Ալաշկերտ
Բաբկեն Ղարիբյանի պատմությունը
Ալաշկերտ
Հռիփսիմե Ղարիբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի՝ պատմությունը: Պապը խաղաղ բնակիչ է եղել, երբ սկսվել է կոտորածը: Նա կնոջ և երեք երեխայի հետ բռնի վտարվել է հայրենի քաղաքից: Ճանապարհին սովից լաց լինող երեխայի լացը բարկացնում է կողքից գնացող թուրքին և նա, պոկելով երեխային մոր գրկից, նետում է քարերի վրա: Երեխան անմիջապես լռում է:
Իմ պապն Ալաշկերտ քաղաքի խաղաղ բնակիչ էր, երբ սկսվեց կոտորածը: Նա կնոջ և երեք երեխաների հետ բռնի վտարվել է հայրենի քաղաքից: Բացի մի քանի կտոր հագուստից և փոքր տոպրակ սնունդից թույլ չէին տվել ոչինչ վերցնել: Ճանապարհը դժվար էր, տանջալի և հոգնեցուցիչ: Մի քանի օրից սնունդը վերջանում է և փոքրիկ տղան սկսում է սովից լացել: Նա սոված էր և ուտել էր ուզում: Երեխայի լացը բարկացնում է կողքից գնացող թուրքին և նա պոկելով երեխային մոր գրկից, նետում է քարերի վրա: Երեխան անմիջապես լռում է: Մոր ողբը և պապիս գոռոցը գրավում է թուրք ասկյարների ուշադրությունը և նրանք հավաքվում են պապիս շուրջը:
Հարվածներ, հայհոյանք, ծեծ ու արյուն: Հրացանի կոթի մի քանի սաստիկ հարվածներից յոթ տարեկան տղան փռվում է գետնին:
Ամեն ինչ խառնվում է իրար: Մայրը կորստի ցավից կծկվում է: Աղջիկը փաթաթվում է մորը և ցավից ոռնում է: Պապս խելագարի նման գոռում և բղավում է: Թուրքերը նրա աչքի առաջ յաթաղանի հարվածներով սպանում են կնոջն ու աղջկան: Պապիկս ուշագնաց ընկնում է գետին, իր ընտանիքի անդամների արյան լճի մեջ: Ուսի հարվածից նա ուշքի է գալիս: Դա մի որբ երիտասարդ աղջիկ է լինում, որը հետագայում դառնում է իմ տատիկը: Ցավով, զրկանքով, սով և տանջանք հաղթահարելով՝ նրանք հասնում են Հայաստան: Այստեղ ամուսնանում են և ունենում չորս երեխա, որից մեկն իմ մայրն էր: Իսկ պապիս կորցրած հարազատների անունները հիմա կրում են նրա զավակներն ու թոռները: