կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 15:20
Քաղաքական

Քառյակը հետևողական է լինելու էլեկտրաէներգիայի թանկացման հարցում, իշխանությունը պետք է այդ խնդիրը լուծի

Քառյակը հետևողական է լինելու էլեկտրաէներգիայի թանկացման հարցում, իշխանությունը պետք է այդ խնդիրը լուծի

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով երեկ մասնակցել էր ՀԾԿՀ նիստին, այսօր լրագրողներին ասաց, որ ՀԷՑ-ը վստահ էր, որ որոշումը կայացվելու է, իսկ հանձնաժողովի անդամները բացարձակ չմասնակցեցին քննարկմանը, չներկայացրեցին ոչ մի հիմնավորում: Այդ նիստին ներկա չէին կառավարությունից, ֆինանսների նախարարությունից, էներգետիկայի նախարարությունից: Ըստ պատգամավորի` կառավարությունը գիտեր, որ ՀԾԿՀ-ն քվեարկելու է էլեկտրաէներգիայի թանկացման օգտին, և այս ամենը փաստում է այն մասին, որ կայացված որոշումը քաղաքական է եղել:

 

Նա ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք ցույց են տալիս, որ էներգետիկ համակարգում լուրջ կոռուպցիոն դրսևորումներ կան: «Նույն մաֆիոզ համակարգն է կիրառվում, որը մենք հայտնաբերել ենք` գազի հարցերի հետ կապված: ՀԷՑ-ում աշխատավարձերը ընդհանուր թվով կազմում են 16-17 միլիարդ դրամ, և եթե միայն  մեկ երրորդով կրճատվի կա'մ աշխատողների թիվը, կա'մ աշխատավարձերի չափը, ապա խնդիրը լուծվում է: Ռեզերվները շատ են, մնում է քաղաքական խնդիր դնել, այլ ոչ թե դա բարդել ժողովրդի ուսերին»,- ասաց Արամ Մանուկյանը:


Նա նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում իրեն չի հաջողվել ճշտել ՀԷՑ-ի բարձրագույն ղեկավարության աշխատավարձի չափը, ոչ էլ նրանք երեկ պատասխանեցին այդ հարցադրումներին: Պատգամավորի  համոզմամբ` ՀԾԿՀ խնդիրը  ոչ թե թվեր նայելն է ու սուսիկ-փուսիկ իշխանության պատվեր կատարելը,  այլ ՀԷՑ-ի քաղաքականությունը կարգավորելը, աշխատավարձեր կարգավորելը, շահույթը, աշխատողների թվաքանակը:


«ՀԷՑ-ի ղեկավարները չեն պատասխանում աշխատավարձի վերաբերյալ հարցին, , որովհետև գիտեն, որ ամոթ է 37 տոկոս աղքատության պայմաններում խոստովանել, որ իրենք 40-50 հազար դոլար աշխատավարձ են ստանում: Իսկ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի առաքելությունն այն է, որ պետք է համապատասխանեցնի ՀԷՑ-ի ղեկավարության  ախորժակը ` տասնյակ հազարավոր դոլար աշխատավարձ ստանալու համար, քաղաքացու հնարավորությունների հետ: Ինչպե՞ս է գյուղի 47 տոկոս աղքատ բնակչությունը վճարելու ավելացող գազի ու էլեկյտրաէներգիայի դիմաց»,- ասաց Արամ Մանուկյանը:


Նա հավելեց, որ թե իր համար, թե իր գործընկերների համար անակնկալ է եղել երեկ ՀՇԿՀ-ի նիստում արված այն հայտարարությունը, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է գնում Վրաստանից, ոչ ոք դրա մասին չի իմացել, համենայն դեպս, խորհրդարանում:


«Քառյակը տեր է իր հայտարարությանը, հետևողական ենք լինելու, որովհետև գիտենք, որ կա տեղ` չթանկացնելու, համագործակցելու ենք հասարակական քաղաքացիական նախաձեռնությունների հետ, և համատեղ որոշումների արդյունքում կունենանք հայտարարությւոններ, որոշումներ, անելիքներ: Էլեկտրաէներգիայի հարցը մնում է քառյակի օրակարգում, իշխանությունը պետք է այդ խնդիրը լուծի»,- ասաց Արամ Մանուկյանը: