կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 12:32
Հասարակություն

Լիսկայի վերաբերյալ հարցերի պատասխանները արդարադատության նախարարը «լղոզեց»

Լիսկայի վերաբերյալ հարցերի պատասխանները արդարադատության նախարարը «լղոզեց»

Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին՝ մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով հանցագործության իմիտացիա տեսնո՞ւմ է:

 

«Եթե ես այդ հարցին պատասխանեմ` միամիտի տպավորություն չե՞մ թողնի ձեզ վրա»,- ասաց Հովհաննես Մանուկյանը, ապա շարունակեց. «Լուրջ իրավաբանը՝ նախարարարի պաշտոն զբաղեցնող, կարո՞ղ է նման հարցի պատասխանել այսպիսի սիրողական մակարդակով»:

 

Ըստ նրա` հարցին՝ արդյո՞ք հանցագործության բեմականացում տեսնում է, թե՞ ոչ, չի կարող պատասխանել: «Դիլետանտական կստացվի` լրատվության միջոցներով ստացված ինֆորմացիայի հիման վրա նման բան ասեմ ձեզ»,- նշեց Մանուկյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` արդյո՞ք, որպես կառավարության անդամ, հետաքրքրվել է մեկ այլ անդամի` իր գործընկերոջ հետ կապված դեպքով , նախարարը պատասխանեց. «Իմ գործընկերները նախարարներն են»:

 

Հարցին՝ հավատո՞ւմ է արդար քննությանը` հաշվի առնելով հասարակության անվստահությունը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին չի պատժվի, և այն, որ նա վկայի կարգավիճակում է, այս ամենն ի՞նչ է թույլ տալիս մտածել, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Թույլ է տալիս հույս ունենալ, որ քննությունը կգնա իր տրամաբանական ավարտին` և' օրենքի տեսակետից, և' ճշմարտության»:

 

Հարցին, թե ի՞նչն է թույլ տալիս հույս ունենալ, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իմ լավատեսությունը և նվիրվածությունը երկրին»: