կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 15:28
Տնտեսական

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման վերաբերյալ առաջիկայում հնարավոր է հայտարարություն լինի

Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման վերաբերյալ առաջիկայում հնարավոր է հայտարարություն լինի

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նախագահի ներկայացրած` ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված` Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման ֆինասնավորման համար Եվրասիական բանկի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին Իրանի հետ կապվող ավտոճանապարհի մասին, որը Հայաստանը կդարձնի տարանցիկ երկիր՝ սևծովյան նավահանգիստները կապելով Միջին Արևելքի հետ:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ միայն ավտոճանապարհը նման նպատակի համար բավարար չէ, և որ անհրաժեշտ է ունենալ նաև երկաթգիծ: Սակայն, ըստ նրա, վերջերս ռուսական կողմն ասել էր, որ Հայաստան-Իրան երկաթգիծը տնտեսական առումով իր իմաստը կորցրել է: Պատգամավորը հարցրեց, թե Հյուսիս-հարավ ծրագիրն արդյո՞ք վնասել է երկաթգծի կառուցման ծրագրին:

Փոխնախարարը պատասխանեց, որ մի ծրագրի իրականացումը չի վնասի մյուսի իրականացմանը, քանի որ երկաթուղու կառուցումը միտված է այլ բեռների տեղափոխմանը: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հայտարարությանը, նշեց, որ ռուսական կողմը նաև մեկ այլ հայտարարություն է արել, որ ռուսական կողմը կասկածի տակ չի դնում երկաթուղու կառուցումը: «Մեկը մյուսին չի խանգարում, մենք ձեռնամուխ ենք լինելու երկաթուղու կառուցմանը և առաջիկայում հնարավոր է հանդես գանք հայտարարությամբ»,- ասաց Առաքելյանը:

Թևոն Պողոսյանն արձագանքեց, որ ճիշտ չէ՞ր լինի սկսել երկաթգծի կառուցումից, հետո անցնել ավտոճանապարհի կառուցմանը:

Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ երկաթգծի կառուցման հարցում կարևոր է Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումը, որովհետև երկաթուղին նախատեսվում է կառուցել մասնավոր ներդրումներով, ինչի համար էլ կարևոր գործոն է դառնում Իրանի նկատմամբ սահմանափակումների վերացումը:

«Գիտեք, որ թանկ ծրագիր է երկաթուղու կառուցման ծրագիրը: Նախարարությունը պատրաստել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն. անհրաժեշտ են բարդ ինժեներական լուծումներ, 100 կմ թունելի կառուցում, որոնք ենթադրում են մեծ ֆինանսական միջոցներ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ կարևոր է, որ ակտիվանան բիզնես ծրագրերը, և լինեի կանխատեսվող բեռների տեղափոխում, որպեսզի երկաթուղու կառուցումն իրականություն դառնա: