Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրիկ Մխիթարյանի պատմությունը
1904 թ., Մուշ, Բուլանլուղ
Հռիփսիմե Գասպարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նրանց հորը թուրքերը սպանել են հենց մոր աչքի առաջ: Ընտանիքում 5 երեխա է եղել, սակայն գաղթի ճանապարհին 3-ը մահացել են, իսկ մի քույրն էլ մնացել է գետի մյուս ափին և չի կարողացել հասնել մորը:
«Ես պատմում եմ հորս պապիկի՝ Հայրիկ Մխիթարյանի (Գասպարյան) ընտանիքի պատմությունը: Գասպար Մխիթարյան (ծնվ.1881թ.) և Մարիամ Մխիթարյան (ծնվ.1888թ.) ամուսինները եղել են Հայրիկի ծնողները: Նրանք հինգ երեխա են ունեցել՝ երեք տղա և երկու աղջիկ: Ապրել են Մուշի Բուլանլուղ գյուղում: Գասպարը բարձրահասակ, վայելչակազմ տղամարդ էր, տեղի հարգված և սիրված հայերից, երգիչ: Գասպարի երգի սիրահարների թվում էին նաև թուրքերն ու քուրդերը, նրա «Խորոտիկ Մայրո» կնոջը նվիրված երգը սիրված է մինչ այսօր: Մարիամը գեղեցիկ էր, սև ու խոշոր աչքերով, փարթամ, երկար վարսերով:
1914-ի ձմռան վերջն էր, երբ Մուշի կայազորը փաշայի հրամանով ներխուժում է Բուլանլուղ և հավաքում թվով մոտ 40 հայ տղամարդու և վերջիններիս ընտանիքների աչքի առջև դաժանաբար սպանում: Գասպարին մինչև սպանելը առաջարկում են 2 տարով կնոջը տալ թուրք փաշային և փաշան կխնայի նրա կյանքը, սակայն Գասպարը հրաժարվում է իր պատիվը տալ կյանքի դիմաց: Նրան հրամայում են երգել իր կյանքի մայրամուտի վերջին երգը և կնոջ աջքի առջև սրախոխող անելով գցում կիսամեռ տղամարդկանցով լի փոսը:
Մարիամի մայրն օգնում է աղջկան և թոռներին փախչել և թաքնվել քուրդ հարևանուհու տան բազմաշերտ վերմակների ծալքերի տակ, իսկ ինքը մնում է տանը և մնացած կանանց և երեխաների հետ նետվում է տեղի մարագներից մեկը և կենդանի այրվում: Մարիամը երկար չի կարողաում թաքնվել քուրդ հարևանուհու տանը և ստիպված է լինում հեռանալ: Նա կտրում է վարսերը, դեմքին մուր քսում և մի քանի ամիս շարունակ 5 երեխայի հետ տեղից տեղ թափառում՝ սովալլուկ հայացքով օգնության դուռ փնտրելով: Ճանապարհին աղջիկ երեխայից կրտսերը մահանում է` չդիմանալով ցրտին և սովին: Հայրիկ պապը, որն այդ ժամանակ 11 տարեկան է եղել, հիշում էր նաև, որ գաղթական հայերի շարքերում տեսել են կիսախելագարված Կոմիտասին, որը գետնից հող էր վերցնում և լցնում գլխին: Նա երբեք չէր մոռանում նաև, թե ինչպես էր տնքում հողը կենդանի թաղված հայերի բաց վերքերից: Մարիամը բազմիցս ցանկացել է նետվել Եփրատը, սակայն ավագ դուստրը՝ 9 ամյա Սադաֆը, թույլ չի տվել: Արդեն ապրիլի վերջին նրանք ապաստան են գտնում Մուրատ կոչվող քրդական գյուղում, մի քրդի տանը, որը համաձայնվել էր ժամանակավոր տանիք տալ ոսկե քյամարի դիմաց: Այդ ընթացքում երեխաներից երկուսը հիվանդանում են կարմրուկ հիվանդությամբ և մահանում: Մայիս ամսվա կեսին լուր է հասնում, որ ռուսական մի գունդ է եկել օգնության և մազապուրծ եղած հայերին երիտթուրքական զինվորների ուղեկցությամբ տանում են դեպի Մուրադ գետը: Մարիամն իր ողջ մնացած զավակների՝ Հայրիկի և Սադաֆի հետ, նույնպես միանում է գաղթականների մեծ խմբին: Երբ հասնում են գետի մոտ, Մարիամին է մոտենում մի քուրդ տղամարդ և խնդրում Մարիամին, որ Սադաֆը գնա և խնամի սայլի վրա գտնվող փոքրիկ երեխաներին, մինչ կինը երկունքի մեջ էր:
Մարիամը մեծ դժկամությամբ, բայց թույլ է տալիս աղջկան գնալ: Երբ ճանապարհը բացվում է գետի միջով, մայրն անընդհատ նայում էր քուրդի դանդաղ շարժվող սայլին: Եվ դեռ նոր էին անցել գետի մյուս ափը, երբ հանկարծակի երիտթուրքական զինվորները հայտարարեցին փակել ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն անցել Մուրադ գետի մյուս ափը: Այդ պահին բազմաթիվ մարդիկ իրենց նետում են գետը և կարծես մի պահ գետի հոսքը կանգ է առնում: Իսկ գետի մյուս ափին Մարիամն էր ողբում, աղեկտուր աղաչում ռուս զինվորներին հետ բերել իր փոքրիկ Սադաֆին:
Ավա~ղ ոչ ոք չի հասկանում խեղճ մոր լեզուն: Երեք օր ու գիշեր մայրը գալիս է գետի մոտ լալիս, բալիկին է սպասում, մինչ ռուսական զորքը փրկված հայ գաղթականների հետ տեղափոխում է Լենինական, Գյումրի: Այնտեղ ապրում էր Մարիամի եղբայրը՝ Հաջի Գևոն: Մարիամն ու Հայրիկը այնտեղ ապրում են 3 տարի, այնուհետև տեղափոխվում Վարդենիսի շրջան, Մաքենիս գյուղ: Իսկ հաջորդ սերունդներին տալիս Գասպարյան ազգանունը: Հետագայում Սադաֆը պատմում է, որ իրեն քրդի ձեռքից վերցնում է թուրք փաշան և տանում իր տուն, սակայն փաշայի կինը շատ դաժան է գտնվում փոքրիկ Սադաֆի հանդեպ: Մի օր աղջիկը փախչում է անտառ, որ ինքնասպան լինի, սակայն ճանապարհին հանդիպում է փաշային, խնդրում, աղաչում է նրան իրեն բաց թողնել:
Փաշան համոզվում է և Սադաֆին հանձնում Բեյրութում գտնվող ամերիկյան որբանոց: Որբանոցում Սադաֆը հանդիպում է իր բախտակից Մուշի Քորխակ գյուղից Տիգրան Տերտերյանին: Երբ լրանում է Սադաֆի 18 տարին, Տիգրանը և Սադաֆն ամուսնանում են: Բեյրութի որբանոցը նրանց ուղարկում է Ֆրանսիա, Մարսել քաղաք: Մայր և դուստր երկար տարիներ փնտրում են միմյանց, բայց չեն գտնում: 1948-ին Սադաֆը ֆրանս-հայկան մամուլին է դիմում, որի միջոցով Մարիամ տատը համոզվում է, որ դուստրը ողջ-առողջ է: Մայրն այդքան տարի չէր կարողացել իրեն ներել աղջկան գետի մյուս ափին թողնելու համար:
1950-ին Մարիամ տատը նամակ է ուղարկում Բեյրութի հայկական եկեղեցի: Այնուհետև դիմում է հայ մամուլի օգնությանը. Սադաֆի լուսանկարն է տպագրվում թերթում, որտեղ նշվում է մոր և եղբոր գտնվելու հասցեն: Այսպիսով Սադաֆը նույնպես տեղեկանում է ընտանիքի մասին և լուր ուղարկում, որ հերթագրվել է Հայաստան գալու համար: Ավաղ Սադաֆի հերթը հասնում է 5 տարի հետո՝ 1955-ին, երբ գալիս է Հայաստան հանդիպում է միայն եղբորը` Հայրիկին: Մարիամ տատը մահանում 1951թ-ին՝ սիրելի աղջկան կարոտ: Հայրիկ պապն էլ մահացավ 2004-ին՝ Էրգրից կարոտ»: