կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 16:42
Տնտեսական

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցում ներքին որոշում է կայացվել

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցում ներքին որոշում է կայացվել

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԾԿՀ-ն արդեն սկսել է հայտի ուսումնասիրման գործընթացը: Սակագնի վերանայման կարգի համաձայն` նախատեսված է մինչև 80 աշխատանքային օրվա ժամկետ: Այդ 80 օրվա մեջ ներառված է 5 օր` հայտի փաթեթի ուսումնասիրության ժամկետ, որից հետո հանձնաժողովի նիստում հայտը դրվում է քննարկման, քվեարկությամբ էլ որոշում է կայացվում սակագնի վերաբերյալ: Քվեարկելուց ու հաստատելուց հետո սահմանվում է նոր սակագին:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` թեեւ նոր սակագնի սահմանման գործընթացը դեռ ավարտին չի հասել, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն համապատասխան որոշում կա. էլեկտրաէներգիայի թանկացումը մեր աղբյուրները անխուսափելի են համարում: Բայց, մյուս կողմից, վստահեցնում են, որ հնարավորության սահմաններում արվում է ամեն ինչ՝ թանկացումը մեղմելու համար: Այսպես` այս պահին դրությամբ, ելնելով հաշվարկներից, ներքին որոշում է կայացվել սակագինը բարձրացնել 6-7 դրամով: Ասում են՝ սա է այն ստորին սանդղակը, որից ներքեւ իջնել չեն կարող:

 

Նշենք, որ սակագնի բարձրացումը համապատասխան կառույցները պայմանավորում են երեք գործոնով՝ դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումներ, ներդրումների բացակայություն, որոշ ժամանակով ատոմակայանի աշխատանքի ժամանակավոր դադարեցում եւ այլն:

 

Ի դեպ, այն, որ ՀԷՑ-ի հայտն ամբողջությամբ չի բավարարվի, վկայում էր նաեւ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի երեկվա պահվածքը կառավարության նիստից առաջ: Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում նա ասել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որեւէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են` հայտն ավելի քան հիմնավորված է: Իսկ ո՞ւմ համար է հիմանվորված: Համենայն դեպս` ոչ մեր կառույցի համար»:

 

Չնայած այս ամենին` սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր քաղաքացիների համար 6-7 դրամ թանկացումն էլ է զգալի: