կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 16:44
Առանց Կատեգորիա

Լայնածավալ պատերազմի սադրանք

Լայնածավալ պատերազմի սադրանք

Տավուշի մարզում արդեն երկու օր է` իրավիճակը նմանվում է պատերազմական գործողությունների: Երկու կողմերում էլ զոհեր ու վիրավորներ են, նաեւ` քաղաքացիական անձանց շրջանում: Թեև սահմանի այդ հատվածում սրացումներ լինում են պարբերաբար, սակայն այս անգամ իրավիճակը առանձնահատուկ է երկու պատճառով: Նախ` հակառակորդի կողմից թիրախավորվել են աննախադեպ մեծ թվով սահմանամերձ հայկական բնակավայրեր, երկրորդ` առաջին անգամ թիրախավորվել են սահմանից բավականաչափ հեռու գյուղեր, ինչը վերահաստատում է, որ հակառակորդն անցել է ռազմական գործողություններում հրետանային հեռահար հարվածային միջոցների կիրառմանը:

Այս հանգամանքը հուշում է, որ հակամարտության գոտում, ըստ էության, ստեղծվել է բոլորովին նոր և ավելի վտանգավոր իրավիճակ: Եթե ընդամենը երկու տարի առաջ` նախնական փուլում, հակառակորդը բավարարվում էր` հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ կրակ արձակելով, ապա դրանից հետո սանձազերծեց դիպուկահարների յուրատեսակ միկրոպատերազմ: Դրանից հետո անցավ լայնածավալ դիվերսիոն ներթափանցումների և հարձակումների մարտավարությանը, որից հետո` ավելի խոշոր տրամաչափի նռնականետերի և ականանետերի միջոցով հայկական դիրքերի հրետակոծմանը: Եվ հիմա կանգնել ենք մի իրականության առջև, երբ կիրառության մեջ են նաև հրետանային և հրթիռային կայանքներ, իսկ թիրախում արդեն սահմանամերձ և ոչ այնքան սահմանամերձ այնպիսի բնակավայրեր են, որոնք ինտենսիվ հրետակոծության չեն ենթարկվել անգամ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահերին:

Այս «զարգացումը» հերքում է հայկական իրականության մեջ տարածված այն մտայնությունը, թե սահմանային լարվածության մերթ ընդ մերթ բռնկումը զուտ լոկալ, մարտավարական բնույթ ունի, թե լայնածավալ պատերազմին Բաքուն չի գնա, և որ սա պայմանավորված է արտաքին կամ ներքին քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններով: Նման ընկալումները իրականությունից փախչելու, պատերազմի իրատեսական լինելը համառորեն չընդունելու հետևանք է: Կարելի է բերել Բաքվի կողմից իրավիճակը լարելու բազմաթիվ իրավիճակային պատճառներ: Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը, նավթի գների անկմամբ պայմանավորված խուճապայնությունը, մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրողությունները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները ստիպում են Ալիևի վարչակազմին, սահմանային լարվածության մեծացմամբ վախի մթնոլորտ սերմանելով, սեփական հասարակությանը պահել կառավարելիության շրջանակներում, միաժամանակ` միջազգային հանրության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից շեղել դեպի սահմանագիծ: Բացի դրանից` ԼՂ բանակցություններում վարվող փակուղային քաղաքականությունը ստիպում է խորացնել շանտաժային մարտավարությունը, որը դրսևորվում է ահա նման սրացումներով: Կարելի է բերել նաև շատ ավելի առարկայական պատճառներ:

Մասնավորապես` հետաքրքրական է, որ իրավիճակն Ադրբեջանը սրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Թեև պարզ չեղավ` կոնկրետ ինչ նպատակ էր այն հետապնդում, սակայն ակնհայտ է, որ, բնակավայրերի հրետակոծումն այդ այցի ֆոնին ձեռնարկելով, Բաքուն փորձում է ներշնչել հայաստանյան հասարակությանն ու իշխանություններին, որ հենց Ռուսաստանն է շահագրգռված իրավիճակի լարմամբ, և որ Ռուսաստանը բոլորովին էլ Հայաստանի հետ չէ, ինչպես այստեղ միամտաբար կարծում են: Հենց սա է պատճառը, որ թիրախ է ընտրվել առաջին հերթին Հայաստանի ամենախոցելի` Տավուշի սահմանագիծը:

Ամենայն հավանականությամբ, ոչ երկրորդական դեր է կատարել նաև Հայաստանում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը: Թերևս խնդիր է դրվել կա\'մ ձախողել դրանք, կա\'մ ներշնչել հայաստանյան հասարակությանը, որ դա ոչ թե զորավարժություններ են, այլ պատերազմի կոնկրետ և հապճեպ նախապատրաստություն: Նպատակը Հայաստանի հասարակության շրջանում խուճապ առաջացնելն է: Առանցքային զորավարժությունները վիժեցնելու մարտավարությունը նոր չէ: Նախորդ տարվա նոյեմբերին նաև այդ նպատակով Բաքուն խոցեց հայկական ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռը, թեև ցանկալի արդյունքի չհասավ:

Բայց ստեղծված իրադրությունում ամենակարևորն այս պատճառները չեն: Կարևորը փաստն է, որ Ադրբեջանը քայլ առ քայլ շփման գծում էսկալացիան մեծացրել է պատերազմական վիճակի` հաջողելով (տվյալ դեպքում` ոչ առանց հայկական կողմի մեղքի) դա անել այնպես, որ մեծ հաշվով չդառնա միջազգային լրահոսի առարկա: Ադրբեջանը կիրառում է ոչ միայն պատերազմի հասունացման, այլև դա միջազգային հանրության ընկալումներում օրինաչափության և բնականոնության վերածելու քաղաքականություն, որը, մի կողմից, ամբողջությամբ համապատասխանում է հիբրիդային պատերազմի կանոններին և մեթոդաբանությանը, իսկ մյուս կողմից` հղի է ցանկացած պահի իրավիճակը վերահսկողությունից դուրս հանելու իրական վտանգով:

Փաստացի, սա լայնածավալ պատերազմի սադրանք է, որին հայկական ուժերը չեն տրվում բացառապես պրոֆեսիոնալիզմի և բանակցային գործընթացում հայկական կողմի ունեցած հարաբերական դիրքային առավելությունը չեզոքացնելու` Բաքվի մտադրությունները հասկանալու պատճառով: Թերևս հենց դա է պատճառը, որ սահմանագծի ողջ երկայնքով ունենալով տիրապետող դիրքային առավելություն, նաև` ադրբեջանական բնակավայրերի խոցելիությունից օգտվելու առումով, հայկական զինուժը բավարարվում է միայն թեժացող կետերում և հարակից շրջաններում համարժեք, երբեմն էլ անհամարժեք` ավելի ցավոտ, հակառակորդին զսպելու գործողություններով:

Խնդիրը, սակայն, հայկական զինուժի ընտրած մարտավարությունը չէ: Թեև պետք է նկատել, որ ակնհայտորեն հասունացել, եթե չասենք` ուշացել է Տավուշի մարզի սահմանագծում հայկական դիրքերի և բնակավայրերի խոցելիությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը: Սակայն հիբրիդային պատերազմի առանձնահատկություններից մեկն այն է, որ մարտական գործողություններին զուգահեռ մոբիլիզացված գործում են նաև դիվանագիտական և ինֆորմացիոն-քարոզչական ռեսուրսները: Եթե երկրորդի մասով որոշակի խաղի կանոններ արդեն ձևավորվել են, դիվանագիտական ճակատում բացարձակ անգործություն է: Որտե՞ղ է այս դրամատիկ օրերին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչո՞ւ է կատարվող պրոցեսների շրջանակներում պապանձվել ԱԳՆ-ն, բացարձակապես հասկանալի չէ: Թեև մյուս կողմից` գուցե հենց գործը չփչացնելու համա՞ր են նրանց մեկուսացրել... Ո՞վ գիտե:

Գևորգ Դարբինյան