Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Գրիգոր Մյուչերեթյանի պատմությունը
Ռումտիկ
Գրիգոր Մյուչերեթյանը պատմել է, որ բռնագաղթեցնելու նպատակով Ռումտիկի հայերին հավաքել են եկեղեցու բակում: Թուրքերը եկել են եկեղեցի՝ իրենց հավանած կանանց ու աղջիկներին տանելու: Գրիգորի մորը ևս մի թուրք է մոտեցել՝ առաջարկելով ամուսնանալ, սակայն մայրը մերժել է՝ ասելով, թե նախընտրում է մեռնել, քան դավանափոխ լինել: Հետագայում ևս մի թուրք է ցանկություն հայտնում ամուսնանալ Գրիգորի մոր հետ: Մերժում ստանալով՝ թուրքը սպանում է նրան, իսկ Գրիգորին մի կերպ հաջողվում է հասնել Կեսարիա՝ հորեղբորորդու մոտ:
Րումտիկինի հայերը եկեղեցին կը հաւաքեն՝ բռնագաղթեցնելու նպատակով: Թուրքեր եկեղեցի կու գան իրենց աչքին հաճելի երեւցող կիներն ու աղջիկները տանելու: Երեխայ Գրիգոր Միւճէրէտեան իր մօր հետ եկեղեցւոյ մէջ սարսափի մատնուած` կը սպասէ գալիքը: Թուրք մը կը մօտենայ Գրիգորի մօր եւ կ՚առաջարկէ ամուսնանալ անոր հետ:
Մայրը կը մերժէ` ըսելով, թէ կը նախընտրէ մեռնիլ, քան հաւատափոխ ըլլալ: Ուրիշ թուրք մը կ՚առաջարկէ Գրիգորը իր մօտ ծառայութեան առնել: Գրիգոր կ՚ընկերանայ ասոր, սակայն ճամբան փախուստ կու տայ եւ իր տունը կը մեկնի: Թոփալ Մուրատ անունով թուրք մը Գրիգորն ու Երուանդ Դանիէլեան անունով ուրիշ հայ տղայ մը իր կալերուն մէջ կ՚աշխատցնէ: Թոփալ Մուրատ Երուանդը ոչխարի պէս դաշոյնով կը մորթէ՝ Գրիգորի վրայ սարսափ ազդէլով: Ժամանակ մը ետք Գրիգոր տուն կը վերադառնայ եւ մայրը հոն կը գտնէ: Մայր ու որդի ուրիշ չարիքի մը կը հանդէպին. Ղօճա Նէճիպ կոչուող թուրք հրէշ մը կ՚ուզէ Գրիգորի մօր հետ ամուսնանալ: Երբ մայրը կը մերժէ թրքանալ, թուրքը կը սպառնայ մայրն ու Գրիգորը սպաննել: Մայրը կը յաջողէ Գրիգորը ղրկել Կեսարիա` հօրեդբօրորդւոյն քով: Ղօճա Նէճիպ Գրիգորի մայրը կը սպաննէ:
Գրիգոր Կեսարիոյ մէջ կարճ ատեն մը կ՚ապրէ հօրեղբօրորդւոյն հետ, ապա կը մեկնէ Կեսարիոյ գիւղերէն Մունճուսուն` թուրքի մը մօտ ծառայելու: Մունճուսունի մէջ Գրիգոր տառապանքով լի կեանք մը կ՚անցընի իր հայ ընկերոջ հետ, որուն անունը չի յիշեր: Օր մըն ալ, Կեսարիայէն երկու ոստէկաններ կու գան եւ Գրիգորն ու ընկերը Կեսարիոյ քաղաքապետին քով կը տանին: Ճամբան ոստիկանները զանոնք սաստիկ չարչարանքի կ՚ենթարկեն՝ ձիերուն ետեւէն վազցնելով: Երբ Կեսարիոյ քաղաքապետը եղելութիւնը կ՚իմանայ, երկու ոստիկանները կը պատժէ: Գրիգոր չի յիշեր այս պատահարին թուականը, բայց պէտք է 1918-ի աշնան զինադադարէն անմէջապէս ետքն եղած ըլլար, որովհետեւ քաղաքապետը կ՚ըսէ, թէ հայ ազգը զիրենք կը պահանջէ: Գրիգոր որբանոց կը մտնէ: Կարճ ատեն ետք ան կը գտնէ իր հայրը: Բախտը զանոնք կը նետէ Ֆրանսա, ուր ալ կը հաստատուէն:
Հայկազուն Յ. Եափուճեան «Յիշատակարան Րումտիկինի», հրատարակութիւն Րումտիկինի Հայրենակցական Միութեան, տպարան «Ատլաս» , Պէյրութ, 1967, 288 էջ: Գրիգոր Միւճէրէտեան, «Մօր Մը Զոհողութիւնը» , էջ 214 – 224: