կարևոր
7072 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-21 18:54
Մշակույթ

Փարաջանովի արվեստը՝ միջազգային բեմում. «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը ներկայացվել է Բելգիայում

Փարաջանովի արվեստը՝ միջազգային բեմում. «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը ներկայացվել է Բելգիայում

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը հոկտեմբերի 14-18-ը ներկայացվեց Բելգիայում՝ «Film Fest Gent»-ում: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը և պրոդյուսեր Շուշանիկ  Միրզախանյանը: Ցուցադրությանը մասնակցեցին նաևՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, ՀԲԸՄ-ի ուսանողներ և փառատոնի այլ հյուրեր: Մինչ ցուցադրությունը, կարմիր գորգի արարողության ժամանակ, հայկական պատվիրակության անդամները փառատոնի կազմակերպիչներին նվիրեցին հայկական մշակութային խորհրդանիշեր:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին՝ Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն ընդգրկված էր VENICE CLASSICS մրցութային ծրագրում և մեծ ուշադրության արժանացավ այնպիսի հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են Hollywood Reporter, Business Doc Europe և BBC: Փարաջանովին նվիրված այս ֆիլմը դարձավ նշանավոր, քանի որ 20 տարի անց Վենետիկում կրկին ծածանվեց Հայաստանի դրոշը:

Ֆիլմի սյուժեն սկսվում է ռեժիսորի որոշմամբ. դրամատիկ իրադարձությունների պատճառով լքել այն երկիրը, որտեղ ապրում է և վերադառնալ Հայաստան՝ Փարաջանովի տուն-թանգարան: Ռեժիսորն իր կյանքի այս փուլում փորձում է հասկանալ, թե ինչպես շարունակել ապրելու ստեղծագործել, երբ իրականությունը դառնում է դժվար դիմանալու:

Ֆիլմում անցյալն ու ներկան միահյուսվում են՝ ներկայացնելով մարդու ազատության գաղափարը ոչ ազատ պայմաններում, ինչպես նաև այն հարցերը, թե ինչպես են պատերազմներն ու բռնապետությունները ազդում մշակույթի վրա:

Ֆիլմում ուսումնասիրում են, թե ինչպես պետք է կյանքն ու ստեղծագործականությունն ապրեն անկախ արգելքներից ու դիկտատուրաներից: Փարաջանովի կերպարը միավորում է տարբեր բարիկադներում գտնվող մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ, թե ինչ անել մերժված իրականության պայմաններում:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում: Հատուկ հարցազրույցներ են կատարվել այնպիսի հայտնի անձանց հետ, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Չուլպան Խամատովան և այլոք: Ֆիլմում անցյալն ուներ կան միահյուսվում են՝ վերածվելով յուրօրինակ աբստրակցիայի, որը ներկայացնում է հեղինակային մոտեցումը կինոյի և մշակույթի վերաբերյալ:

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է՝ աջակցված Հայաստանի ազգային կինոկենտրոնի, ԿԳՄՍ նախարարության, Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունների կողմից:

Սյուզի Դավթյան