կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 15:05
Քաղաքական

Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները․ փոխոստիկանապետը՝ կալանավորների նկատմամբ կիրառված բռնության մասին

Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները․ փոխոստիկանապետը՝ կալանավորների նկատմամբ կիրառված բռնության մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում հետաքրքրվեց ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից, թե օրերս դատարանի նկուղում ոստիկանների կողմից կալանավորների նկատմամբ կիրառված բռնության համար որևէ մեկը ենթարկվե՞լ է պատասխանատվության: Փոխոստիկանապետը պատասխանեց, որ չի կարող հստակ ասել՝ եղե՞լ է միջադեպ, թե՞ ոչ:

Հարցը շարունակեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Չե՞ք կարծում, որ շատ վատ է, երբ ոստիկանությունը դեպքի ահազանգից 24 ժամ հետո դեռ չի կարող ասել` միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել, այնտեղի վարչակազմն ինձ հավաստիացրել էր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք վերադարձել են դատավարությունից, մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գնդի գումարտակի հսկողության տակ: Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով` վերադարձել: Սյս փաստը Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է»,- հարցրեց նա:

Պատգամավորը նշեց, որ եթե ոստիկանությունը հերքում է, որ նման բան է եղել, ապա գոնե պետք է վարկած ունենա, թե որտեղի՞ց են այդ վնասվածքները հայտնվել:

Փոխոստիկանապետը նշեց, որ նախ պետք է պարզել` ունե՞ն այդ անձինք վնասվածքներ, թե՞ ոչ, և եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն: «Դա միայն դատաբժիշկը կարող է ասել, ուրիշ ոչ ոք»,- ասաց նա` ընդգծելով, որ նախաքննությունը կտա հարցերի պատասխանները:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Էդ տրամաբանությամբ` ոստիկանության «02» հաղորդումը փակեք, ասեք` ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի, ինչ է եղել: Երբ հարցն ընդդիմությանն է վերաբերում, կիլոմետրանոց հաղորդագրություններ, սցենարներ եք գրում՝ ստեղից մտել են, զենք-զինամթերք... Բա էն ժամանակ ինչի՞ չեք ասում` նախաքննությունը կպարզի»:

Փոխոստիկանապետին դուր չեկավ «02»-ը փակելու առաջարկը, նա արձագանքեց. «Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որ հաղորդումը պիտի փակենք»: