Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա սադրանք չէ, սա ահաբեկչություն է, սա պատերազմական գործողություն է, բոլոր պայմանավորվածությունների խախտում է, սա փաստն է այն հանգամանքի, որ իրենք տրամադրված են թշնամաբար, և այն բոլոր մոլորեցնող և կեղծ օրակարգերը, որ կան դաշտում, իբրև թե խաղաղության օրակարգի շուրջ, դրանք հին են, դատարկ և անիմաստ, որովհետև նման թշնամու հետ շատ դժվար է հարևանությամբ ապրել, ուր մնաց խաղաղություն մուրալը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած սադրանքին։
«Սա այդ ամենի ապացույցն է, և պետք է սրանից լուրջ հետևություններ անել ու հասկանալ, թե ի վերջո ո՞րն է նպատակը այդ կեղծ օրակարգի։ Ադրբեջանի նպատակը միշտ եղել է նույնը։ 30 տարի շարունակ եղել է նույնը, պարզապես մինչև 2018թ․-ը չի հաջողվել և, եթե առաջ նման հայտարարությունները կամ լռության էր մատնվում, կամ համապատասխան արձագանք էր ստանում, հիմա իրենք այդ կեղծ ինֆորմացիայով կարողանում են ինչ-որ իրավիճակ ստեղծել, իրենք ունեն բանակցային գործընթացի հստակ օրակարգ, որով այդ ամեն ինչը տանում են։ Սա նորություն չէ։ Միշտ է այդպես եղել։ Նման դեպքերում նոյեմբերի 9-ից հետո մի ուղղությամբ չեն ասում, միշտ շեշտում են թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի սահմաններից են եղել կրակոցները։ Սա քաղաքականություն է, որը Ադրբեջանը վարում է, որին պատասխան չկա»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով Արցախում մի տեսակ լռություն, պայքարի նպատակից հետ կանգնել, որոշումներից հետ կանգնել չի առաջացնում․ «Երեկվա մեր նահատակները, քաջորդիները հասարակության կողմից ընդունված մարդիկ էին, շատերն էին ճանաչում, տեսակը, որ զոհվեց, յուրահատուկ մարտիկներն են, որոնք պայքարել են միշտ հանուն հայրենիքի, հանուն խաղաղության և այդ գիտակցումը, որ խաղաղությունը չեն մուրում, այլ խաղաղության համար պայքարում են, դրա կրողն են եղել և, ճիշտ է, անկախ այն հանգամանքի, թե մենք մեր հերոսներին անձամբ ճանաչում ենք, թե` ոչ, մեծ ցավ է յուրաքանչյուր զոհը, բայց այս պարագայում երևի եռակի կամ հարյուրապատիկ ավել է, երբ անձամբ ճանաչում էինք, շատ շատերն էին ճանաչում զոհվածներին և դրանով պայմանավորված, առանց սուգ հայտարարելու Արցախում սուգ է»,- նշեց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ քայլեր են անում իշխանությունը, որովհետև հստակ քայլերի դեպքում իրավիճակի փոփոխություն կարձանագրվեր․
«Այն քաղաքականությունը, որը վարվում է հիմա, բնականաբար անարդյունավետ է և նման իրավիճաները լինելու են հաճախակի, լինելու են ավելին, քան կան, որոհետև, եթե առաջ կարող էինք սադրանք ասել, հիմա սադրանք կոչվել չեն կարող և Ադրբեջանի դիրքորոշումը ավելի քան հստակ է՝ վերացնել Արցախում ցանկացածին` հայի ազգանունը կրող և դրանով իսկ ազատվել այնտեղ ապրող հայերից։ Այս պարագայում իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում իրականությանը և տարվում են ի շահ Ադրբեջանի։ Բանակցությունների սեղանին այն գործընթացն է, որը վտանգ է ներկայացնում Արցախի և Հայաստանի համար և այդ օրակարգը պահում և առաջ են տանում Հայաստանի իշխանությունները։ Արցախում կան իշխանություններ, որոնք որդեգրել են քաղաքական հեզությունը և հեզորեն կատարում են բոլոր քաղաքական պահանջները, ինչ հրահանգավորվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Վարվում է նման քաղաքականություն համատեղ, հետևաբար սա շարունակվելու է, ավելի սահմանները մեծանալու են, որովհետև Ադրբեջանը ունի նկրտումներ նաև ՀՀ-ի նկատմամբ և իրենք քայլ առ քայլ մոտենում են իրենց պահանջների իրագործմանը և ցանկությունների կատարմանը»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ այն ինչ, սկսեց կատարվել Արցախում դեկտեմբերի 3-ից, այն ժամանակ արդեն Արցախի ժողովուրդը հայտնեց իր դիրքորոշումը քաղաքական ուժերի հետ միասին, որ ինքը ընտրում է պայքարի ուղին և չի կարող զիջել ոչինչ, քանի որ զիջելու ոչինչ չկա, զիջել նշանակում է մեռնել կամ լքել հայրենիքը․
«Այդ որոշումը կայացնելով այդպես էլ առաջ շարժվեցինք առ այսօր՝ կրելով այդ ծանր զրկանքները։ Առաջին իսկ օրվանից նշվել է, որ սա հումանիտար դաշտում լուծվող խնդիր չէ, առաջին հայացքից հումանիտար ճգնաժամ է, շրջափակման իրավիճակում լինել-չլինելու խնդիր է, բայց առաջնահերթությունը պետք է տալ քաղաքական լուծումներին, լինել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով։ Ցանկացած հումանիտար դաշտի քննարկում բերելու է խորը ճգնաժամի, ինչի ականատեսը եղանք։ Չպետք է լուծումները տեղափոխվեր այլ դաշտ, որովհետև մենք բավականին ընթացք ունեինք, որը ճիշտ էր և ժողովուրդն էլ պատրաստ էր դիմակայելու, ժողովուրդը առ այսօր էլ պատրաստ է դիմակայելու, միայն թե չտեսնի ու չանցնի այն ամենի միջով, ինչով հիմա նա անցնում է։ Շրջափակումը իրականում ևս մեկ պատերազմ է և ժողովուրդը գիտակցաբար գնաց դրան, շրջափակումը մեզ համար զուտ սննդի պակասը չէ, կենցաղի դժվարությունները չեն, պայքար է, որ մենք պետք է արժանապատիվ տանենք»,- ավելացրեց պատգամավորը։
Լ․Ա․