կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 16:11
Հասարակություն

Թուրքերն ամուսինների աչքի առաջ բռնաբարում էին կանանց, ապա սպանում

Թուրքերն ամուսինների աչքի առաջ բռնաբարում էին կանանց, ապա սպանում

Հեղնար Սարգսյանի պատմությունը

1896 թ., Կարս

Ելենա Կիրվալիձեն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել հայրական կողմից իր տատի պատմությունը: Երբ ծնվել են նրա երեխաները, սկսվել է պատերազմը: Նրանք դարձել են փախստական՝ սայլերում տանելով երեխաներին և ծերերին, սովամահ լինելով, իսկ ճանապարհին հանդիպած թուրքերը չէին խղճում ոչ ոքի, անգամ `երեխաներին: Նա պատմել է՝ ինչպես էին բռնաբարում աղջիկներին, ապա` սպանում, ինչպես էին ծնողների աչքի առջև սպանում նրանց երեխաներին, ինչպես էին տղամարդկանց աչքի առաջ բռնաբարում նրանց կանանց, ինչպես էին մի կտոր հացի համար տալիս իրենց ոսկեդրամներն ու թանկարժեք զարդերը:

 

«Հայրական կողմից տատիկիս պատմությունն է: Տատիկիս հայրը՝ Թևոս Սարգսյանը, գյուղապետ էր: Երկու զավակ ուներ. դուստը՝ Հեղնարը, և որդին՝ Գեղամը: Տատիկս 13 տարեկան էր, երբ ամուսնացավ, սակայն նա շուտով այրիացավ և վերադարձավ հայրական տուն: Մի օր նրանց գյուղ եկավ հարևան գյուղի գյուղապետն իր որդու հետ, ում ուզում էին ամուսնացնել: Մեծ պապիկս գնացել էր նրանց հետ, սակայն այդ աղջիկը, իմանալով, որ իրեն ուզում են ամուսնացնել, փախել էր իր սիրած տղայի հետ: Հյուրերի հետ տուն վերադառնալով՝ տատիկիս հայրն ասաց. «Ես թույլ չեմ տա, որ իմ ընկերն իր գյուղ վերադառնա առանց հարսնացուի, և այդ պատճառով ձեզ հարսնության կտամ դստերս»:

 

Եվ այդպես Հեղնար տատիկս ամուսնացավ Հովհան պապիկիս հետ: Հովհանը նույնպես ամուրի էր և մի փոքր մեծ էր տատիկիցս: Երկու ընտանիքներն էլ հարուստ էին: Երբ ծնվեցին նրանց երեխաները, սկսվեց պատերազմը: Տատիկս պատմում էր, որ նրանք մեծ տնտեսություն ունեին և շատ ոսկե իրեր, որոնց մեծ մասը կավե սափորներով թաղել էին իրենց բակերում: Տատիկս ասում էր նաև, որ եթե հնարավորություն ունենայի գնալու հայրենիք, ապա կգտնեի դրանք: Այդպես նրանք դարձան փախստական՝ սայլերում տանելով երեխաներին և ծերերին, սովամահ լինելով, իսկ ճանապարհին հանդիպած թուրքերը չէին խղճում ոչ ոքի, անգամ երեխաներին:


Տատիկս լացելով պատմում էր՝ ինչպես էին բռնաբարում աղջիկներին, ապա սպանում, ինչպես էին ծնողների աչքի առջև սպանում իրենց երեխաներին, ինչպես էին տղամարդկանց աչքի առաջ բռնաբարում իրենց կանանց, ինչպես էին մի կտոր հացի համար տալիս իրենց ոսկեդրամներն ու թանկարժեք զարդերը: Նախապապերս ուժեղ և առողջ տղամարդիկ էին, երկու ընտանիքները միշտ միասին էին և պաշտպանվում էին սեփական ուժերով. երբեմն թաքնվում էին, բայց ամեն դեպքում ունեին կորուստներ:

Սպանված թուրքերից զենք էին վերցնում և պաշտպանվում դրանցով: Նախապապերս հավերժ քնով մնացին ճանապարհին:Պապիկիս երեք եղբորից մեկն իր կնոջ հետ մահացան գաղթի ճանապարհին: Նրանց որդի Վարդանին հետագայում մեծացրել էր իմ պապը: Քաղաքում սովից երեխաներ էին մահանում: Այդպես Հովհան պապիկս ու Հեղնար տատս, պապիկիս ավագ եղբայրը՝ Համոն, և նրա կինը Կարս քաղաքից դարձան գաղթական: Ես հստակ չեմ կարող հիշել՝ նրանք սկզբում Թբիլիսի էին եկել, ապա Կիրովաբադ, որտեղ տատիկիս եղբայրն էր՝ Գեղամը, ապա վերադարձել էին Թբիլիսի, որտեղ ծնվեց հորեղբայրս՝ Վարազդատը, թե՝ գնացել էին Արմավիր, որտեղ ծնվել էր Արփեն հորաքույրս և հայրս՝ Վլադիմիրը, որից հետո վերադարձել էին Թբիլիսի, որտեղ ծնվել էր կրտսեր հորաքույրս՝ Ռոզան:

 

Նրանք ծանր կյանք ապրեցին: Նրանցից ոչ ոք այլևս կենդանի չէ: Ես այդպես էլ չիմացա Հովհանես պապիս ազգանունը. գիտեմ, որ նրանք եկան և գրանցվեցին որպես Մանվելյան, իսկ նրա եղբայրը՝ Համոն՝ Գևորգյան (Գևորգով). պարզվում է՝ նրանք վերցրել են իրենց պապիկների՝ Մանվելի և Գևորգի անունները: Հարազատներիս ժառանգներն ապրում են տարբեր քաղաքներում: Մեր գերդաստանից Թբիլիսիում մի քանի ընտանիք է մնացել:

 

Եթե Կարսի փախստականների ավագ սերնդից որևէ մեկին ծանոթ է այս պատմությունը, արձագանքե՜ք: Ես գիտեմ, որ նախնիներիս երկու կողմերից էլ շատ հարազատներ և բարեկամներ կային: Տատիկիս ազգանունը Սարգսյան էր: Հուսով եմ՝ նրանց իրական ազգանունն էր, և նրանց ճանաչողներ կլինեն: Ահա այսպիսի պատմություն Կարսի գաղթականներից: Պատերազմը կորցնում է մարդկանց արմատներն ու փոխում ճակատագրերը»: