կարևոր
931 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-21 17:42
Քաղաքական

Հայ դատի հանձնախումբը Եվրոպական Խորհրդարանում ստորագրահավաք է սկսել

Հայ դատի հանձնախումբը Եվրոպական Խորհրդարանում ստորագրահավաք է սկսել

COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին եւ պահանջում ապօրինի պահվող հայ պատանդների եւ ռազմագերիների վերադարձը։  

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է այս ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը եւ «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակը COP29-ը համարում են միջոց՝ միջազգային ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, Արցախի ռազմական եւ քաղաքական պատանդներին, պատերազմի գերիներին ազատ արձակելու համար։ Այդ ուղղությամբ թե՛ քարոզչական աշխատանքով եւ թե՛ տարբեր հանդիպումներով մեծ աշխատանք է կատարվում, նաեւ միջազգային մամուլով ներկայացնելով Ադրբեջանի իրական պատկերը։

Այս օրերին ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Եվրոպական Խորհրդարանում ստորագրահավաք է սկսել եւ հայտարարությամբ է հանդես գալու երեք կարեւոր հարցերի առնչությամբ՝ գերիների եւ պատանդների վերադարձ, Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ Ադրբեջանը՝ որպես սպառնալիք Հայաստանի համար։ Մեր հայտարարությանը միացել են Եվրախորհրդարանի մեծ թվով պատգամավորներ։

Նոյեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսում ենք կազմակերպել մեծ խորհրդաժողով, որը հիմնակում նվիրված կլինի ռազմական եւ քաղաքական գերիների եւ պատանդների ազատ արձակմանը, որին ակնկալում ենք նաեւ նրանց ընտանիքներից ներկայություն։ Անշուշտ ներկա կլինեն Եվրոպական պատգամավորներ, քաղաքական այլ անձիք, ընկերային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ»։

Գ․Կարապետյանի փոխանցմամբ հանձնախումբն աշխատանք է տանում նաեւ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերում գերիների եւ պատանդների վերադարձի հարցը արծարծելու ուղղությամբ։ «Մեր ամբողջ քարոզչական մեքենան այս ուղղությամբ է աշխատում, տարբեր երկրներում մեր հանձնախմբերն իրենց երկրների պատգամավորների հետ հանդիպումներ են ունենում, ակնկալում ենք, որ որոշ պատվիրակություններ Բաքվում այդ հարցերը կբարձրացնեն։ Շատ կարեւոր է, որովհետեւ Արդրբեջանը փորձում է տարբեր երես ցույց տալ, արդեն մեր ամբողջ քարոզչական աշխատանքով փորձում ենք ցույց տալ, որ Ադրբեջանն այսօր այն չէ, ինչ ներկայանում է եւ միջազգային գրեթե բոլոր կարեւոր լրատվականների միջոցով ներկայացվում է թե մարդկային իրավունքների տեսակետից Ադրբեջանը ինչ մակարդակում է եւ Արցախի ժողովրդի հանդեպ ինչ վերաբերմունք ունի»,- նշել է նա։

Գ․Կարապետյանը հավելեց, որ COP29-ով չի դադարի աշխատանքներն այս ուղղությամբ եւ Հայ դատի գրասենյակներն իրենց ունեցած քաղաքական բոլոր լծակներով աշխատանք են տանելու, որպեսզի Բաքվում պահվող հայ ռազմագերիներն ու պատանդները վերադառնան։