կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 17:13
Հասարակություն

Իմ ցեղի երիտասարդ աղջիկներին բռնաբարում էին, որովհետև մահն ավելի հեշտ էր. ցեղասպանություն վերապրած կնոջ ելույթը հուզեց բոլորին

Իմ ցեղի երիտասարդ աղջիկներին բռնաբարում էին, որովհետև մահն ավելի հեշտ էր. ցեղասպանություն վերապրած կնոջ ելույթը հուզեց բոլորին

Այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում հուզիչ ելույթ ունեցավ Ռուանդայի թութսի ցեղախմբին պատկանող Էսթեր Մուջավայոն, ով հրաշքով ողջ է մնացել, վերապրել ցեղասպանության ծանր ապրումներն ու կորուստները, քանի որ սպանել են նրա ամուսնուն, հորը, քրոջը, մորաքրոջը, հորաքրոջը, սկեսրարին, սկեսրոջը:

 

«Իմ բախտը բերեց, և ես ողջ մնացի իմ երեք փոքրիկ դուստրերի հետ»,- ասաց նա:  Ապա հավելեց. «Ես եկել եմ Հայաստան որպես քույր, ցավի քույր, որին թիրախավորել էին ցեղասպանության համար, այսինքն` դու պետք է մահանաս, քանի որ ծնվել ես որպես թութսի: Ես կրում եմ վերապրողի դրականը, տոկունությունը, դա նման է ծառի, երբ կտրում են ծառի բոլոր ճյուղերը, բայց արմատները կան, ու տեսնում ես ճյուղերը, որոնք նորից կաճեն, ու նորից տերևներ կլինեն: Հիմա ես տեսնում եմ այս գեղեցիկ կամավոր հայ աղջիկներին` գեղեցիկ վզնոցներով: Ու հիշում եմ իմ ցեղի երիտասարդ աղջիկներին, որոնց բռնաբարել են, որովհետև չէին ուզում սպանել, դա ավելի հեշտ էր, ահա, թե ինչու բռնաբարում էին, վարակում ՄԻԱՎ-ով, որ դանդաղ մահանան: Եվ մեր ցեղի կանանց 70 տոկոսը վարակված էր ՄԻԱՎ-ով»:

 

Կինը նշեց, որ իրենց ցեղասպանության ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնտեղ էր և զեկուցել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա ցեղասպանություն կլինի, բայց ոչ ոք ոչ մի բան չարեց` դա կանխարգելելու համար: «Որովհետև քաղաքական կամք գոյություն չուներ, ու դու զգում ես, որ դու արժեք չունես, չունես այն արժեքը, որը ունի մեկ այլ ազգի մարդ: Երեք ամսում սպանեցին մեկ միլիոն թութսիների: Ու դու զգում ես, որ դատարկ ես, մենակ ես, ոչ մեկին չունես: Բայց չէ՞ որ ես ինչ-որ մեկի կինն էի, քույրն էի, հիմա այդ բոլորն այլևս գոյություն չունի, ու դու պետք է ապրես մահացած հարազատներիդ հիշողությամբ, թե ինչպես են նրանք սպանվել»,- ասաց Էսթեր Մուջավայոն և սկսեց լաց լինել:

 

Այնուհետև նա պատմեց, թե ինչու է ամբիոնին մոտեցել երկար կտորով փաթաթված, որովհետև իրենց ցեղի կանանց մերկացրել են, բռնաբարել ու, մերկ թողնելով, սպանել: Ու այդ պահերին ամեն մեկը երազում էր, որ իր դուստրը, մայրը կամ տատիկը մերկ չլինի: «Այնքան անարդար է. սպանել են ժողովրդին, կանանց վարակել ՄԻԱՎ վարակով, ու երբ մենք գնացինք վկայություն տալու, որ դեղեր ստանանք, մեզ ասացին, որ վերապրողների համար դեղեր չկան»,- ասաց կինը:

 

Նրա ելույթից հետո երկարատև ծափողջույններ հնչեցին, ոմանք նույնիսկ հոտնկայս էին ծափահարում: