Էմմա Էյնաթյանի պատմությունը
1915 թ., Վան
Էմմա Էյնաթյանի պատմությունը
1915 թ., Վան
Թերեզա Սաղաթելյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պատմությունը: Նա ծնվել է գաղթի ճանապարհին, և մայրը, վտանգն ու դաժան պայմանները տեսնելով, թողել է նորածին երեխային կամրջի տակ ու հեռացել: Սակայն հետևից եկող բարեկամի կինը՝ Շուշիկը, որը բախտի բերումով նույնպես գաղթի ճանապարհին էր, տեսել է դա և երեխային վերցրել ու վերադարձրել է մորը:
Նկար մեջ ձախից աջ՝ Էյնաթյան Սեդա՝ մորաքույրս, Մաղաքյան Աստղիկ՝ տատիկս, Էյնաթյան Ցոլակ՝ քեռիս (կանգնածը), Էյնաթյան Վանիկ՝ վաղամեռիկ քեռիս, Նանե՝ պապիկիս մայրը, Էյնաթյան Էմմա՝մայրս, Էյնաթյան Մելիքսեթ՝ պապիկս:
«Իմ պապը՝ Մելիքսեթ Հովհաննեսի Էյնաթյանը, ծնվել է 1882-ին, Վան քաղաքում: Հորը կոչել են Էֆենդի Հովհաննես, եղել է վարժարանի տնօրեն: Ամուսանցած է եղել տատիկիս՝ Աստղիկ Մաղաքյանի հետ, որը մասնագիտությամբ դերձակ էր, իսկ պապիկս՝ ոսկերիչ: Ունեցել են աղջիկ՝ Անահիտ անունով: Ապրել են բարեկեցիկ կյանքով:
Պապս 1915թ. արյունոտ ապրիլին մասնակցել է Վանի ազատագրման շարժմանը, եղել է շրջանապետ: Թուրքերը նրան դաժանաբար ծեծել և գցել են հորի մեջ, սակայն նա ողջ է մնացել: Այնուհետև, տունը թողնելով իրենց տանն աշխատող քրդին և կճուճով ոսկին թաղելով բակի ծառի տակ, իր ընտանիքի, մոր և իր եղբայր Գալուստ Հովհաննեսի Էյնաթյանի հետ բռնել է գաղթի ճանապարհը: Իրենց մեկ տարեկան աղջիկը՝ Անահիտը, գաղթի ճանապարհի զրկանքներին չդիմանալով, մեռել է, իսկ տատիկս հղի է եղել իմ մայրիկով: Հենց գաղթի ճանապարհին է ծնվել մայրս: Վտանգն ու դաժան պայմանները տեսնելով՝ տատիկս թողել է նորածին երեխային կամրջի տակ ու հեռացել: Սակայն հետևից եկող բարեկամի կինը՝ Շուշիկը, որը բախտի բերումով նույնպես գաղթի ճանապարհին էր, տեսել է դա, և երեխային վերցրել ու հետ է վերադարձրել տատիկիս: Այդպես հասել են Երևան:
Որոշ ժամանակ անց Գալուստը մեկնել է Ամերիկա, իսկ պապս մնացել է Երևանում՝ հույս ունենալով, որ պատերազմի ավարտից հետո սահմանները կբացվեն և հետ կգնան իրենց երկիր: Տատս ու պապս ունեցել են չորս զավակ. մայրս՝ Էյնաթյան Ռուբինա (Էմմա) Մելիքսեթի, մորաքույրս՝ Էյնաթյան Թամարա (Սեդա) Մելիքսեթի, քեռիներս՝ Էյնաթյան Ցոլակ Մելիքսեթի և Էյնաթյան Վանիկ Մելիքսեթի:
Վերջինս տասը տարեկան հասակում հիվանդությունից մահանում է: Մեծ քեռիս զորակոչվում է բանակ, սկսվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը և նա այլևս տուն չի վերադառնում: Անհայտ կորածների ցուցակում էր, սակայն տարիներ անց իր համազինակիցը մեզ գտնելով ասաց, որ նա զոհվել է Դնեպրի գետանցման ժամանակ՝ Կերչում:
23.06.1941թ. պապիս ձերբակալում և աքսորում են Կասպից ծովից այն կողմ՝ դեպի Ղազախստան, այն ասածի համար, որ «…թուրքի ճամփան բացվի՝ առաջինը ես կվերադառնամ Վան…»: Տատիկս, լինելով լավ դերցակ, պապիկիս իրերի մեջ դրել է բարձրորակ կոստյումներ: Ականատեսների խոսքերով՝ նավի վրա նրա վրա գողեր են հարձակվում, խլում են իրերը և իրեն նետում են ծովը: 1959թ. իր նկատմամբ հարուցված գործը ռեաբիլիտացիայի է ենթարկվում և նա արդարացվում է:
Ամերիկա մեկնած պապիկիս եղբայրը՝ Գալուստ Էյնաթյանը, ունենում է որդի Վազգեն անունով, որն իր հերթին ունենում է երեք տղա՝ Կարլ, Մարկ, Հարրի անուններով: Մորաքրոջս ընտանիքը ապրում է Բուլղարիայում՝ Վառնա քաղաքում, այնտեղ ունեմ երկու քույր ՝ Գասպարյան Անահիտ և Գասպարյան Նաիրա: Իսկ մայրս ուներ երեք աղջիկ՝ Սաղաթելյան էրմոսա Օնիկի, Սաղաթելյան Սուսաննա Օնիկի և ես՝ Սաղաթելյան Թերեզա Օնիկի»: