կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-05 12:30
Հասարակություն

Կառավարության ներկայացուցիչները կողոպտել են հայի պատկանող դեղատունը և ձերբակալել տիրոջը

Կառավարության ներկայացուցիչները կողոպտել են հայի պատկանող դեղատունը  և ձերբակալել տիրոջը

Աղբյուրը` armeniangenocide100

Հակոբ Թերզյանի պատմությունը

1879 թ., Ադանա

Դեղագործ Հակոբ Թերզյանը 1915 թ. ապրիլին Պոլսում ձերբակալվել է և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը:Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա: Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել: 1915թ. ապրիլի 24-ին գաղթի ճանապարհին Չանղըրըից դուրս՝ Անկարայի մոտակայքում, սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին՝ մոտ 35 տարեկանում:

 

Ծնվել է 1879/80 թ. օգոստոսի 22-ին, Ադանայի նահանգի Մարաշի գավառի Հաճընի գավառակի կենտրոն Հաճըն քաղաքում:

 

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև, սովորել Ադանայի Ազգային վարժարանում, ավարտել Հիսուսյանների Ադանայի վարժարանը:

 

1900 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և դեղագործի վկայական ստացել:

 

1908 թ. եղել է Ադրիանապոլիս քաղաքի «Մերքեզի» («Կենտրոնական») դեղատան տնօրենը:

 

Եղել է ճանաչված հրապարակախոս, զբաղվել է նաև գրական գործունեությամբ, բանասիրությամբ, լուսանկարչությամբ: Միաժամանակ եղել է նաև ճանաչված փաստաբան:

 

1909 թ. ապրիլին Կիլիկիայում տեղի ունեցած հայկական կոտորածների ժամանակ եղել է Ադանայի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը:

 

Մազապուրծ լինելով կոտորածից՝ վերադարձել է Կ. Պոլիս:

 

Կ. Պոլսի Կում կափու թաղամասում ունեցել է «Ադանա» անունով սեփական դեղատունը: Եղել է հնչակյան գործիչ: 1912 թ. Կ. Պոլսում հրատարակել է «Կիլիկիոյ աղէտը. ականատեսի նկարագրութիւններ» 5 հատորով ծավալուն աշխատությունը, որում հանգամանորեն նկարագրել է 1909 թ. Կիլիկիայի կոտորածը՝ վիճակագրական տվյալներով: 

Աշխատությունը ներկայացվել է Իզմիրյանց գրական մրցանակին, սակայն օսմանյան կառավարությունն ամբողջ տպաքանակը բռնագրավել է:

 

Հակոբը կարողացել է այդ գրքի մի քանի հարյուր օրինակ փախցնել և թաքցնել իր տան առաստաղների արանքներում:

 

1915 թ. ապրիլին Կ. Պոլսում ձերբակալվել է և աքսորվել Այաշ, այնուհետև՝ Չանղըրը: Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

 

Ձերբակալությունից հետո կառավարության ներկայացուցիչները նրա դեղատունը կողոպտել են և դուռը կնքել:

 

1915թ. ապրիլի 24-ին, գաղթի ճանապարհին, Չանղըրըից դուրս, Անկարայի մոտակայքում սրախողխող է արվել ընկերոջ՝ բժիշկ Միսքճյանի հետ միասին՝ մոտ 35 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 149–151: