Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
{ 60-ամյա Ծովինար Ստեփանյանն աշխատում է Նուբարաշենի (Սովետաշեն) աղբանոցում` աղբ է հավաքում: 2014-ի հունվարի 27-ին աղբանոցում մի հեռախոս է գտել՝ առանց հեռախոսաքարտի և մարտկոցի, արդյունքում` քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով վկա է դարձել: Բանն այն է, որ այդ հեռախոսը պատկանել է այս գործին մասնակիցներից մեկին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ քննվող այսօրվա դատական նիստում վկան հայտնեց, որ հեռախոսը գտնելուց հետո տվել է հարևանի տղային, որ քարտ դնի մեջը՝ տեսնեն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Երեխան էլ, ըստ վկայի ցուցմունքի, հեռախոսաքարտը դրել ու զանգահարել է ԼՂՀ-ում ծառայող իր եղբորը, ինչից հետո տղայի հեռախոսահամարին են զանգահարել Ազգային անվտանգության ծառայությունից:
«Էդ երեխու հետ գնացինք ԱԱԾ, պարզվեց, որ հեռախոսը հետախուզման մեջ էր ու կոդավորված»,- ասաց կինը և հավելեց, որ այդ հեռախոսով զանգ է կատարվել փետրվարի 1-ին:
Զարմանալիորեն այսօրվա նիստին ներկայացել էին մոտ մեկ տասնյակ վկաներ, մինչդեռ նախորդ նիստերը հետաձգվում էին հիմնականում նրանց չներկայանալու և ծանուցումների հետ կապված խնդիրների պատճառով: Այսօրվա նիստում վկայություն տվեցին «Տրիումֆ» սրճարանի անվտանգության աշխատակիցները, որոնք մինչև դեպքն աշխատել են Իսրայել Սարգսյանի ենթակայության տակ և հանդիսացել Գոռ Վարդայանին պատկանող` դուքենդո կարատեի ֆեդերադիայի անդամներ:
Աշխատակիցներից Արթուր Փափուջյանը հայտնեց, որ Իսրայել Սարգսյանը միշտ հետևողական և ուշադիր է եղել ֆեդերացիայի նկատմամբ: Նա նշեց, որ հունվարի 27-ին՝ կիրակի օրը, երեկոյան Իսրայելն այցելել է սրճարան, սակայն, ըստ նրա, դա զարմանալի չէ, քանի որ նա պարբերաբար երեկոներն այդ ժամերին եկել է սրճարան:
Հիշեցնենք, որ ժամանակին yerkir.am- ը «Իսոն թիկնապահնե՞ր է «մատակարարել» նախագահին» հրապարակման մեջ անդրադարձել էր Իսրայել Սարգսյանի՝ «Տրիումֆ»-ում աշխատելու հանգամանքին, սակայն yerkir.am-ի հետ զրույցում սրճարանի տնօրեն Գագիկ Թեհմուրադյանը կտրականապես հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ Իսոն ընդամենը իրենց հաճախորդն է:
Ինչևէ, այսօրվա նիստում հարցաքննվեցին այնպիսի վկաներ, ովքեր ընդհանրապես առնչություն չեն ունեցել այս գործով մասնակից անձանց հետ, սակայն հանգամանքների բերումով հայտնվել են վկայի կարգավիճակում: Օրինակ ՝ Ռուզաննա Հարությունյանը, ում անձնագրի տվյալներով հեռախոսահամար է գնել գործում կարևոր մասնակցություն ունեցող անձանցից մեկը: Սակայն աղջիկը դատարանում հայտարարեց, որ տեղյակ չէ և ինչ-որ մեկին չի տվել անձնագիրը՝ հեռախոսահամար գնելու համար: Աղջիկը հայտնեց, որ կասկածներ ունի, որ իր տվյալները վերցրել են անձնագիրը տարբեր տեղերում պատճենահանելու արդյունքում:
Գործի հետ բացարձակապես կապ չունեցող մեկ այլ վկա էլ էլեկտրիկ Հրանտ Ստեփանյանն էր, որին դատակոչել էին, քանի որ Իսրայել Սարգսյանի կողմից իբրև թե սպանված Մովսես Ներսիսյանի հեռախոսահամարների մեջ նրա համարն էին գտել:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանի միջոցով է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ հետո Մոսոյին սպանել և նետել է Քանաքեռավանի դիտահորը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև Մովսեսի համադասարանցին՝ Ռուբեն Մասուրյանը: Նա հայտնեց, որ Մոսոյի հետ բավական մտերիմ է եղել, վերջին անգամ տեսել է 2014-ի հունվարի 24-ին՝ իր ծննդյան օրը:
Վկա` ԱԱԾ ծառայող Սմբատ Ղազարյանն էլ հայտնեց, որ ճանաչել է և\' Իսրայել Սարգսյանին, և\' Մովսես Ներսիսյանին: Նա պատմեց, որ Իսոյի հետ ժամանակին բռնցքամարտ է պարապել, իսկ Մովսեսն իրեն աշխատանքի հարցով էր դիմել: «Շատ հարցերով անհանգիստ էր, բարձր վարձատրվող աշխատանք էր ուզում, բայց ով իմանում էր իրա անցյալը, չէր ուզում աշխատանքի ընդունել»,- ասաց նա:
Այսօրվա նիստում դատակոչվել էր նաև Իսրայել Սարգսյանի աները, ով, սակայն, օգտվելով քրեական դատավարության օրենսգրքով իրեն տրված իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ դստեր ամուսնու դեմ:
Այսօրվա վկայություններից ուշագրավ էր ԴՕՕՍԱՖ-ի հրաձգարանի պետի տեղակալ Ալեքսանդր Մելիք-Ստեփանովինը: Նա հայտնեց, որ Մովսես Ներսիսյանին ճանաչել է ներքին զորքերից, որտեղ Մովսեսը եղել է վաշտի հրաձիգ, հետո՝ ծառայության է անցել ՕՄՕՆ-ում: «2013-ի ամռանը զանգահարեց, ասաց, որ ընկերը զենք է առել, ուզում են գան, կրակեն, ես էլ համաձայնեցի: Երկու անգամ է եղել՝ մեկը` ամռանը, մյուսը` նոյեմբերին. կրակել է որսորդական հրացանից, քանի որ հաճախորդներին այլ հրացանով չի թույլատրվում կրակել»,- պատմեց վկան և հավելեց, որ իրենց մոտ ատրճանակով կամ այլ տեսակի հրազենով կրակելու իրավունք ունեն միայն ուժային կառույցների, այդ թվում` ԱԱԾ-ի, պաշտպանության նախարարության, ներքին զորքերի ծառայողները:
Ուշագրավ է, որ, ըստ նախաքննության, Մովսես Ներսիսյանը, նախքան Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելը, զենքը փորձարկել է հիշյալ հրաձգարանում, սակայն այս վկայի ցուցմունքից ստացվում է, որ նա իրավունք չուներ ատրճանակ փորձարկելու:
Գործով վկա` հրաձգարանի պահակը նույնպես հաստատեց, որ իրենց մոտ սովորական քաղաքացիներն իրավունք ունեն կրակելու միայն որսորդական հրացանից: Նա նշեց նաև, որ իրենց մոտ են կրակում ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները: «Ստեփանովը զանգեց, ասաց` ընկերն է գալու՝ կրակելու: Մովսեսը «Մերսեդես»-ով էր, եկավ, ասաց՝ ուզում է մենակ մնալ»,- ասաց նա:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի հարցին՝ արդյոք «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցի ձայն լսել է, վկան պատասխանեց՝ ոչ, որսորդական հրացանի ձայն էր:
Սա առիթ հանդիսացավ, որպեսզի դատախազը միջնորդի՝ հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որում վկան գրել էր, որ ատրճանակի ձայն է լսել: Սակայն վկան պնդեց դատարանում տված ցուցմունքը:
Փաստորեն, եթե այս հանգամանքը հաստատվի, կստացվի, որ մինչ ԱԱԾ աշխատակիցները, հրաձգարանում կրակելով, հանցագործներին վնասազերծել են սովորում, նրանց հետ «կողք կողքի» հանցագործը սպանության հմտություններ է ձեռք բերում:
Այս գործով մեկ այլ վկայի՝ սպանված Արթուր Սաֆարյանի ընկերոջ և ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի վեճին կարող եք ծանոթանալ այստեղ:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ