Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՀԾԿՀ շենքի մոտ արդեն հոծ բազմություն է հավաքվել: Ներկա են հարյուրին մոտ ՀՀ քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվիստներ, «Դեմ եմ»-ի անդամներ, քաղաքական գործիչներ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ի երիտասարդական թևը, ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ երիտասարդներ, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:
ՀԾԿՀ նիստն սկսվել է: Ոստիկանությունն արդեն իսկ փակել էր Երզնկյանի զառիթափը` ներքևից և վերևից, որտեղ և գտնվում է շենքը, այսինքն` փակ է Սարյան-Երզնկյան հատվածը: Ոստիկանությունը սահմանել է խիստ ռեժիմ` զառիթափով կարող են բարձրանալ միայն լրագրողները` իրենց լիազորագրերը ցույց տալուց հետո և քաղաքացիական ավտոմեքենաները: Պարբերաբար առաջանում են խնդիրներ ոստիկանության սահմանած խիստ ռեժիմի հետեւանքով: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք միշտ մասնակցել են ՀԾԿՀ նիստներին, այժմ ստիպված են երկար բացատրություններ տալ ոստիկանության ներկայացուցիչներին, որպեսզի թույլ տան բարձրանալ շենքի մոտ կամ մտնել ներս:
Անգամ լրագրողների համար կան խոչընդոտներ: «Հայկական ժամանակ»-ի թղթակից Հայկ Գևորգյանին թույլ չէին տալիս բարձրանալ և իր մասնագիտական աշխատանքը կատարել, որովհետև ոստիկանությունն սկսել է անտրամաբանական պահանջներ ներկայացնել, օրինակ` բարձրացեք աստիճաններով, այլ ոչ ճանապարհով, լրագրողները մի քանի քայլ վերևից թող նկարեն: Ոստիկանությունը խանգարում էր նաև Yerkir.am-ի լրագրողին, ասում էր` ոստիկանական շղթայից դուրս եկեք, նոր հարցազրույց վերցրեք:
«Պարո'ն Օսիպյան, ես քաղաքացի եմ, որն ուզում է գնալ A կետից B կետը, ինչո՞ւ եք սահմանափակումը իմ տեղաշարժը»,- այսպես դիմեց Օսիպյանին Հայկ Գեւորգյանը:
Այժմ ցուցարարները սուլոցներով պահանջում են բացել աստիճանները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց բողոքն արտահայտել շենքի առջեւ, սակայն, բնականաբար, ոստիկանությունը ընդառաջ չի գնում: