կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 11:25
Հասարակություն

Բողոքի ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Բողոքի ակցիա`  ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց` Գլխավոր փոստի շենքի մոտ, 12:30-ին ՀՀ քաղաքացիները հավաքվում են` իրենց բողոքն արտահայտելու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ: Ստեղծվել է ֆեյսբուքյան խումբ և նախաձեռնություն` «Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման» անունով:

 

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիները պետք է բարձրաձայնեն իրենց արդարացի պահանջի մասին, որովհետև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը որևէ լուրջ հիմնավորում չունի, և ներկայիս վատ սոցիալ-տնտեսական պայմաններում քաղաքացիների վրա որևէ սոցիալական բեռ չպետք է ավելանա:

 

«Այսօր դա է գերագույն նպատակը: Մենք սկսել ենք պայքարել, որովհետև մարդկանց վրա անհիմն ծախսեր են սկսել ավելանալ ինչ-որ սակագների միջոցով, բայց մարդիկ այլևս ի վիճակի չեն վճարել: Պետք է պայքարենք, որ սակագինը չբարձրանա և պահանջենք գործող սակագնի հիմնավորում, որովհետև անգամ գործող սակագինն է շատ բարձր»,- ասաց Հայկ Ավետիսյանը` հավելելով, որ ՀԾԿՀ-ն պետք է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կայացնի մինչև հուլիսի 1-ը, ուստի քաղաքացիները հնարավորինս շուտ պետք է բարձրաձայնեն իրենց բողոքի ձայնը:

 

Հայկ Ավետիսյանի խոսքով` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի բերած փաստարկները` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված,  բացարձակ հիմնավոր չէին: «Ինչ-որ ֆինասնական կայունության համար, ինչ-որ ծախսեր ունեն: Ծախսեր ունեն, թող իրենք իրենց ծախսերը հոգան, ՀԷՑ-ը ճգնաժամ ունի, պետք է հայ բնակչի հաշվի՞ն հոգան էդ ծախսերը: Այս տրամաբանությամբ որ գնա, վաղը կարող է էլեկտրաէներգիայի կիլովատտի դիմաց վճարենք, ասենք, 150 կամ 200, կամ 1000 դրամ, և նույն պատճառաբանությունները բերեն»,- ասաց Հայկ Ավետիսյանը:

 

Նա նշեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը մտածում է հետագայում բողոքի և անհնազանդության ակցիաներ իրականացնել:

 

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնությունը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «Դու ուզու՞մ ես հերթական անհիմն թանկացումը տեղի ունենա քո իսկ լուռ համաձայնությամբ: Եթե ոչ` ապա բարձրաձայնիր բողոքդ: Երկուշաբթի, հունիսի 23-ին, ժամը 12:30 տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք) Նշենք, որ շուտով պետք է լինի հանձնաժողովի նիստ, և փորձելու են թանկացման մասին վերջնական որոշում ընդունել: Մենք պետք է մեր բողոքը արտահայտեք, ճնշում գործադրենք, կանխենք անօրինական որոշման ընդունումը»: