Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել «Սանիթեք»-ի աշխատակիցների ու տեղի բնակիչների՝ 59-ամյա մի տղամարդու ու նրա որդու միջև: Վիճաբանությունն սկսվել էր աղբատար մեքենայի լվացման պատճառով և ավարտվել ծեծկռտուքով, ինչից հետո 59-ամյա տղամարդը մահացել էր, իսկ նրա որդին ստացել էր մարմնական վնասվածքներ:
Yekir.am-ի տեղեկություններով` խնդիրն ամենևին էլ աղբատար մեքենայի լվացումը չէ: Ընկերության հարակից տարածքի բնակիչները դիմել են Yerkir.am-ին և հայտնել ուշագրավ մանրամասներ:
«Մենք` բնակիչներով, խնդրում ենք, որ այդ հիմնարկն այստեղից հանեն, ահավոր անհանգստություն է մեզ համար: Ճանճերը, մոծակները, հայհոյանքը, կեղտոտությունը, գիշերվա անհանգստությունը` այդ բոլորն իրար է գումարվում: Սա բնակտարածքի մեջ անթույլատրելի է»,- ասացին նրանք, ապա հավելեցին` շատ ազատ տարածքներ կան, թող տեղափոխվեն այլ վայր:
Բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դիմել են պատկան մարմիններին, սակայն իրենց ասել են, որ ամեն ինչ համապատասխանում է օրենքին: «Կատարվել է ուսումնասիրություն և պարզվել, որ «Սանիտեք» ընկերության կողմից օգտագործվող տարածքը գտնվում է պատշաճ սանիտարական վիճակում»,- այսպես է եղել պատասխանը:
Բնակիչների պնդմամբ` իրենց 59-ամյա հարևանին սպանել են հենց այս խնդիրները բարձրաձայնելու համար: «Զանգել են այդ մարդուն, կանչել, թե` եթե բողոքում եք, եկեք այսինչ տեղը: Գնացել են, այդ մարդկանց քաշել-ծեծել են: Ինչո՞ւ են կանչել հեռու տեղ ու այդ մարդուն սպանել: Սիրտը վատ մարդ է եղել»,- վրդովվեց բնակիչներից մեկը: Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Բողոքել է, տեսել են` իրենց հունով չի գնում, սպանել են: Այդպես է ստացվում: Ես էլ եթե բողոքում եմ, այս պատճառով կարող է գալ, վաղն էլ ինձ ծեծելով սպանել»:
Բնակիչների պատմելով` «Սանիթեք»-ից ասում են, որ իրենք այլ ելք չունեն, աշխատել են ու կաշխատեն: «Մարդու սրտին ինչո՞ւ է ցավ տալիս, որ նրանք մարդկայինը լրիվ հանել են արդեն, հավասարացրել են իրենց «Սանիթեք»-ին»,- ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչները պահանջում են, որպեսզի «Սանիտեք» ընկերության փոխարեն այդտեղ լինի խաղահրապարակ: «Խաղահրապարակ պետք է լինի այդտեղ` մեր սպանված հարևանի անունով»,- ասացին նրանք:
Ի դեպ, այս պահին «Սանիտեք» ընկերության տարածքը արդեն մաքրած է: Բնակիչների խոսքով` սկսել են մաքրել սպանությունից հետո, երբ մամուլը սկսել է հաճախակի անդրադառնալ դեպքին, սակայն, նրանց խոսքով, գիշերվա ժամերին դարձյալ գարշահոտություն է տարածվում:
Ի դեպ, դեպքի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջերս լրագրողների հետ զրույցում նշել էր. «Մասնավոր ընկերություն է, մասնավոր տարածքի մասին է խոսքը: Մենք` որպես քաղաքային իշխանություններ, հորդորել ենք, որ հոտն ու աղմուկը վերացնեն, որ բնակիչներին անհարմարավետություն չստեղծեն: Ինչ մնում է այդ գործարքին, ապա այն երկու մասնավոր ընկերությունների և սեփականատերերի միջև է կնքված: Դա ո'չ պետության, ո'չ համայնքի միջև կնքված չէ, մենք այստեղ անելիք չունենք»:
Բնակիչները նշեցին, որ եթե իրենց պահանջները չկատարվի, իրենց այլ ելք չի մնա, քան փակել ճանապարհը և թույլ չտալ «Սանիթեք» ընկերության մեքենաների մուտքը այդ տարածք: Բնակիչներից մեկն էլ սպառնաց, որ հարցին իրենց ցանկացալի հունով ընթացք չտալու դեպքում իրենք անուններ կհրապարակեն:
Նշենք, որ 59-ամյա տղամարդու մահվան փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 59-ամյա քաղաքացին և նրա որդին ճանաչվել են տուժող։ Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Մանրամասները` տեսանյութում: