովում: Այստեղ պետական մոտեցում է հարկավոր: Քանի որ մենք բարձր դիրքում գտնվող երկիր ենք, մեր ջրերը գնում են եւ հատում են սահմանը»,-ասում է Ինեսա Գաբայանը՝ բացատրելով անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման խնդրի կարեւորությունը: Այդ ծրագրում պետական մակարդակով ներգրավվածություն չի եղել, սակայն չափազանց կարեւոր է, որ պետությունն այդ հարցում մշակված ռազմավարություն ունենա: Դադարեցված ծրագիրը նախատեսել է Աղստեւի ավազանի ուսումնասիրություն, քննարկումներ տեղական մարմինների հետ եւ արդյունքների ներկայացում պետական իրավասու մարմիններին:
Ադրբեջանը հարցը կարող է քաղաքականացնել՝ հաշվի առնելով Հայաստանի զբաղեցրած դիրքը, օրինակ՝ բարձրացնել ջրի որակի խնդիր: Հայկական կողմը կարող է օրակարգ բերել Ջողազի՝ Բերքաբերի ջրամբարի հարցը, որը 30 տարի է՝ չի շահագործվում, ինչի պատճառով հեկտարներով հողեր կան անմշակ: Այն շահագործման է հանձնվել 1980-ին, ոռոգել է շուրջ 10 հազար հա հողատարածք՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։ Արցախյան առաջին պատերազմից հետո ջրամբարը չի շահագործվում: Ադրբեջանական հսկողության տակ են ջրամբարի հայկական ափն ու հարակից շուրջ 900 հեկտար հողերը: Ինչպես Ինեսա Գաբայանն է ասում՝ ժամանակակից աշխարհի նավթն էլ, գազն էլ՝ ջուրն է, ու Հայաստանը պետք է կարողանա ճիշտ օգտագործել իր ռեսուրսը, պետք է, այսպես ասած, «ապրանքի գինը բարձրացնի», բայց ունի՞ մշակված ռազմավարություն:
Տավուշի մարզի համար այս խնդիրը կենսական է: Դեռ 2023-ի մարտին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր՝ Տավուշի մարզում անջրդի հողատարածքները գերակշռում են: Մարզի 25 485.3 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3759.9 հա-ն: Բազմամյա տնկիները մարզում 1981.8 հա են կազմում, որից ոռոգվող՝ 1646.4 հա-ն: Այս տվյալները պատգամավորն ստացել էր էկոնոմիկայի նախարարությունից հարցման արդյունքում ու ահազանգել, որ մարզում հազարավոր հեկտարներով հողատարածքներ անջրդի են, ինչի պատճառներից մեկը ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործումն է:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում Գառնիկ Դանիելյանը հիշեց՝ դեռ մի քանի ամիս առաջ, իբրեւ թե պատահաբար, Իջեւանում հեծանիվ վարող Փաշինյանն ավտոլվացման կետեր էր նկատել ու դրանք փակելու հրահանգ տվել՝ Աղստեւը մաքուր պահելու պատճառաբանությամբ: «Երբ դա եղավ, մարդիկ անմիջապես սկսեցին խոսել, որ սա էլ է Ադրբեջանի հերթական պահանջը: Գետի մոտ գտնվող ավտոլվացման կետերի աշխատանքը համատարած կասեցվեց»,-հիշում է Դանիելյանը եւ ասում՝ որ Ադրբեջանի Ղազախի շրջանի համար Աղստեւից հոսող ջուրը ռազմավարական, կենսական նշանակություն ունի, շրջանն ամբողջությամբ ոռոգվում է Տավուշի մարզից հոսող ջրերով՝ ոչ միայն Աղստեւով, այլեւ նրան միացող մի քանի փոքր գետերով:
«Իրենց համար գյուղատնտեսական խնդիրներ կառաջանան, եթե այդ ջրերը չհոսեն այնտեղ: Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ ջրի արդյունավետ կառավարման խնդրի մասին, որ հայկական կողմն այդ ջուրը արդյունավետ կերպով օգտագործի՝ մեր դաշտերը ոռոգելու համար: Ես թվեր էի հանել, թե Տավուշի մարզում որքան ոչ ոռոգելի հողատարածքներ կան: Հիմա, փոխանակ այդ ջրերն օգտագործեն մեր կարիքների համար, պարզվում է` Ադրբեջանի հետ քննարկումներ են անում»,- ասում է Գառնիկ Դանիելյանը՝ շեշտելով, որ այդ ջրային ռեսուրսն օդ ու ջրի պես է պետք Ադրբեջանին:
«Պարբերաբար այդ հողի վրա Ադրբեջանի գյուղացիները ճանապարհներ են փակում, ընդվզումներ են լինում, բողոքներ են հասունանում: Դա Ադրբեջանի համար շատ զգայուն խնդիր է եւ գլխացավանք՝ իշխանությունների համար, ու, փաստորեն, այդ միջոցով իրենք փորձում են հարցը լուծել, որ ոռոգման պրոբլեմ չունենան: Փաստորեն, մենք ապահովում ենք մեր ջրային ռեսուրսների անխոչընդոտ եւ անխափան հոսքը դեպի Ադրբեջան»,- ասում է Գառնիկ Դանիելյանը եւ հիշեցնում Փաշինյանի հայտարարությունը, թե, այսպես կոչված, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ավարտից հետո Ջողազի ջրամբարից այն կողմ գտնվող 900 հեկտարը վերադարձվելու է Հայաստանին: «Փաստացի, Ադրբեջանն այդ հողերը չի տալիս: Բայրամովի գրասենյակն էլ հայտարարել էր այն 32 բնակավայրերի մասին` նշելով, թե մենք տալու բան չունենք»,- եզրափակում է նա»: