Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է.
«Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։
Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։
Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։
Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։
Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»։