կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 11:35
Աշխարհ

Որտե՞ղ էին գերտերությունները, երբ սպանում էին հայերին. Հռոմի պապը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Որտե՞ղ էին գերտերությունները, երբ սպանում էին հայերին. Հռոմի պապը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին` 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար:

Ըստ Time պարբերականի՝ Հռոմի պապն իր քննադատություններն է հնչեցրել Թուրին` Հյուսիսային Իտալիա կատարած այցի ժամանակ և պատմել երիտասարդներին, որ հասկանում է, թե ինչու են նրանք դժվարանում վստահել աշխարհին:

Հռոմի պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին, Ռուսաստանում գուլագներին և դատապարտել է գերտերություններին ոչինչ չձեռնարկելու համար, այն ժամանակ, երբ բոլոր տեղեկությունները մատնանշում էին, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաները, քրիստոնյաները, միասեռականները և այլք ուղարկվում էին մահվան ճամբարներ:

Խոսելով Հայոց ցեղասպանության, նրա խոսքով` «Հայաստանի մեծ ողբերգության» մասին, Ֆրանցիսկոս պապն ասել է. «Նախորդ դարում այդքան շատ` միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»:

Խոսքն ուղղելով երիտասարդներին՝  նա հավելել է. «Այսօրվա աշխարհում ամեն ինչ արվում է  փողի համար»: Պապը քննադատել է նրանց, ովքեր, խաղաղություն քարոզելով, զենք են արտադրում և վաճառում:

Time պարբերականը հիշեցրել է նաև, որ ապրիլ ամսին Հռոմի պապը զայրացրել էր Թուրքիային՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը: