կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 13:44
Իրավական

Պապիս 4 եղբորը գնդակահարել են թուրքերը, 2 քրոջը՝ առևանգել

Պապիս 4 եղբորը գնդակահարել են թուրքերը, 2 քրոջը՝ առևանգել

Հովհաննես Սողոմոնյանի պատմությունը

1898 թ., Մուշ

Արմինե Առաքելյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի և պապի պատմությունը: Նրանք ծանոթացել են գաղթից հետո արդեն Արևելյան Հայաստանում: Իսկ մինչև այդ յուրաքանչյուրն անցել է դառնություններով ու փորձություններով լի բռնագաղթի ճանապարհով ու միայն հրաշքով կենդանի մնացել:

 

«Հովհաննեսն ու Սիրանուշը ծանոթացել են բռնագաղթից հետո՝ հրաշքով փրկվելով մահից. իմ ուժեղ ու նուրբ տատիկը և իմ իմաստուն ու անսահման բարի պապիկը: Նրանց սերն ու փոխադարձ հոգատարությունն այդպես էլ իրենց հետ մնացին մինչև վերջ: Տատիկս առաջինը մահացավ, և պապիկս 3 տարի սգում էր նրա մահը: Ես երբեք այլևս չեմ եղել նման պայծառ սիրո, նման հոգատարության և հարգանքի ականատեսը: Ինձ մոտ չեն մնացել ընտանիքիս լուսանկարները կամ որևէ այլ նյութական հետքեր, մնացել են միայն հիշողություններս և մի տուփ՝ լի բարակ դպրոցական տետրերով, որոնք գրոտված են պապիկիս մանր ձեռագրով՝ նրա չտպված գիրքը, նրա օրագրերը:

 

Ես կպատմեմ այն, ինչ հիշում եմ, այն ինչ նրանք պատմել էին իրենց մասին: Բոլոր հայերի բախտը մինչև Ցեղասպանությունը և Ցեղասպանությունից հետո բաժանած 1915-ին պապիկս 18 տարեկան էր, տատիկս՝ 21:

 

Հովհաննեսի պատմությունը.

 

Պապիկիս հայրը՝ Գևորգը, կռվում էր հայ կամավորական զորքերում, որոնք պաշպանում էին Մուշն ու այլ հայկական համայնքները, նրա հետ էին նաև նրա 5 որդին:Այս մեծ ընտանիքից փրկվել են միայն Գևորգն ու նրա կինը, կրտսեր դուստր Հասմիկն ու Հովհաննեսը՝ որդիներից կրտսերը: 4 որդուն գնդակահարել էին թուրքերը, 2 դստերը՝ 13 և 15 տարեկան, առևանգել էին. նրանց այդպես էլ չգտան ոչ կենդանիների, ոչ էլ մահացածների մեջ: Ընտանիքին հաջողվել է հասնել Արևելյան Հայաստան: Նրանք բնակություն են հաստատել Սառնաղբյուր գյուղում, Ալեքսանդրապոլից (այժմ՝ Գյումրի) ոչ շատ հեռու: Բնակության վայրը պատահական չէր ընտրված: Նրանք մոտ էին սահմանին, որպեսզի հնարավորության դեպքում կարողանային վերադառնալ հայրենի հողեր:

 

Տարիներն անցնում էին, իսկ այդ հույսը հետզհետե մարում, սակայն ոչ մեծ պապիկս, ոչ էլ նրա դուստրը չփոխեցին այդ սառը, դաժան վայրում բարդ կյանքը քաղաքային կյանքով: Ես հիշում եմ մեծ պապիս՝ Գևորգին, երբ հագնում էր ազգային տարազը և բարձրանում գյուղի ամենաբարձր բլուրը, որտեղից տեսանելի էր Արարատը, վերադառնում էր սև ամպից էլ մռայլ, ապա երգում հայրենասիրական երգերն ու լացում… այդ ուժեղ, ամրակազմ ու թիկնեղ տղամարդը լացում էր երեխայի պես: Այդ գյուղ էին բերել նաև Գևորգի ընտանիքից միակ փրկվածին՝ նրա փոքր եղբայր Ենոքին: Ասում են՝ նա դպրոցի լավագույն աշակերտն էր, սակայն խելագարվել է՝ տեսնելով դպրոցում թուրքերի իրականացրած վայրագությունները: Ես հիշում եմ՝ նա ամեն օր գնում էր Սբ Գևորգ եկեղեցի: Երեխաները, իհարկե, վազում էին նրա հետևից՝ տեսնելու՝ ինչ էր նա անելու այդ տարիներին երկրաշարժով ավիրված ու լքված եկեղեցում: Ես հիշում եմ՝ նա փորձում էր կարգի բերել ներսը, հավաքում էր այս ու այն կողմ ցրված քարերը, շարում միայն իրեն հասկանալի հերթականությամբ, ավլում խորանի մոտ գտած թղթերն ու ճյուղերը: Երբ հանկարծ եկեղեցու ներս էին թռչում աղավնիները, նա, գոռալով և ծածկելով գլուխը, ընկնում էր գետնին և փորձում ինչ-որ ճեղքի մեջ մտնել, անտեսանելի դառնալ ինչ-որ երևակայական թշնամու համար:

 

Գևորգն ուժեղ ու աշխատասեր մարդ էր, նա գյուղում ալրաղաց կառուցեց ու այգի տնկեց: Այդ ցուրտ վայրում, որտեղ ոչինչ չէր աճում, նա խնամում էր ծառերը, ինչպես սեփական երեխաներին: Այգին սկսեց փթթել, ցորենը՝ աճել: Կյանքը, կարծես, կարգավորվում էր: Սակայն Երևանից մարդիկ եկան և ոչնչացրին ալրաղացն ու այգին: Դժվար է պատկերացնել՝ ինչպես էր դա տարել Գևորգը: Նրան Սիբիր չուղարկեցին. հավանաբար այդ գյուղից վատ տեղ գտնելը հնարավոր չէր: Միայն կասեմ, որ մինչև 20-րդ դարի 70-ական թվականներն այդ գյուղում ոչինչ չէր աճում բացի կաղամբից ու գազարից: Այժմ միայն եկող սերունդներին հաջողվել է աճեցնել ցորեն, խնձոր ու տանձ: Գյուղում վաղուց չեմ եղել, ոչ պապիկս կա, ոչ նրա քույր Հասմիկը: Նրանց երեխաներն էլ տեղափոխվել են Երևան, միայն ավագ որդին է ընտանիքով հանդերձ մնացել պահակ այն վայրում, որտեղից մոտ է Մուշի իրենց տունը: Երբեմն երազում տեսնում եմ մեծ պապիս՝ ազգային տարազով, և լսում նրա՝ մարդկությամբ ու ողբերգությամբ լի երգերը:

Սիրանուշի պատմությունը.

 

Նրա պատմությունն այլ էր: Նա ծնվել է 1895-ին Ալաշկերտում (Էրզրումի վիլայեթ): Դարբինյանների ընտանիքը մեծ էր ու երջանիկ. Սիրանուշը 4 եղբայր ուներ՝ Հմայակը, Հրանտը, Իշխանն ու Սեդրակը, և 3 քույր՝ Արուսյակը, Աստղիկն ու Էմման: Նրա հայրը՝ Հարությունը, զբաղվում էր առևտրով. Թիֆլիսից Ալաշկերտ ապրանքներ էր տեղափոխում: Նրա մանկությունը հնարավորին չափ երջանիկ էր: Նա 14 տարեկան էր, երբ նրան առևանգել են: Նրան տարան Պոլիս, որտեղ էլ վաճառեցին: Նրա կարծիքով՝ դա մահից էլ վատ էր: Նա մտածում էր, որ կօտարանա ընտանիքի համար: Մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան հետևում էին և թույլ չտվեցին անել դա: Նրա բախտը բերել է: Իրեն գնող թուրքը տարել է նրան իր տուն, տատիկս նրա միակ կինն էր, կրոնափոխ չէր եղել, դուստր էր ունեցել, ում Սոնա էր կոչել: Բայց չեմ հիշում, որ նա երբևէ ասեր այդ թուրքի անունը: Նա ատում էր նրան. դա միակ բանն է, որ գիտեմ նրա մասին:

 

Սիրանուշը ոչինչ չէր պատմում Պոլսում իր կյանքի մասին: Սովորել էր ծխել և ծխում էր մինչև իր վերջին օրերը:  Ծխելը Պոլսի մասին վկայող միակ հետքն էր իր կյանքում: Նրա հորը հաջողվել էր գտնել նրան, գաղտնի կապ հաստատել հետը, և կինն ապրում էր մի օր ընտանիքի հետ միավորվելու հույսով: 6 տարի անց՝ 1914-ին, թուրքն ասել է նրան, որ «մեծ իրադարձություններ» են սպասվում, և նա չի կարող պաշտպանել ոչ նրան, ոչ էլ երեխային:

 

Թուրքը տվեց Սիրանուշին պատկանող բոլոր թանկարժեք իրերն ու կապ հաստատեց նրա ծնողների հետ՝ խնդրելով հետ ընդունել նրան և երեխային, մինչդեռ նախապապերս դա կանեին առանց նրա խնդրանքի: Նա ասել էր՝ երբ ամեն ինչ հանդարտվի, նա կվերադառնա իր հետևից: Փառք Աստծո, ամեն ինչ այնքան հանդարտ չէր, որ նա նրանց վերադարձներ: Այդ ժամանակ Սիրանուշը 20 տարեկան էր, և երեխայի հետ միայնակ ճանապարհ ընկավ: Նա հասավ Թիֆլիս, սակայն միակ բանը, որ մնացել էր, երեխան էր ու իր հագի զգեստը: Ընտանիքն անասելի երջանիկ էր, որ բոլորը կենդանի ու անվնաս են, սակայն որոշ ժամանակ անց հայերի համար Վրաստանում վտանգավոր դարձավ, և նրանք ճանապարհ ընկան: Ճանապարհին կորցրին Սեդրակին, հետո պարզվել է, որ նրան փրկել էին ամերիկացի միսիոներներն ու տարել ԱՄՆ: Նրանք կրկին հանդիպեցին 60-ականներին: Սիրանուշի դուստր Սոնան ճանապարհին հիվանդացավ և մահացավ:

 

Ճանապարհը նրանց տարավ նույն գյուղ այն նույն հույսով, որ գյուղը մոտ է սահմանին:

 

Այդ գյուղում էլ հանդիպեցին Սիրանուշն ու Հովհաննեսը: Նրանք ամուսնացան 1921-ին. Սիրանուշը 26 տարեկան էր, Հովհաննեսը՝ 23: Նա  չվախեցավ կնոջ անցյալից, ինչը պարզապես հեղափոխական էր այդ տարիների համար: Կինը դժվարությամբ համաձայնվեց ամուսնանալ. Հովհաննեսը 3 տարով փոքր էր նրանից: Սակայն նրանց սերը, իսկապես, շատ լուսավոր և ուժեղ էր: Նրանք երեք որդի ունեցան, որոնցով կարող էին հպարտանալ: Նրանք միասին եկան սկզբում Գյումրի, ապա 1949-ին՝ Երևան: Դժվարություններն ու բարդությունները շատ էին, սակայն հավատարմությունն ու ընտանեկան ամրությունը թույլ է տվել հաղթահարել ամեն ինչ, և երբ ես հետ եմ նայում, հիշողություններս լուսավոր են:

 

Հիշում եմ նաև տատիկիս քույրերի և եղբայրների պատմությունները: Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր է և արժանի պատմվելու: Եթե ես պատմեի բոլոր այդ պատմությունները, նրանք կլինեին սիրո մասին, հիշելու և չչարանալու կարողության մասին, ապրելու ցանկության և կյանքին ուրախանալու մասին: Նրանց բախտը բերել է… նրանք փրկվել են և արժանավայել ապրել իրենց կյանքը: Նրանց շնորհիվ է, որ «ընտանիք» բառն ինձ համար պարզապես բառ չէ: Ես մեծ և բարյացակամ ընտանիք եմ տեսել: Ես տեսել եմ Ցեղասպանությունն ապրած մարդկանց սերունդների անծայր բարությունը»: