Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերգինե Մայիկյանի վկայությունը
Մարաշ, 1898թ.
Վերգինե Մայիկյանը պատմում է, որ երբ թուրքերը հարձակվել են Մարաշի վրա, 2000-ից ավելի մարդ պատսպարվել է Քառասուն Մանկանց եկեղեցում, որն ամենամեծն էր և ամենաապահովը: Գիշերը թուրքերը բարձրացել են եկեղեցու կտուրը և նավթոտած վառվող շորի կտորներ նետել գմբեթից ներս:
«Մարաշը իմ և իմ ամբողջ գերդաստանի ծննդավայրն է: Հայրս` Թորոս էֆենդին, որը զբաղված էր ուսուցչությամբ, նաև իրավաբանական գործերով, ազգային-քաղաքական կյանքի երևելիներու շարքին կպատկաներ: Շատ ժամանակ հայերի և թուրքերի մեջ ծագած վիճաբանությունների ժամանակ հորս կդիմեին:
Մենք հպարտ էին մեր փոքր քաղաքով, ուր հարազատ էր ամեն մի քարը: Մարաշն ուներ մոտ յոթանասուն հազար բնակիչ, որի քառասուն հազարը հայեր էին, իսկ մնացածը` թուրք, պարսիկ, արաբ, հույն և ասորի: Հայ լուսավորչականներն ունեին մի քանի եկեղեցի` Ս. Սարգիս, Ս. Գևորգ, Ս. Աստվածածին և ամենամեծը` Քառասուն Մանկանցն էր, կային նաև կաթոլիկներ ու բողոքականներ: Մեր խաղաղ կյանքը տևեց 1918-1920 թիվը, քանի դեռ ֆրանսիական իշխանությունը Կիլիկիայումն էր: Ֆրանսիական ու հայկական թերթերը միշտ գրում էին, որ Ֆրանսիան հավիտյան Կիլիկիայում կմնա, որովհետև Ֆրանսիայի հեղինակությունն Առաջին համաշխարհային պատերազմեն վերջը բարձրացել էր, իսկ Թուրքիայինը` ընդհակառակը: Բայց այդ խաղաղությունը, ափսո՜ս, երկար չտևեց:
Կամաց-կամաց զգացինք, որ թուրքերը կսկսեն ատել մեզի: Օր մըն ալ ելանք, որ ֆրանսիացիները իրենց ձիերուն սմբակներուն տակը քեչե կապեր են և սուս ու փուս հեռացեր են Մարաշեն: Առտուն էլանք, զարմացանք, քանի որ ոչ ոք լուր չուներ այդ մասին: Նույնիսկ հայտնի Հակոբ աղա Խրլաքյանին անգամ, որ ամբողջ ֆրանսիական բանակին պարենը ձրի ինքն էր մատակարարում, ժեներալ Դյումոնը ոչինչ չէր հայտնել իրենց հեռանալու մասին: Այնպես որ, 1920-ի սեպտեմբերին ֆրանսիական զորքն այլևս Մարաշում չէր: Թուրքերը երևի առաջվնե լուր ունեին, քանի որ գիշերները հրացաններ կպայթեին այս ու այն կողմը, կվախցնեին մեզի:
Ամուսինս տեսավ, որ օրեօր վիճակը ծանրանում է, ադամանդե մատանին փոխեց, դեմը երկու հատ հրացան առավ, մեկը` իր համար, մեկն ալ իր եղբոր` Գևորգին համար: Բայց երբ որ մեր դրացի Կարապետ աղայենց դեպքը պատահեցավ, բոլորն ալ ինքզինքնուն եկան: Կարապետ աղան շատ հարուստ, շատ վարպետ կոշկակար էր: Մարաշի երիտթուրքերուն առաջնորդ Ջութքի էֆենդիի կոշիկները ինքը կկարեր և միշտ իրեն ապահով կզգար: Բայց քանի որ ինքը զենք չուներ, չկրցավ պաշտպանվիլ: Գիշեր մը պարտեզին դարբասը կոտրելով թուրք խուժանը ներս կխուժե, տուն կմտնա, մեծեն մինչև պզտիկը կմորթե ու պարտեզի մեջի ջրհորը կլեցնե, ունեցվածքն ալ իրար մեջ կբաժնեն: Աս դեպքերեն վերջը հայերը սկսան ինքնապաշտպանության մասին մտածել: Կիներուն և երեխաներուն, ապահովության համար, փոխադրեցին Քառասուն Մանկանց եկեղեցին, որը եկեղեցիներեն ամենամեծն էր և ամենաապահովը, քանի որ պարիսպով շրջափակված էր: Հոն փոխադրեցին մեր շրջանի բոլոր կիները, հարսնացու աղջիկները և երեխաները, ամբողջը` երևի երկու հազար հոգիեն ավելի մարդ: Ասեղ նետելու տեղ չիկար: Խորանը, գավիթը, վերնատունը` ամբողջ լեփ-լեցուն էր: Մեր ֆեդայիները ամեն կողմեն կհսկեին: Բայց թուրք խուժանը կատաղած էր և հայու արյունի ծարավ էր. ամեն կողմե կլսվեին թուրքերուն ձայները. – Հանու՜ն Մուհամեդի սրբազան ուխտի, պիտի ջարդենք բոլոր հայերուն:
Օրին մեկը Քառասուն Մանկանց եկեղեցիին շուրջը թուրք զինված խուժանը շղթայի պես շրջապատեց և օղակի մեջ առավ. դռները բացել անգամ չթողեցին, ասում էին` իբր գիշերը պիտի դուռը բացեն, հրամանն այդպես է:
Քառասուն Մանկանց եկեղեցին շինված էր բարձունքի վրա: Մի քանի հարյուր մետր ճամփան որձաքարերով սալահատակված էր, որի լայնքը ձախեն աջ հազիվ չորս մետր կըլլար, երկու կողմը ծառերով:
Եկեղեցիին մեջը լցված հայերը կսպասեին, որ գիշերը պիտի դուռը բանան, բայց գիշերվա ժամը տասը, տասնմեկ, տասներկու եղավ, դուռը բացող չկա: Հայ ժողովուրդը մեջը լիքը. ո՜չ ջուր կա, ո՛չ լույս, ամեն ինչ մեջը` ալ մեկը` կուլա, մյուսը` կողբա, մեկալը` կաղոթե: Մեկ խոսքով, չտեսնված իրարանցում: Անոնց ձայները մենք լսում էինք մեր տունին նկուղեն, ուր մենք ալ պահմտած էինք: Մեյ մըն ալ պզտիկ լուսանցքեն տեսանք, որ գիշերվա ժամը մեկ անց կեսին քանի մը թուրք եկեղեցիին կամարաձև կտուրին վրա են բարձրացած, նավթոտած վառվող շորի կտորները նետում են եկեղեցիին գմբեթեն ներս…
Խանձահոտը աշխարհը բռնեց: Եկեղեցիեն եկող ձայները մարդու սիրտն էին փլում: Հազարավոր ձայներ պոռում, գոչում, աղերսում էին` դուռը բացել, անոնց ձայները կարծես գետնի տակեն կուգային, երկրաշարժի տնքոցի պես հառաչում էին, այնքան բարձր, որ մինչև մեզի էր հասնում արձագանքը, որը ժամ առ ժամ գնալով ավելի էր նվազում…: Բայց մարդկանց ոսկորների այդ խանձահոտը ամեն տեղ էր…
Հրեշներն իրենց ընելիքը ըրեր էին: Ալ ոչ ոք ողջ կար եկեղեցու և մեր տուներուն շրջակայքում: Եկեղեցիին մեծ քարերով սալահատակված տարածությունը, որը մի քանի հարյուր մետր էր, կարծես օճառի հաստ շերտով էր ծածկված. մոտ երկու մատ հաստությամբ մարդկանց ճարպը հալեր, հոսեր էր ու թանձրացեր…
Առաջին գացողներուն ոտքերուն հետքերը ծեփվում էին այդ ճարպի շերտի վրա, ինչպես ձյունի վրա… Մեյ մըն ալ տեսանք, որ թուրքի կնիկները ձեռքերնին մեկ-մեկ մաղ առած` դեպի եկեղեցի են վազում: Մենք հեռվից դիտում էինք, բայց ես չդիմացա, ուզեցի երթալ, տեսնալ հոն կատարվածը: Հագա ֆարաջայի պես բան մը, գլխուս ալ չարշաֆ մը անցուցի, քիթս-բերանս փակեցի, արդեն թուրքերեն շատ աղեկ կխոսեի և վստահ էի, որ ինքզինքս չեմ մատներ: Ես ալ էլա ճամփա ընկա դեպի մեր Քառասուն Մանկանց եկեղեցին, որի մրոտված պատերն էին մնացել կիսավեր վիճակում, իսկ դռան տակից մարդկանց հալած յուղը հոսել էր բարձունքեն վար… ոտքս կոխում եմ` կպնում է, մյուս ոտքս կոխում եմ` կպնում է…: Վերջապես տեսա քովես թուրք կին մը գնում է` մաղը ձեռքին, ինձ տեսնալով, ըսավ. – Բաջի՛, ինչու՞ հետդ մաղ չես վերցուցած:
Ես առանց շփոթվելու ըսի. – Կվերադառնամ, կվերցնեմ:
Նա էլ ծիծաղելով ըսավ. – Վերադարձեդ վերջ ալ ի՞նչ կմնա…
Արդեն երրորդ օրն էր, բրուտի փուռի պես կարմրած պատերը դեռ տաք էին: Ներս մտա եկեղեցի, ի՞նչ տեսնամ: Թուրք կնիկները ամեն մեկը մի տեղամաս էին զավթել ու իրար չէին թողնում միմյանց սահմանը մտնել ու իրար վրա բղավում էին. – Ով իմ սահմանը մտնա, կսպանե՜մ…
Ինձի հետ եկող թուրք կնիկը ինձ դառնալով ըսավ. – Եթե գյավուրը պիղծ է, անոր ոսկին մաքուր է…:
Տեսնալը արժեր, թե այդ հրեշի կերպարանքով կնիկները ինչպե՜ս էին ուրախանում, երբ մաղված մոխիրի մեջեն հալած ոսկիի կտոր մը կգտնային…»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 259, էջ 460-461:
Աղբյուրը` armeniangenocide100