Արմենակ Կյուրեղյանի պատմությունը
1900 թ., Սեբաստիա
Աղբյուրը՝ armeniangenocide100
Արմենակ Կյուրեղյանի պատմությունը
1900 թ., Սեբաստիա
Հայոց ցեղասպանությունը վերապրած Արմենակ Հարությունի Կյուրեղյանը ծնվել է 1900 թ. Սեբաստիա քաղաքում։ Ուսանել է քաղաքի Արամյան վարժարանում մինչև 3-րդ դասարան: Հայրը՝ Հարություն Կյուրեղյանը, ծնվել է Զառայի մոտ գտնող Քարհատ գյուղում, մայրը՝ Գոհարը (ծնյալ Թոսունյան)՝ Թեքելիում։ Ուներ 3 եղբայր (Խորեն, Համբար (Համբարձում) և Արամ), 4 քույր (Զարուհի, Իսկուհի, Հայզվարթ և Արուսյակ):
«Անվերջանալի ճանապարհ, ցերեկուայ յարձակում կընեն, երբ իջեւանած ենք տեղ մը եւ քիչ հանգիստ պիտի ընենք։ Քիւրտեր, արաբներ կուգան, կը ծեծեն, կը սպաննեն, կը կողոպտեն, աղջիկ, կին կը փախցնեն ու կերթան։ Կարաւանը կը քալէ, վա՜յ ետ մնացողին, թէեւ առջեւէն կամ մէջտեղէն գացողն ալ ապահով չի. նոյն ջարդը։ Արաբները, քիւրտերն ունէին կացին, մանգաղ, երկաթե թօփուզ` ծայրը գավազան մը։ Բոլորովին մերկ մնացինք անապատի մէջ՝ ցերեկը՝ տաք, գիշերը՝ խոնաւ, ցուրտ։ Ճամբաները ինկած սեւցած, ուռած, փտած դիակներ, ոմանք քարայրներու մէջ մեռած ու կաշի դիակ դարձած։ Ոմանք հորերու մէջ նետուած էին։ Այդ հորերու տակը ցեխ կար, զով էր. մի օր մենք ալ՝ ես եւ մայրս, չեմ յիշեր, ուրիշ ով կար իմ ընտանիքէս, մերկ մարմիննիս ծեփեցինք այդ ցեխով, վրանիս չորցավ, քանի մը օրեր յետոյ սկսանք հանել վրանուցս։ Միսերնիս ճեղքոտւեցաւ։ Մարմիննիս աղտոտ, վիրաւոր կը քալէինք անապատին մէջ ջուր փնտրելու…
Մեր կարաւանին տղամարդկանց ամենամեծ կոտորածը եղաւ Հասան Չէլէպի ըսուած տեղը, ուր հայրս ալ սպանուեցավ։ Մեզ մօտ հասան վիրաւոր, ուժասպառ երկու երիտասարդներ եւ պատմեցին Հասան Չէլէպի մնացած տղամարդկանց կոտորածի մասին. «Ամէնը կը բանտարկէին առանձին սրահներու մէջ եւ այնքան իրարու կից, որ մէկ օր ոտքի վրա կը մնան անօթի, ծարաւ։ Մէկիկ-մէկիկ դուրս կը հանին, կը հանվեցնէին, զոյգ-զոյգ կը կապին եւ կը յանձնին նաճախով զինուած երկուական հոգիի, քաշելով, քաշքշելով կը հասցնեն ձորի գլխին եւ կացիններով գլուխնուն, վզերնուն զարնելով կը գլորին ձորն ի վար։ Բոլորին այս ձեւով կը սպանին»։ Մեզ պատմող վիրաւորները նոյն ճակատագրով ձորը կը գլորվեն, մինը գիշերը կարթննա, ձայն կը հանէ, իր հետ եկողն ալ ողջ մնացած կըըա։ Ձորակ կը բռնեն ու մեր հետքերը փնտրելով՝ կը հասնին մեզի։ Մայրս, որ լալը չէր դադրեցուցած, յոասդքւեցաւ այս Երկու տղոց լսելով…
Հասկցանք, որ մեր պարխանան Ուրֆայի կողմն է եւ դէպի Տէր-Զօր կը տանեն։ Կը քալենք, բոպիկ ոտքերնիս գետնի տաքութենէն վեր կը ցատկենք, արեւը մեր մարմինը կը ցավցնէ, գիշերն ալ կը պաղենք։ Ես, մայրս, Արամը, Զարուհի քոյրս որոշեցինք չի շարունակել, ուժասպառ մնացինք ճամբան. գիշերները քալեցինք, ցերեկները քարայրներու մէջ սեւցած, նեխած դիակների մօտ պառկեցանք…
«Ջարդի ընթացքին իմ ընտանիքի ճակատագիրն է. հայրս Հասան Չէլէպի կացնահար, մայրս՝ մերկ, կմախք մնացած անապատը, Արամ եղբայրս մեզմէ խլեցին կենդանիներուն տրված ջուրէն մեզի տալու համար, 7 ամսական Արուսեակ քոյրս հարվածէն մեռավ մօրս գիրկին մէջ՝ Մուրատ գետին վրա, 6 տարեկան Հայզուարթ քոյրս կոխկռտւեցաւ-մեռաւ, Իսկուհի քոյրս մարդկային մարմնով լեցուն հորի մէջ նետւեցաւ՝ մեզ ջուր հասցնելու համար, արաբները հորին բերանը փակեցին, Զարուհի քոյրս գիւղի մը մէջ ծառա վերցուցին՝ մեզ կտոր մը հաց տալու համար։ Այս բոլորէն ես ազատւեցա և 4 տարի հետո ալ եղբարս՝ Արամին գտա»…
1919 թ. Եղել է Հալեպի, 1919-1920 թթ.՝ Ադանայի, 1920-1922 թթ.՝ Կ.Պոլսի որբանոցներում։
1922 թ. դեկտեմբերին մեկնելէ Փարիզ:
1926 թ. ամուսնացել է և ունեցել 2 որդի, 4 թոռնիկ։
Արմենակ Կյուրեղյանն իր կենսագրականում նշում է. «Ահաւոր կոտորածէն ազատված եւ մինչեւ 1914–1918-ի պատերազմը եղել եմ արաբ և քիւրդ աշիրէթներու մէջ։ Եղել եմ Ուրֆա, Թելլապիատ, Հալէպ, Ադանա, Պոլիս, Փարիզ, Երեւան։ Տունը աշխատող, տաբատ կարող եմ։ 1925-1926-էն սկսյալ մինչև 1947 թ. նվիրված եմ եղել հասարակական աշխատանքի։ Եղել եմ Հայրենակցական միութեան, ՀՕԿ-ի մասնաճիւղերու քարտուղար, մարզական միության մը գանձապահ, Փարիզի և փարիզյան շրջանի ներգաղթի կօմիտէի քարտուղար… Ամբողջ գիտակցական կեանքս նւիրել եմ հայ և ֆրանսացի ժողովրդի դատին։ Եղած եմ անդամ բոլոր կազմակերպութիւններուն, մանաւանդ հայ մշակոյթի տարածման, հայը հայ պահելու գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմին… Միսաք Մանուշեանի տարած աշխատանքներում օգնած եմ նիւթապէս և բարոյապէս»։
Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 208-220: