կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 15:40
Հասարակություն

Հայաստանի և Չինաստանի վարչապետերը քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու հարցը

Հայաստանի և Չինաստանի վարչապետերը քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու հարցը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:
Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու իր հրավերը ընդունելու և Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Նա բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության էլ ավելի զարգացմանը և ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-չինական կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Փաստելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, Հայաստանի և Չինաստանի վարչապետները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել և նոր թափ է հաղորդել հայ-չինական համագործակցության զարգացմանը:«Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև հանդիպման արդյունքների հիման վրա մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջխաղացման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Երկու երկրների վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում կարևոր է համարվել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, և զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար): ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը իր հերթին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե քաղաքական, թե տնտեսական և թե հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, և Չինաստանը պատրաստ է խորացնելու և ամրապնդելու դրանք։ 

Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: