կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 17:45
Տնտեսական

Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման հուշագրի պատճառով Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը չեղյալ չի համարվի. Երվանդ Զախարյան

Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման հուշագրի պատճառով Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը չեղյալ չի համարվի. Երվանդ Զախարյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց էներգետիկայի նախարարությանը: Նա նշեց, որ այսօր, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել, բոլոր հարևան երկրները ջանում են Իրանի հետ զարգացնել հարաբերություները տնտեսության ոլորտում: Վրաստանը արդեն կարողացել է Իրանի հետ պայմանավորվել իրանական գազի մուտքն ապահովելու ուղղությամբ, և հնարավոր է, որ տարանցիկ գազը Հայաստանով անցնի: Վրաստանը պայմանավորվել է նաև վիզային ռեժիմի մասով: Ռուսաստանը զարգացնում է Իրանի հետ թե ռազմական թե առևտրատնտեսական ոլորտներում: Ադրբեջանն այսօր արդեն համաձայնության է եկել երկաթուղու կառուցման մասով, ինչը մտահոգիչ կարող է լինել Հայաստանի համար: «Այս ամենի ֆոնին Հայաստանի քայլերը կամ տեսանելի չեն, կամ բավարար չեն: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որ Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնա: Եվ հնարվո՞ր է, որ Հայաստան-Իրան երկաթուղին այլևս իրականություն չդառնա»,- հարցրեց պատգամավորը:

 Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց հարցին` ասելով, որ կառավարությունը Իրանի հետ ունի ծավալուն ծրագրեր, այսօրվա իրավիճակով աշխատանք է տարվում նոր ծրագրերի զարգացման ուղղությամբ:  Նախարարը նշեց, որ վերջերս էլ Սերժ Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցութուն, և կա նախագահի հստակ ցուցումը, որ Իրանի հետ ավելի խորացվեն հարաբերությունները տնտեսության բոլոր բնագավառներում: Նախարարը մատնանշեց, որ ներկայումս կառուցվում է էներգետիկ համակարգում երրորդ գծի շինարարությունը, նաև Մեղրի-Ագարակ համայնքների գազաֆիկացման աշխատանքներն են տարվում: Ստորագրվել է հուշագիր Իրանի ու Հայաստանի երկաթուղիների միացման հետ կապված, ՀՀ գյուղնախարարությունը նույնպես ակտիվ աշատանքներ է իրականացնում գյուղոլորտում լրացուցիչ ծավալներ ներգրավելու ուղղությամբ: «Կա առաջարկություն` Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասով: Ինչ վերաբերում է գազաֆիկացման աշխատանքներին Վրաստանի ու Իրանի միջև, ապա դրանք դեռ բանակցությունների փուլում են, որևէ վերջնական լուծում չկա: Էլեկտրաէներգիայի տարանցիկ աշխատանքի հետ կապված դեռ դեկտեմբերին եղել է քառակողմ հանդիպում»,- ասաց Երվանդ Զախարյանը:

 Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց, որ իրեն մտահոգում է Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման մասին համաձայնագրի ստորագրումը: «Իրան-Հայաստան ծրագիրը ուժի մե՞ջ է դեռ, Իրանին արդյո՞ք անհրաժեշտ է Իրան-Հայաստան երկաթուղին»,- հարցրեց պատգամավորը:

 «Գազի տրանզիտի հետ կապված բանակցությունները շարունակվում են, դեռ որևէ լուծում չկա: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցին, հուշագիրը ստորագրվել է ընդամենը մեկ ամիս առաջ, չեմ կարծում, որ Իրանի պես հզոր պետությունը թույլ կտա ստորագրել հուշագիր, որը կարող է չեղյալ համարվել, ես այդ կարծիքին չեմ, դրանք օրակարգային հարցեր են թե Հայասանի թե Իրանի կառավարությունների համար»,- ասաց Երվանդ Զախարյանը: