կարևոր
316 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-21 15:01
Քաղաքական

Ժողովուրդը չունի էն վստահությունն Ադրբեջանի նկատմամբ, ինչ ունի Ձեր կառավարությունը․ Լևոն Քոչարյանը՝ Մհեր Գրիգորյանին

Մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանձնաժողովի նիստը:

 Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
 

«Այս տարի Տավուշի այն գործընթացը, որն իրականացվեց՝ զորքերը հետ քաշվեցին, ինչպես դուք եք նշում՝ սահմանի վերականգնումն է արվել, որի հետ, իհարկե, մենք համաձայն չենք, այդ ամեն ինչի հիմքերը չկան, բայց դուք դա նորմալ եք համարում, ու հետ եք գնում՝ 2004-ից սկսած մարդկանց սեփականության վկայականներ տալն եք խնդիր համարում․ ինչևէ, սա որպես փոքր արձագանք»,- դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հիմա, կապված այս կանոնակարգի 5-րդ հոդվածի հետ, որով որոշվում է՝ հատվածական է արվելու սահմանազատումը․ այսինքն՝ սրա հետ կապված կան շատ լուրջ հարցեր՝ նախ՝ ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ այս ամենը սկսվի հենց Տավուշի մարզից, մյուսը՝ ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե հաջորդը որն է լինելու։ Այս մասով լուրջ վտանգներ են թաքնված այստեղ։ Հանրության մեծ մասը չունի այն վստահությունը Ադրբեջանի նկատմամբ, ոնց որ ունի այս կառավարությունը, որովհետև շատ մեր հայրենակիցներ ունեն մտավախություն, որ Ադրբեջանն իր ուզած հատվածում անելու է սահմանազատում, ստանալու է իր ուզածը, ինչպես եղավ Տավուշի դեպքում, և ընդհանուր գործընթացը հնարավոր է ավարտին չհասնի, բայց ինքն այդ ընթացքում ունենալու է այն, ինչը ունի Տավուշում։ Ինչո՞ւ չի համաձայնեցվել, կամ փորձ արվել համաձայնեցնելու մի սկզբունք, որով ամբողջ երկայնքով  քարտեզի վրա կլինեն պայմանավորվածություններ, հետո նոր ամեն ինչ համաձայնեցնելու դեպքում միայն հողի վրա կարվեն կոնկրետ աշխատանքներ։ Արդյո՞ք սա չէր զսպի այն վտանգները, որ Ադրբեջանը կեսից կարող է հետ քաշվել գործընթացից և Հայաստանը մնա անհասկանալի վիճակում»,- փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։