Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Գարեգին Հովսեփյանը պատմել է Վանի գավառի Վան գավառակի Թիմարի Մարմետ գյուղի կոտորածի մասին: Գյուղի բոլոր չափահաս տղամարդկանց բռնի զինվորագրելուց հետո հայ բնակչության ծեծը, չարչարանքը, հալածանքը հասել է գագաթնակետին: Թուրքերն այնքան էին առաջ գնացել, որ անարգել մտնում էին հայերի տները, թալանում կանանց զարդերը, առևանգում մանկահասակ աղջիկներին: 1915-ի ապրիլի 8-ին Մեհմետ բեյը հայտարարել է, թե կառավարական հրահանգի համաձայն՝ 15-ից 80 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է գան եկեղեցի: Նա ցանկացել է հրդեհել եկեղեցին, սակայն տեղի է տվել կանանց աղաչանքներից հետո. բոլորին կապել է իրար, տարել գյուղից քիչ հեռու Ժամտան անունով սարն ու այնտեղ սպանել:
«Նախքան պատերազմը Թիմարի կառավարութիւնը յայտարարեց, որ 25-45 տարեկանները, իբրև զինուորցուներ, 24 ժամուան մէջ ներկայանալու են Թիմարի կառավարական կեդրոն և այնտեղից կը ղրկուին, ուր որ անկ է, հակառակ պարագային, եթէ որոշեալ ժամանակամիջոցին չներկայացաք, իբրև օրէնքին անսաստողներ, Պատերազմական Ատեանով պիտի պատժուիք: Յայտարարութենէն 24 ժամ վերջ ներկայացանք զինուորական իշխանութեան, և այնտեղից ալ` Վան:
Իրրև պատերազմական տուրք կառավարութիւնը բռնի կերպով հաւաքեց գիւղացիներէն 340 չափ ցորեն, 150 չափ գարի, 112 չափ պլղուր, 850 զոյգ գուլպայ, 800 զոյգ ձեռնոց, 1200 զոյգ չարուխ, 520 ոչխար, 20 սայլ, 80 եզ, ու 20 մարդ սայլապան, մինչև այսօր անոնցմէ ալ ոչ մէկը չվերադարձաւ:
Կառավարութիւնը զինեց իսլամներու 15-70 տարեկանները, զէնքի ընդունակները, 5, 9 կրակնոց կափաղլի, մսրլի, մարթինի պետական հրացաններով ու չէթայական խումբեր կազմակերպեց ու ղրկեց հայ գիւղերը` պատերազմական իրեր հաւաքելու: Ծեծ, չարչարանք, հալածանք կը հասնէին իրենց գագաթնակէտին: Անոնք այնքան առաջ գացին, որ կը մտնէին հայերու տները, կը թալանէին կիներու զարդ ու զարդարանքներ, և նոյնիսկ մեր գիւղէն առևանգեցին Մխիթարեան Յակոբի 12 տարեկան աղջիկ Փիրուզը, Տէր Յովհաննէս խան Պօղոսի 13 տարեկան աղջիկ Փիրուզը, Սուլթանեան Պօղոսի 10 տարեկան աղջիկ Մարգրիտը, Մասիկեան Յակոբի 20 տարեկան (որբևայրի) աղջիկ Մարգարիտը, որի մայր Սուսանին ալ սպաննեցին, Ճուեկեան Յովհաննէսի 15 տարեկան աղջիկ Ալթունը, Համբարեան Յարութիւնի 7 տարեկան աղջիկ Ալմաստը:
1915 թ. ապրիլ 8-ին հայտարանցի ՄեՀմէտ պէյն իր ծառաներով ու խուժանով՝ մօտ 700 հոգի, երկու օր մնալէ և հիւրասիրուելէ վերջ գիւղապետին միջոցաւ յայտնեց գիւղացիներուն, թէ` 15-80 տարեկան տղամարդիկը հաւաքել տուր եկեղեցին, կառավարութենէն հրահանգ կայ, որ պիտի կարդամ ձեզ:
Գիւղացիները` թուով 150 հոգի եկան և ներկայացան պէյին, լեցուց եկեղեցին և ուզեց կրակ թողնել վրանին ու վառել, սակայն կիներու խնդրանքին, լաց ու կոծին վրայ, իրար կապելով, տարաւ գիւղից 1/4 ժամ հեռաւորութեան վրայ Ժամտան անունով սարը, և բոլորին սպաննեցին, որոնց մէջն էր Տէր Յակոբը, ռէս Յովհաննէսը և գիւղի աղաներէն՝ Նշան, Գալուստ, Մարտիրոս, Թովմաս, Արմենակ (ուսուցիչ), և եկեղեցոյ դպիրներ՝ Թորոս և Մարգար:
Յաջորդ օրը Ջանիկի միւտիրի ղեկավարութեամբ կանոնաւոր զօրքը և Մեհմէտ պէյն իր ծառաներով պաշարեցին գիւղը, աւարի տուին ու հանդիպողին անխնայ սպաննեցին` մօտ 30 կին, երեխայ, և գիւղը այրեցին: Նոյնպէս հրապարակաւ զօրքերն ու քրտերը բռնաբարեցին կիները: Մենք սկսանք փախչիլ դէպի Վան, որու միջոցին, որ 25 մարդ ազատ էին մնացեր թիւրքական և քրտական գազանութիւներէն, այն ալ Զեւէն գիւղի քրտեր կացիններով ու քարերով գլուխն են ջախջախեր ու սպաններ էին Կճանից ձորուն մէջ: Իսկ մնացած ժողովուրդը փախաւ Աւանց գիւղը և այնտեղի հայերու կողմէն պաշտպանուեցան, մինչև, որ ռուսական ու կամաւորական բանակներ մտան Վան ու գրաւեցին շրջակայքը: Մենք վերադարձանք մեր գիւղը, սկսանք խոտ հնձել, հունձքերը հնձել և կալսել: Յանկարծ վրայ հասաւ յուլիսեան մեծ նահանջը, իսկ մենք թողուցինք ամէն ինչ և Բերկրիի գծով գաղթեցինք, որտեղ ենթարկուեցանք զիլանցի և հայտարանցի քրտերու յարձակումներուն: 100 կին և 15 հատ 8-10 տարեկաններ սպաննուեցան ու վախէն մեռան, 7 հատ ալ լեցուեցան Բէնդի–Մահու գետը ու խեղդուեցան:
Մնացածը տեղաւորուեցանք Իգդիրի և Ղամարլուի շրջանները: 1916 թ. մարտ 20-ին վերադարձանք հայրենիք ու Միացեալ Ընկերութենէն ստանալով լծկան, սերմացու` սկսանք դաշտային աշխատանք կատարելու, սակայն օգոստոսեան նահանջին թողուցինք ու վերադարձանք մեր տեղերը»:
27 օգոստոսի 1916 թ., Ղամարլու
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 438, թթ. 24-26, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 140 – 142: