կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 13:08
Քաղաքական

Արմեն Մարտիրոսյանը լղոզեց ՕՐՕ դաշինքի գաղափարախոսության մասին հարցը

Արմեն Մարտիրոսյանը լղոզեց ՕՐՕ դաշինքի գաղափարախոսության մասին հարցը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալուն: Նա նշեց, որ թեև դեռ չեն ստացել Փոստանջյանի դիմումը, սակայն նա արդեն իսկ հայտարարել է, ինչին էլ իրենք հարգանքով են վերաբերվում:

«Խորին հարգանքով եմ վերաբերվում նրա այդ քայլին, նրա դուրս գալը ծափողջյուններով չէ, որ կարելի է ընդունել, սակայն համամիտ չեմ, որ հեռացել ենք մեր գաղափարներից ու սկզբունքներից»,- ասաց Մարտիրոսյանը, ապա հավելեց, որ միայն բարին կարող է մաղթել Զարուհի Փոստանջյանին:

Նա նաև վստահություն հայտնեց, որ քաղաքական կյանքը այնպիսի բան է, որ իրենց և Զարուհի Փոստանջյանի ճանապարհները կրկին կարող են խաչաձևվել, քանի որ պայքարի բազում բևեռներ կարող են լինել:

Դիտարկմանը՝ շատերը հենց «Ժառանգություն» ասելիս Զարուհի Փոստանջյան են հասկանում, հիմա ո՞վ է «Ժառանգությունը», Մարտիրոսյանը պատասխանեց. «Այն կուսակցականներն են, որոնք այս տարիներին, առանց ակնկալիքների, լուռումունջ ապահովել են, որ ունենանք հայտնի դեմքեր: «Ժառանգությունը» նաև Րաֆֆի Հովհաննիսյանն է»:

Ինչ վերաբերում է դաշինքի ցուցակի առաջին հսմարին, Մարտիրոսյանն ասաց, որ եթե տիկին Փոստանջյանը լիներ իրենց հետ, կհավակներ դաշինքի ցուցակը գլխավորելուն, բայց նա ի սկզբանե մերժում էր ամեն ինչ:

«Սեյրան Օհանյանի անձը քննարկելը ճիշտ չէ, որևէ մեկը չի եղել, որ ցանկանա առաջինը լինել: Օհանյանի հետագիծը քաղաքական հետագիծ չէ, անկախ նրանից` ով է եղել իշխանության մեջ, նա բանակի մեջ է եղել: Չեմ սրբացնում նրան, սխալներ ունեցել է, արդեն իսկ` որ իշխանության մեջ է եղել, դա արդեն սխալ է, ուղղակի կա համեմատության խնդիր, նայում ենք դրականը ու բացասականը, տեսնում ենք, որ դրականը մեծ է պարոն Օհանյանի մոտ»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին՝ ո՞րն է ձեր դաշինքի գաղափարական հենքը, Մարտիրոսյանն արձագանքեց. «Հենքն այն է, ինչ մենք նախկինում արել ենք, երբ տարբեր ժամանակներ համագործակցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ` Դաշնակցության, ՀԱԿ-ի, նաև` քառյակ-եռյակի շրջանակներում: Հենքը երկիրն այս ճահճային վիճակից հանելն է: Հենքը 48 հազար արտագաղթածներն են: «Ժառանգության» համար միշտ էլ կարևորը գաղափարական հենքն է եղել»: