կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 15:00
Հասարակություն

Քաղաքացիները պետք է ներկայացնեն էլեկտրաէներգիայի թանկացումը շրջանցող այլընտրանքները

Քաղաքացիները պետք է ներկայացնեն էլեկտրաէներգիայի թանկացումը շրջանցող այլընտրանքները

Ակտիվիստները բողոքում են, որ էլեկտրաէներգիայի թանկացման  որոշումը կայացնելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չգնաց բանակցությունների: Այսօր լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անկախ մարմին չէ, այլ մարմին է, որը հրամաններ է ստանում նախագահից կամ քաղաքական որևէ ուժից և դադարում է ներկայացնել հանրության շահերը, որովհետև իր գործառույթն արդեն անպիտան է:

 

Վարդան Հարությունյանը առաջարկում է, որ քաղաքացիներին թույլ տան առաջ քաշել էլեկտրաէներգիայի հետ կապված այլընտրանքային  առաջարկություններ:

 

«Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխանությունն այլընտրանք չունի, և մենք առաջարկում ենք, որ այն մարդիկ, ովքեր ունեն այլընտրանքային տարբերակներ, թույլ տան, որ նրանք կարողանան գործել»,- ասաց նա:

 

Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ  առաջին հերթին պետք է սակագների բարձրացման և այլ խնդիրների պատճառների մասին խոսել: «Մենք կարող ենք հայտարարել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև նա իր գործառույթը չի իրականացնում»,- ասաց նա` հավելելով` քանի որ կառույցը չի իրականացնում իր գործառույթները, անընդհատ նման երևույթները` թանկացումները, պետք է կրկնվեն: «Իրականում այդ հանձնաժողովի գործառույթն է սակագներ սահմանելուց առաջ լսել սպառողներին, լսել ընկերություններին, բանավեճ կազմակերպել սպառողների և ընկերությունների միջև և նոր որոշում ընդունել: Սակայն այդ կառույցը  արգելեց սպառողների ներկայությունը թանկացման մասին որոշում կայացնելիս»,- նշեց Գրիգորյանը: